Ուղիղ եթեր
«Իրականության մեջ աղքատության մակարդակը ոչ թե շուրջ 30 տոկոս է, այլ ձգտում է 50 տոկոսին»․ Փաստ
copy image url

«Իրականության մեջ աղքատության մակարդակը ոչ թե շուրջ 30 տոկոս է, այլ ձգտում է 50 տոկոսին»․ Փաստ

Մամուլ 3 տարի առաջ - 09:00 23-12-2021

«Փաստ» օրաթերթը գրում է․

Հայաստանի տնտեսության համար նախատեսված 6,5 տոկոս տնտեսական աճը բացառվում է, իսկ այս տարվա սկզբին տնտեսական երկնիշ աճի մասին հայտարարողը պարզապես կարեկցանքի արժանի մարդ է, որը չի կարողանում հասկանալ՝ որտեղից է արևը դուրս գալիս ու որտեղ է մայր մտնում:

«Փաստի» հետ զրույցում, ամփոփելով տնտեսական տարին ու խոսելով տարեվերջին առկա միտումների մասին, այս մասին նշել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: «Բոլոր պարագաներում տնտեսությունը սարսափելի վիճակում է: Միայն այն հանգամանքը, որ մենք չենք կարողանում պետական կապիտալ ծախսերը կատարել, արդեն իսկ հստակ բնութագիր է: Մենք ապրում ենք միայն ընթացիկ ծախսերով, որոնք ոչ այլ ինչ են, քան զուտ «կոկորդի ծախս»:Այսինքն, նման է մի իրավիճակի, երբ սնվում ես, որպեսզի չմահանաս: Զուգահեռ՝ մեր իրականության մեջ գնաճը խեղդում է: Բոլոր դեպքերում գնաճը զսպելու մեխանիզմների հիմքում տնտեսության արդյունավետ գործունեությունն է: Եթե նման գործընթաց չկա, բնականաբար, գնաճը չի կարող կառավարելի ու հասկանալի լինել մեր հասարակության համար: Այս առումով ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում Կենտրոնական բանկը: Ճիշտ է, այս պահի դրությամբ հաջողվում է գոնե հարաբերական կայունություն ապահովել ու գնաճի ռիսկերը զսպելու մեխանիզմներ կիրառել, բայց սա չի կարող անվերջ լինել: Եթե այսպես շարունակվի, մենք, մեծ հաշվով, կանգնելու ենք կոտրած տաշտակի առաջ»,ասաց նա՝ շեշտելով, որ իրականության մեջ աղքատության մակարդակը ոչ թե շուրջ 30 տոկոս է, այլ ձգտում է 50 տոկոսին:

«Ամբողջ երկրի պետական կառավարման հիմնական ու կարևորագույն լծակները հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականության տիրույթում են: ԿԲ-ն իր՝ դրամավարկային քաղաքականության տերն է: ԿԲ-ն մաքսիմալ աշխատում է այդ քաղաքականությունն իրականացնել ձեռքի տակ ունեցած հնարավորություններով ու գործիքակազմով: Բայց մենք մրցակցության հետ կապված խնդիր ունենք: Մրցակցության, նաև անհրաժեշտ վերահսկողական մեխանիզմների բացակայության պայմաններում, օրինակ՝ երկու խանութում գների մեծ տարբերություններ կարող են լինել: Սա պայմանավորված է պետական վատ կառավարման բազմաթիվ հետևանքներով: Այստեղ ԿԲ-ն չի կարող միջամտել և ոչ էլ իրավունք ունի այդ կտրվածքով գործիքակազմ կիրառել: Այս տեսանկյունից թերացումը հարկաբյուջետային քաղաքականության տիրույթում է:Հավելյալ նոր արժեք ստեղծելու գործընթացը խթանելը հարկաբյուջետային քաղաքականության պատասխանատվության տակ է: Եվ եթե այդ գործընթացը չկա, զարգացում հնարավոր չէ, ինչը և ակնհայտ է մեզ մոտ: Ոչ մի նոր բան չի ստեղծվում, բայց խաղատներում, ծառայության ոլորտներում փողի զանգվածի մեծացումը իբրև թե աշխուժություն է ներկայացվում: Սա իրական ակտիվություն չէ»,- ասաց մեր զրուցակիցը:

Վարդան Բոստանջյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաև անկանխիկ գործարքների անցնելու նախագծին, որն արդեն Ազգային ժողովում է: Հաջորդ տարվանից նախատեսվում է առևտրի, ծառայությունների և բազմաթիվ այլ գործարքներ կատարելու ժամանակ կիրառել անկանխիկ գործարքների համակարգը։ Իրավաբանական ու ֆիզիկական անձինք 300 հազար դրամից ավելի գործարքները բացառապես անկանխիկ եղանակով են կատարելու: Որոշ դեպքերում կանխիկը ընդհանրապես արգելվելու է: Վարդան Բոստանջյանի խոսքով, ընդհանրապես, անկանխիկ գործարքները ֆինանսական շուկայում դրական երևույթ են:

«Քաղաքակիրթ բոլոր երկրները գտնվում են անկանխիկ շրջանառության տիրույթում: Սա մի սկզբունք է, մոտեցում, ըստ որի, մի կոպեկն անգամ չի փոշիանում: Անկանխիկ շրջանառությունն, ըստ էության, ֆինանսական հոսքերի արդյունավետություն է նշանակում: Մեծ հաշվով՝ նման ինստիտուտը կարևոր է: Բայց, միևնույն ժամանակ, այս համակարգին անցնելուց առաջ որոշակի քայլեր պետք է իրականացվեին: Խոսքը, օրինակ՝ համապատասխան ավտոմատացված համակարգերի, ֆինանսական հոսքերի համապատասխան ուղղորդումների մասին է: Այսինքն, պետք է կանոնակարգել, մինչդեռ այս տեսանկյունից ՀՀ-ն դեռևս գտնվում է ավելի ցածր մակարդակում»,-ասաց նա՝ շեշտելով անցումն ապահովող հստակ գործընթացի իրականացման անհրաժեշտության մասին:

«Պետք է հասկանալ նաև այն մարդկանց, որոնց համար անկանխիկ գործարքների իրականացումը չափազանց դժվար է, և այն իրենց անհարմարություն է պատճառում: Խոսքը չափազանց ու սարսափելի փոքր եկամուտ ունեցողների, նաև կենսաթոշակային տարիքի մարդկանց մասին է: Մյուս կողմից՝ ինչ վերաբերում է բանկերի կողմից գանձվող միջնորդավճարներին, այստեղ ևս պետք է զգուշություն ցուցաբերել: Այս պարագայում փողի զանգվածը բանկերի մոտ մեծանում է, համապատասխանաբար մեծանում է նաև շահույթը: Ըստ իս, կենցաղային բնույթի անկանխիկ հաշվարկների, գործարքների պարագայում միջնորդավճարներ պետք չեն: Միջնորդավճարներ պետք է կիրառել մեծ տիպի ֆինանսական հոսքերի պարագայում: Եթե միլիոնավոր, միլիարդավոր արժույթ է տեղաշարժվում, բնականաբար, պետք է հիմնարկը համապատասխան ոչ մեծ միջնորդավճար ստանա: Այս հանգամանքներից բխող հնարավոր ռիսկերը հաշվի առնելով եմ նշում, որ անկանխիկի անցնելուց առաջ որոշակի քայլեր պետք է կատարել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:57 Տևական ժամանակ է՝ գերագույն դավաճանը դոզավորված ապուշություններ է դաշտ նետում. Մելիքյան
20:55 Ոչ ոք արոտավայրերը չի խլել, մարդը շահել է մրցույթը. Տուֆաշենի գյուղապետ
21:41 Ընկել են խեղճուկրակ ժողովրդի հետևից, ստիպված անասուն էլ չենք կռնա պահենք. գյուղացի
22:46 Արոտավայրը վերացնեն գը, որ հանք սարքեն, փոխանակ շատացնեն արոտավայրերը. տուֆաշենցի
09:05 Քանի՞ պաշտոնյա կվիրավորվի «տգետ» բառից ու հրաժարական կտա
19:29 Ալիևը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին
22:16 Ռաֆիկ Պետրոսյանը շահել է մրցույթը, բայց հաշվի առնելով բնակիչների արձագանքը` ընթացք չենք տվել. պարզաբանում
13:40 Սկանդալ՝ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի անվան շուրջ․ ուղերձ է փոխանցել Ալիևին. «Ազգ»
11:51 Կայծակի հարվածներից 25 մարդ է մահացել Հնդկաստանում
20:14 Պետք է կանխենք արտագաղթը. եթե Հայաստանում արցախցի չմնա, Արցախ վերադարձի հարցը դժվար կլինի