copy image url
Միտք 3 ամիս առաջ - 09:45 02-02-2024

Այսօր կրկին մենք կանգնած ենք մեր պատմության նոր Ավարայրի առաջ․ Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրել է

«ՆՈՐ ԱՎԱՐԱՅՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Երբ 449 թվականին պարսից Հազկերտ Բ արքան պահանջեց հայ նախարարական տներից՝ դավանափոխ լինել, հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել զրադաշտական կրոնը, եղան նախարարներ, Սյունյաց իշխան Վասակի գլխավորությամբ, որոնք իրատեսորեն դատում էին, որ պարսիկները հայերից ուժեղ են, պետք է ենթարկվել նրանց պահանջին՝ հանուն խաղաղության և բարեկեցության, առավել ևս, որ Բյուզանդիայից օգնություն սպասել չէր ստացվում։

Ի հեճուկս այդ իրատես և խաղաղասեր նախարարների, հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը, նրան շրջապատող մի շարք ըմբոստ նախարարներ, և Հայ առաքելական սուրբ եկեղեցին, ընդվզեցին, և որոշեցին չենթարկվել Պարսից արքունիքի պահանջին։ 451 թ․ տեղի ունեցած Ավարայրի անհավասար մարտում Վարդանը զոհվեց, իր հետ էլ 1000-ից ավել հայ քաջեր, բայց պարսկական կորուստները այնքան մեծ էին, իսկ Ավարայրին հաջորդած հայկական դիմադրությունը՝ այնքան դաժան ու աննահանջ, որ 484 թ․ Պարսից արքունիքը ստիպված եղավ համաձայնվել հայերի պայմաններին, և Նվարսակի հաշտության պայմանագրով հրաժարվել դավանափոխության պահանջից ու հայկական իշխանություններին ինքնավարության բարձր մակարդակ տրամադրել կասրության կազմում՝ դրան հաջորդեց հայության երկու հարյուր տարիների խաղաղ և բարգավաճ կյանքը։

Ավարայրի մեծագույն հետևանքն այն էր, որ հայերը պահպանեցին իրենց հավատը և ինքնությունը, այլապես անձնատուր լինելով, նրանք գուցե և կփրկվեին անձնապես, բայց այսօր հայ ազգ այլևս գոյություն չէր ունենա, այն տարալուծված կլիներ օտարների հոծ բազմության մեջ։ Սա մեր սկզբունքային ընտրությունն էր՝ արված դեռևս 1600 տարի առաջ, և մեր պատմությունը դրանից հետո պարբերաբար մեզ կանգնեցրել է համանման ընտրությունների առաջ։ Յուրաքանչյուր անգամ մենք, ընտրելով մեր ինքնության և բարեկեցության միջև՝ ընտրել ենք ինքնությունը, թերևս տեսնելով դրանում աստվածային նախախնամություն և պատգամ։ Յուրաքանչյուր անգամ դրա համար թանկ գին ենք վճարել, սակայն և յուրաքանչյուր անգամ Աստված մեզ արդյունքում պարգևատրել է իր շնորհներով՝ մեր ուժի, կորովի և աննահանջ հավատի համար։

Այսօր կրկին մենք կանգնած ենք մեր պատմության նոր Ավարայրի առաջ։ Հարևան պետության բռնապետը անթաքույց պահանջում է հրաժարվել սեփական Անկախության հռչակագրից, և նրանում ամրագրված ազգային իղձերից և նպատակներից՝ փաստացի, մեր հավատից և ինքնությունից։ Նրա տեղական կամակատարը, առանց ամոթի նշույլի, տառացիորեն նույն օրը հայտարում է, որ մենք պետք է հրաժարվենք մեր Անկախության հռչակագրից, եթե ցանկանում ենք կաշիներս փրկել բռնապետի զորքերից։ Ոչ մի խոսք պատվի, արժանապատվության, հավատի, մեր ազգի պատմական առաքելության մասին՝ միայն թուլամորթ բարբաջանք, միայն խեղճություն, միայն վախ՝ ուղղված իր պես թուլամորթներին, նրանց վախերին, նրանց խեղճությանը։ Հերթական անգամ պատմությունը մեր ազգին կանգնեցնում է ընտրության առաջ՝ ինքնության և առերևույթ (իրականում կեղծ) բարեկեցության միջև, և հերթական անգամ փորձության ենթարկում մեր հավատը։

Իմ համար այս ընտրությունը միարժեք է։ Կյանքը իմաստ չունի առանց հավատ, արժանապատվություն ու պատիվ։ Կյանքը մեզ չի տրվում՝ մեր գրպանները և փորը լցնելու համար, այլ հավատալու, պայքարելու, սովորելու և ստեղծելու։ Ես իմ ու սերունդներիս հավատալու, պայքարելու, սովորելու և ստեղծելու իրավունքը պաշտպանելու եմ ցանկացած գնով, և ընտրում եմ մեր նոր Ավարայրը։ Յուրաքանչյուրիդ էլ կոչ եմ անում ձեր ընտրությունը կատարել, ինքնության այս ճակատամարտն արդեն սարերի ետևում չի»։