Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար Քրիստոֆ Հոյսգենը հայտնել է, որ փետրվարի 16-18-ը կկայանա Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովը։ Ենթադրվում է, որ Հայաստանի վարչապետը նույնպես կմասնակցի այս համաժողովին, չնայած կառավարությունից
Oragir.News-ին հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցը դեռևս հստակեցված չէ։
Մյունխենի համաժողովը հիմնադրվել է 1962 թվականին՝ գերմանացի հրապարակախոս Էվալդ ֆոն Կլեյստի կողմից՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում: 1999 թվականից դրան սկսեցին մասնակցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների քաղաքական գործիչներն ու զինվորականները, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներ։
Ֆորումի շրջանակում ավանդաբար կազմակերպվում են քաղաքական գործիչների բազմաթիվ ոչ պաշտոնական և անձնական հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են անվտանգության քաղաքականության ոլորտում նոր նախաձեռնությունները: Նիկոլ Փաշինյանը 2020 և 2023 թվականներին մասնակցել է այս համաժողովին, որի շրջանակներում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև վերջինիս հետ պանելային քննարկման մասնակցել։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն ընդգծեց, որ Հայաստանն այս համժողովինց կարող է ակնկալել, որ իր կարծիքներն ու դիրքորոշումները կլինեն լսելի։ Նրա խոսքով՝ անվտանգության առումով խոսելու շատ բան ունենք, քանի որ, ցավոք սրտի, ՀՀ-ն այսօր այն երկրների շարքին է դասվում, որոնց անվտանգությանն ուղղված շատ լուրջ սպառնալիքներ կան՝ առաջին հերթին հարևանների՝ Ադրբեջանի կողմից։
«Մենք պարտավոր ենք գնալ Մյունխեն, այնտեղ ամենաբարձ մակարդակով մեր մտահոգությունները բարձրաձայնել, պարտավոր ենք ասել, որ Ադրբեջանը պատրաստվում է ՀՀ-ի նկատմամբ հարձակում գործել, ինչպես օգտագործել այդ հարթակը՝ մասնակից երկրների հետ երկկողմ շփումներ ունենալու համար, որոնք շահագրգռված են, որ այս տարածաշրջանում պատերազմ չլինի»,- նշեց նա։
Օրերս ԱՄՆ սենատոր Քրիս Վան Հոլենը հայտարարել էր, որ Վաշինգտոնի վարչակազմից հավաստիացումներ է ստացել առ այն, որ վարչակազմը կշարունակի զգուշացնել Ադրբեջանին՝ զերծ մնալ Հայաստանի դեմ ռազմական գործողություններից։ Հարցին, թե ԱՄՆ-ի զգուշացումները կարո՞ղ են զերծ պահել Ադրբեջանին Հայաստանի դեմ հարձակվելուց՝ քաղաքագետը պատասխանեց, որ Ալիևը 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ից հետո չի հարձակվել միայն մեկ հիմնարար պատճառով․ դրանք ԱՄՆ-ի և ԵՄ-ի զգուշացումներն են։
Քաղաքագետը կարծում է, որ եթե այդ զգուշացումները չլինեին, ապա թշնամին վաղուց հարձակված կլիներ։ «Այս առումով մեզ համար շատ կարևոր է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հետևողական լինեն այդ քաղաքականության մեջ և շարունակեն Ադրբեջանին նախազգուշացնել։ Սա կարճաժամկետ, իրավիճակային, բայց այնուամենայնիվ լուծում է։ Չեմ ասում, որ այս զգուշացումների վրա կարող ենք մեր անվտանգային քաղաքականությունը կառուցել, բայց այս փուլում, ցավոք սրտի, ավելի ռեալ հավաստիացումներ ու գործիքակազմ չունենք»,- ասաց նա։
Անրդրադառնալով Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո նոր հարձակման հնարավորությանը՝ մեր զրուցակիցն ասաց՝ չի սպասում, որ ընտրությունների ավարտից հետո Ալիևը հարձակման կգնա։ Նա նշեց, որ հարձակում ասելով նկատի ունի լայնամասշտաբ հարձակումը, իսկ սահմանային միջադեպերն ու սպանությունները չեն դադարի։
Դավիթ Ստեփանյանը Ադրբեջանի այս մոտեցումը չի պայմանավորում ՌԴ-ում մարտին կայանալիք նախագահական ընտրություններով, քանի որ դրանց արդյունքներն, իր համոզմամբ, կանխորոշված են՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հաղթելու է։ Ինչ վերաբերում ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք ընտրություններին, նա նշեց, որ դրանք Հայաստանի համար մեծ կարևորութուն ունեն, քանի որ եթե հաղթի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ապա այդ դեպքում ՀՀ-ն կարող է Ադրբեջանի հետ խնդիրներ ունենալ։
«Եթե Բայդենը վերընտրվի, և դեմոկրատները մնան իշխանության, ապա սա անգամներով բարձրացնում է հավանականությունը, որ տարածաշրջանում գոնե հարաբերական խաղաղություն կլինի և Ադրբեջանը հարձակման չի գնա»,- նկատեց նա։
Ճշտող հարցին, թե կարո՞ղ ենք ենթադրել, որ Բաքուն ամբողջ տարի տարբեր պատրվակներով կձգձգի խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը՝ Դավիթ Ստեփանյանը հակիրճ պատասխանեց. «Միանշանակ»։
Դավիթ Գույումջյան