Երևան +14°
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 22:30 30-01-2024

Կոծկել նշանակում է հանցակից լինել․ Արգիշտի Քյարամյանի անգործությունը

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մերձակայքում գտնվող վառելիքի պահեստի պայթյունը, ինչպես հայտնի է բոլորիս, խլեց դժոխային վիճակում գտնվող Արցախի հարյուրավոր քաղաքացիների կյանքեր։ Եվս մի քանի հարյուր արցախցի ստացան ծանր վնասվածքներ, տեղափոխվեցին ՀՀ, այնտեղից՝ արտերկիր, ցայսօր բուժումներ են ստանում․․․

Ամիսներով շրջափակված, բախտի քմահաճույքին թողնված Արցախի անմարդկային պայմաններում յուրաքանչյուր ապրանքի ամեն գրամի համար մաքառող մարդիկ այդ չարաբաստիկ վառելիքի «հասանելիությունն» ընդունել էին որպես թշնամուց մազապուրծ փախչելու վերջին եղանակ, իսկ պայթյունը դարձավ հուսահատված արցախցիների դաժանագույն վախճանը։

Լրատվական դաշտը լայնորեն անդրադարձավ դեպքին, տասնյակ տուժածներ հարցազրույցներ տվեցին։ Նշենք, որ պաշտոնական վերկածին զուգահեռ՝ ի սկզբանե հանրային հարթակներում շրջանառվում էր նաև թշնամու կողմից դիվերսիոն ահաբեկչության տարբերակը․ այդ խոսակցությունները հիմա էլ ընթանում են։ Օրինակ, News․am կայքը ս․թ․ հունվարի 12-ին խոսակցեց պայթյունից տուժած Վազգեն Գրիգորյանի հետ, ով, հիշելով դեպքին նախորդող վայրկյանները, պատմում էր․ «Վերև նայեցի, տեսա մի դրոն մեր գլխավերևում։ Հետո դխկոց լսվեց, հետո՝ արդեն պայթյունը»։

Վազգենի մոտ այդ պահի զգացողությունները վստահություն են առաջացրել, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ։

«Հաստատ սարքած գործ էր, հաստատ»,-պնդում է Վազգենը։

Պայթյունի առնչությամբ Արցախում հարուցվեց քրեական գործ, որը հետագայում փոխանցվեց Հայաստանի քննչական կոմիտեին։

Ինչպես սույն թվականի հունվարի 4-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, պայթյունի դեպքը ներառված է էթնիկ զտման վարույթում։

Քյարամյանը նաև հաղորդեց որոշ վիճակագրական տվյալներ՝ «ունենք 218 զոհ, 120 անձ՝ տարբեր մարմնական վնասվածքներով, 21 անհետ կորած, ինչպես նաև 3 չնույնականացված դիակ»՝ հավելելով, որ այս բոլոր անձինք ունեն տուժողի կարգավիճակ։

«Վարույթը նախաձեռնել և քննում ենք այն համատեքստում, որ ընդհանուր իրավիճակը բխում է էթնիկ զտման իրողություններից, որովհետև մարդիկ եթե հարյուրներով կամ հազարներով գնացել և օրհասական վիճակում վառելիք են փորձել ձեռք բերել, սա վկայում է նրանց անելանելի վիճակի մասին, որում հայտնվել են Ադրբեջանի քաղաքականության արդյունքում»,-հայտնեց Քյարամյանը։

Դեպքի բացահայտման հավանականությանն անդրադառնալով՝ հաշվի առնելով հարցազրուցավարի դիտարկումը, որ «ըստ էության՝ դեպքի վայր չկա, և այդ պայմաններում անհնար է դեպքի վայրի զննություն անցկացնել», Քյարամյանը պատասխանեց․ «Բացահայտում ասվածն այս պայմաններում մի քիչ լայն մեկնաբանվող հասկացություն է։ Եթե նկատի ունեք, թե արդյոք այդ իրավիճակը պայմանավորվա՞ծ է Ադրբեջանի կողմից կանխամտածված բռնի տեղահանման արդյունքում ստեղծված իրավիճակով՝ դա ակնհայտ է, իսկ մնացած առումներով, իհարկե, դեպքի վայրի բացակայությունը և այլ տեխնիկական խնդիրներն, ինչ խոսք,դժվարություններ ստեղծում են»։

Oragir.News-ը հունվարի 22-ին գրություն ուղարկեց Քննչական կոմիտե՝ խնդրելով պատասխանել, թե պայթյունի հետևանքով հարուցված քրեական գործի նախաքննությունը համակողմանի իրականացնելու նպատակով կատարվե՞լ են համապատասխան հարցումներ արբանյակային նկարահանումների կամ դիտարկումների տեխնիկական հնարավորություններ ունեցող պետություններին ու կազմակերպություններին՝ պայթյունի տեղանքից ստացված նյութերը Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու նպատակով։

Խնդրել էինք նաև, որ Քննչական կոմիտեն պատասխանի, թե որ պետություններից կամ կազմակերպություններից է արձագանք եղել։

Համաձայն Տեղեկատվության ազատության մասին օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է, եթե հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում։ Մեր հարցմամբ խնդրվող տեղեկությունը հրապարակված չէ, ուստի գրության հասցեատերը պետք է, ըստ էության, պատասխան ուղարկեր, ինչը չի արվել։

Մենք հնարավոր ենք գտնում, որ համաձայն նույն օրենսդրական կարգավորման՝ տեղեկության տրամադրման համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք, սակայն այս դեպքի համար էլ օրենքի նշված ենթակետը հստակ սահմանում է․ «Եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»։

Դա էլ չի արվել։

Նաև հնարավոր ենք գտնում, որ Քննչական կոմիտեն, ըստ անհրաժեշտության, կարող էր հիմք ընդունել Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածը և մեզ պատասխանել, որ խնդրո առարկա հանդիսացող տեղեկությունը պարունակում է պետական, ծառայողական գաղտնիք․ սակայն դա էլ չի արվել։

Ինչո՞ւ ՀՀ Քննչական կոմիտեն չի պատասխանել Oragir.News-ին։

Ըստ ամենայնի՝ երկու հնարավոր պատճառով։ Չի եղել կա՛մ ցանկություն, կա՛մ՝ հնարավորություն։

Առաջին դեպքում առկա են մամուլի ոլորտը կարգավորող օրենսդրության կոպիտ խախտման հատկանիշներ, երկրորդ դեպքում ակնհայտ է դառնում, որ Արցախի օրհասական պահերին «լրացուցիչ» 218 զոհ, հարյուրավոր վիրավորներ և անհետ կորածներ պատճառած սարսափելի դեպքը, որով զբաղվող միակ կառույցը ՀՀ Քննչական կոմիտեն է,այդ մարմնի կողմից գործը լիարժեք քննելու, պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով չի արժանացել օտարերկրյա գործընկերների դիմելու «բախտին» և ըստ երևույթին՝ չի էլ արժանանալու, որովհետև դա ոչ մի տեսակետից հարիր չէ իշխանության հռչակած «Խաղաղության խաչմերուկին»։ Իսկ այդտեղ, Նիկոլ Փաշինյանի հրահանգով, իրեն ենթակա բոլոր կառույցներն ու պաշտոնյաները վառում են կանաչ լույսեր, որոնց շնորհիվ «խաչմերուկ» մտնելը և այնտեղից դուրս գալն Ադրբեջանի համար որևէ խնդիր չի հարուցելու։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված