copy image url
Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 20:00 26-01-2024

Վիճակագրական մանիպուլյացիաներ․ աղքատության մակարդակը նույնն է

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը հաճախ է սիրում խոսել այն մասին, որ իր իշխանության օրոք Հայաստանում արձանագրվել է աշխատատեղերի, ինչպես նաև աշխատավարձերի շեշտակի աճ։ Նախօրեին նա կառավարության նիստում հերթական անգամ հայտարարեց, որ 2023 թվականի դեկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի պատմական ռեկորդ՝ 741 հազար 726, աճել է ինչպես աշխատատեղերի ու ընդհանուր աշխատավարձերի թիվը, այնպես էլ միջին ամսական աշխատավարձը։

Oragir.News-ը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր տնտեսագետ Թադևոս Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ինչով է բացատրվում աշխատողների նման աճը, և այս ցուցանիշներում կարո՞ղ են կեղծիքներ լինել։ Պատգամավորն ի պատասխան նշեց, որ բազմիցս առիթ ունեցել է խոսել այն վիճակագրական մանիպուլյացիաների մասին, որոնցով հաշվարկվում են այս ցուցանիշները։ Նրա խոսքով՝ այստեղ հաշվարկային ու մեթոդական բազմաթիվ խնդիրներ կան․

«Խոսքը վերաբերում է հատկապես միջին աշխատավարձի հաշվարկին։ Հիմնական խնդիրն այն է, որ եթե միջին աշխատավարձի իրական աճ է գրանցվել, ապա դա պետք է էապես ազդած լիներ աղքատության մակարդակի վրա, սակայն մենք տեսնում ենք, որ 2022 թվականի տվյալներով՝ աղքատության մակարդակը նույնիսկ բարձր է 2018 թվականի ցուցանիշից, որի համեմատ աշխատատեղի թիվն ավելացել է շուրջ 100 հազարով»։

Թադևոս Ավետիսյանը շեշտում է, որ բացի հաշվարկային մանիպուլյացիաներից, գործ ունենք ստվերային աշխատատեղերի կրճատման հետ, որոնք դառնում են օրինական գրացված։ Նրա համոզմամբ՝ սա ինքնին դրական գործընթաց է, որը Նիկոլ Փաշինյանի ձեռքբերումը չէ, և գրանցված աշխատատեղերի ինտենսիվ աճի միտումը նկատելի էր դեռևս նրա իշխանությանը նախորդած շրջանում։

«Դա որոշակի փոփոխություններով շարունակվել է նաև նախորդ 5 տարիներին։ Այստեղ կարևոր է, որ այս իշխանությունները չեն կարողանում կամ չեն ցանկանում հստակ գնահատական տալ, թե ձևակերպված օրինական աշխատատեղերի որ մասն են կազմում նոր ստեղծված աշխատատեղերը։ Երբ մենք նայում ենք զբաղվածության ծառայության վարչական վիճակագրությունը, այնտեղ տարեկան առավելագույնը նշվում է 2-3000 նոր ստեղծված աշխատատեղերի մասին։

Սոցիալական ազդեցության տեսանկյունից նոր ստեղծված աշխատատեղի ազդցությունն էապես տարբերվում է ստվերից դուրս եկած աշխատատեղի ազդեցությունից։ Այսինքն՝ եթե մարդն աշխատում էր առանց պայմանագրի, իսկ հիմա աշխատում է պայմանգրով, ապա սոցիալական ազդեցությունն էական չէ, բայց եթե չէր աշխատում, երկար ժամանակ գործազուրկ էր և այժմ աշխատանք է գտել, այստեղ արդեն մենք ունենում ենք իրական սոցիալական ազդեցություն»,- ասաց նա՝ նշելով, որ այս տարբերակումը չի կատարվում, քանի որ դրանով պարզ կդառնա իրենց ներկայացրած ցուցանիշի սոցիալական ազդեցությունը։

Ընդդիմադիր պատգամավորը գրանցված աշխատատեղերի նման աճը պայմանավորում է նաև 2022-2023 թվականներին արձանագրված բարձր տնտեսական աճով, որն արձանագրվել է արտաքին կարճաժամկետ գործոնների ազդեցությամբ, և դա հատկապես ծառայությունների ու առևտրի ոլորտում օբյեկտիվորեն նպաստել է աշխատատեղերի ու զբաղվածության աճին։ Նրա խոսքով՝ սա խնդրահարույց է, քանի որ արձանագրված բարձր տնտեսական աճն այդպես էլ չկապիտալիզացվեց, տեմպը գնալով թուլանում է, և մենք փաստացի չկարողացանք այդ աճի տեմպով պայմանավորված աշխատատեղի ավելացումը դարձնել մշտական, կայուն, իսկ տնտեսական աճի հետագա թուլացումն այդ ոլորտներում կարող է հանգեցնել աշխատատեղերի կրճատման։

