Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:00 12-08-2025

Հայաստանն այսօր կանգնած է իր պատմության ամենավտանգավոր հանգրվանի առաջ

Վաշինգտոնում արդեն նախաստորագրվել է այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը, որը ներկայացվում է որպես «խաղաղության» հաստատում, սակայն իրականում ամրագրում է Հայաստանի կողմից Ադրբեջանի բոլոր պահանջների ընդունումը։

Ես կանդրադառնամ միայն ամենախնդրահարույց կետերին։ Ուզում եմ հստակ ասել՝ ես պատերազմ չեմ ցանկանում, ինչպես և որևէ նորմալ մարդ, և ցանկանում եմ շեշտել, որ հենց այս փաստաթուղթն է, որ իր բովանդակությամբ մեզ տանելու է նոր պատերազմի։

Այս փաստաթուղթը արդեն բերում է հետևանքներ, որոնց մասին ամիսներ շարունակ զգուշացրել էինք։ Միջանցքը՝ արդեն տրված է, և թող որևէ մեկը չփորձի ինձ համոզել հակառակում։ Ինչքան էլ կրկնեք ինքիշխան կամ իրավազոր բառերը, միևնույն է, «անխոչընդոտ անցում» բառակապակցությունը փչացնում է ձեր հեքիաթը։

Հաջորդը՝ Սահմանադրական փոփոխությունները, որոնք Ալիևը բաց տեքստով պարտադրում է, իսկ իշխանությունները փաստացի ընդունում են։ Ալիևն անձամբ հայտարարել է, որ Հայաստանը ունի «տնային աշխատանք»՝ Սահմանադրությունը փոփոխելու տեսքով, իսկ Նիկոլը համաձայնվել է դրան։

Սահմանադրության փոփոխության պահանջը հարված է Հայաստանի ինքնիշխանությանը։ Որևէ անկախ պետություն չի կարող թույլ տալ, որ իր հիմնական օրենքի բովանդակությունը որոշի այլ երկիր, առավել ևս՝ թշնամի պետությունը։ Եթե այս իշխանությունը շարունակի գործել նույն ձևով, Հայաստանը կորցնելու է ոչ միայն տարածքներ, այլև իր ազգային ինքնությունը և պետական հիմքերը։

Այսպես կոչված «խաղաղության համաձայնագիրը» ոչ թե փոխզիջում է, այլ բացահայտ պարտադրանքի փաստաթուղթ։ Բաքուն հայտարարում է, որ «բանակցությունները ավարտվել են»։ Իրականում Հայաստանը պարզապես ընդունել է Ադրբեջանի բոլոր պահանջները՝ առանց որևէ երաշխիքի սեփական անվտանգության կամ իրավունքների համար։

Սա արդեն ընթացիկ գործընթաց է։ Արցախի հանձնումը, միջանցքի տրամադրումը և Սահմանադրության փոփոխության պատրաստակամությունը միասին ձևավորում են Հայաստանի պետականության կազմաքանդման քարտեզը։

Հատկապես վտանգավոր է համաձայնագրի 15-րդ հոդվածը, որը պահանջում է մեկ ամսվա ընթացքում հետ կանչել և չեղարկել բոլոր միջպետական հայցերը, գանգատները և վարույթները միջազգային հարթակներում։

Սա Հայաստանի քաղաքական և իրավական ինքնասպանությունն է։ Դրանով իշխանությունը ոչ միայն զրկում է Հայաստանը միջազգային պաշտպանության վերջին գործիքներից, այլև օրինականացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական շանտաժը։ Այս քայլը վերացնում է հայկական դիվանագիտության վերջին պաշտպանական գիծը։

Իրավական պայքարը քաղաքական և ռազմական դիմադրության անբաժան մասն է։ Դրանից հրաժարվելով՝ Հայաստանը դառնում է անպաշտպան օբյեկտ ապագա տարածքային և քաղաքական նոր պահանջների համար։

Այս փաստաթուղթը չի բերում խաղաղություն։ Այն ամրագրում է Հայաստանի քաղաքական, տարածքային և իրավական նահանջը՝ թշնամու թելադրանքով։ Ու հենց այն պատճառով, որ ես և հազարավոր մարդիկ չենք ուզում պատերազմ, մենք պարտավոր ենք բարձրաձայնել այս փաստաթղթի վտանգները, որովհետև դրա ստորագրումը հենց այն ուղին է, որը մեզ կտանի դեպի նոր պատերազմ։

Արդյո՞ք ինչ-որ մեկը դեռ կասկած ուներ, որ այս ընթացքն այլ ավարտ էր ունենալու։ Մենք նախազգուշացրել էինք, որ այս գործընթացը կանգ չի առնելու միայն «խաղաղության» անվան տակ Արցախի հանձնմամբ։ Մենք ասել էինք, որ Հայաստանի հերթն է, բայց պատասխանը նույնն էր՝ լռություն։

Այսօր լռության գինը դարձել է ազգային խայտառակությունը։ Բայց հիշե՛ք՝ թուրքի կամակատար իշխանությունները չեն կարող հավերժ մնալ։ Հայաստանը դեռ ունի պայքարելու վերջին հնարավորությունը, և սա պատմության այն շրջափուլն է, երբ անգործությունը կամ լռությունը հավասարազոր են դավաճանության։

Խաղաղությունը, որը հիմնված է նվաստացման և ադրբեջանական կամքի պարտադրման վրա, պատերազմից չի տարբերվում։ Հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը խաղաղություն չէ, այլ պետականության լուծարում՝ իշխանության դավադիր համաձայնությամբ, մեզ արդեն հայտնի սցենարով...

Պատահական չէ, որ այս փաստաթղթում որևէ բառ չկա Բաքվում պահվող ռազմագերիների և Արցախյան ղեկավար կազմի մասին, ինչպես նաև չկա քարտեզ, որով Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքը։ Այս ամենից հետևում է միայն մեկ բան՝ պետք չէ հուսահատվել, պետք է պայքարել և բարձրաձայնել ձեր ընկերների, հարազատների միջավայրում, որ սա խաղաղություն չի բերելու, ինչպես չեն բերել մնացած բոլոր փաստաթղթերը, որոնք պարտադրվել են հայ ազգին՝ սկսած Սևրի, վերջացրած նոյեմբերի 9-ի փաստաթղթերով, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա։
Եվ եթե Ադրբեջանը փորձի խախտել այդ փաստաթուղթը, արդյոք Թրամփը միջամտելու է՝ այն Թրամփը, որը ոչինչ չձեռնարկեց 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ նախագահ էր և որին մնացել է պաշտոնավարելու ընդամենը 3 տարի։ Չհավատաք, ժողովուրդ ջան։

Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ կամ պայքարել իր անկախության ու գոյության համար, կամ կորցնել իր պետականությունը ու վերածվել Ադրբեջանի պրոտեկտորատի։