Մեր զրուցակիցը նշում է, որ միայն մեկ ցուցանիշով պայմանավորված մերկապարանոց հայտարարություններն իրողություն չեն։ Նա շեշտեց, որ մեր երկրում իշխանությունների կողմից խոստացված աղքատության էական կրճատում չի արձանագրվել, ծայրահեղ աղքատությունը, որը խոստացել էին վերացնել, ոչ միայն չի վերացվել, այլ նաև թույլ տեմպերով, բայց այնուամենայնիվ աճում է։

Անդրադառնալով միջին աշխատավարձի հաշվարկման գործընթացում կատարվող մանիպուլյացիաներին՝ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ միջին աշխատավարձերի էական աճի վրա մեծ ազդեցություն է ունեցել ֆինանսական հատվածի աշխատավարձերի բարձրացումը։ Ըստ նրա՝ դա էական սոցիալական ազդեցություն չունի, քանի որ առանց այդ էլ ֆինանսական հատվածում աշխատավարձերը միջինից բարձր էին, իսկ այդտեղ արձանագրված աճն էլ կրկին պայմանավորված էր արտաքին գործոններով․ «Այդ ոլորտում շրջանառությունն ու շահութաբերությունը պատիկներով ավելացել է, ինչն էլ ֆինանսական-բանկային համակարգում հանգեցրել էր աշխատավարձերի բարձրացման, իսկ դրա սոցիալական ազդեցությունն ու ներառականությունը բավականին փոքր է։ Եթե մեկ ճյուղով աշխատավարձերի էական աճ է գրանցվում, դա չունի էական սոցիալական, ներառական ազդեցություն»։

Ավետիսյանը նաև ուշադրություն հրավիրեց այն բանին, որ նույն շրջանում այս իշխանությունների օրոք գնաճից ավելի ցածր չափով է ավելացել նվազագույն աշխատավարձը։ Նա ընդգծեց, որ նվազագույն աշխատավարձը շատ ավելի կարևոր ցուցիչ է, իսկ գործող իշխանությունների օրոք նվազագույն աշխատավարձը շատ ավելի ցածր անվանական աճ է գրանցել, քան հավաքան գնաճն է։ Նա հիշեցրեց, որ միայն 2022 թվականին առաջին անհրաժեշտության ապրանքների երկնիշ գնաճ է արձանագրվել, իսկ մյուս տարիներին՝ միջինից էլ բարձր, և բացառություն է կազմել միայն 2023 թվականը, երբ գնաճի տեմպերը ցածր են եղել․

«Հավաքական իմաստով մեր երկրում աշխատող աղքատների վիճակն ավելի է վատացել։ Այսինքն՝ մեր երկրի աշխատողների մոտավորապես մեկ քառորդը աշխատում է կենսապահովման նվազգույն զամբյուղից ցածր աշխատավարձով, և իրենց կյանքն ավելի բարդացել է, քանի որ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն աճել են ավելի արագ, քան իրենց աշխատավարձերը»։

Հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ նվազագույն աշխատավարձերը նույնպես բարձրանան, Թադևոս Ավետիսյանը պատասխանեց, որ միջազգային չափանիշներով նվազագույն աշխատավարձը պետք է կազմի միջին աշխատավարձի 50-60 տոկոսը։ Նրա խոսքով՝ նվազագույն աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի, քան նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն է, իսկ մեր երկրում այդ 2 ցուցանիշները պահպանված չեն։

Թադևոս Ավետիսյանը հավելեց, որ որպես ԱԺ պատգամավորներ, իրենք այս հարցի լուծումն առաջարկել էին, սակայն իշխանություններն, առանց խորամուխ լինելու, մերժել էին նախագիծը։ «Ես՝ որպես համահեղինակ, 2 անգամ ԱԺ գլխադասային հանձնաժողովի քննարկմանն ենք ներկայացրել նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակի չափերի ինդեկսավորման օրենսդրական նախագիծը՝ պայմանավորված գնաճով։ Երկու անգամ էլ մերժել են նախագիծը, և կառավարությունն, ըստ էության, ոչ մի հիմնավորում չի ներկայացրել, պարզապես կրկին պոպուլիստական խոստումներ են հնչեցրել առ այն, որ իրենք նույնպես կարծում են, որ այդ խնդիրները պետք է լուծվեն ու լուծելու են, սակայն արդեն շուրջ մեկուկես տարի է անցել, և այդ խնդիրները գնալով միայն խորանում են, ու որևի իրավական, փաստացի լուծում չկա»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
21:34 Բագրատ Սրբազանը կոչ ուղղեց Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը
22:00 Ես իմ այս տարիքին դուրս եմ եկել պայքարի, իսկ այսօրվա երիտասարդները պասիվ են. Շնորհիկ Շահինյան
19:44 Կալանավորվել է Մասիվի զինկոմը. shamshyan.com