Երևան +10°
copy image url
Արտաքին Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 19:00 25-01-2024

ԵԽԽՎ-ից վտարվելուց հետո Ադրբեջանը հակված կլինի ՀՀ-ի հետ բանակցել

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախօրեին կայացած քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։

Oragir.News-ի հետ զրույցում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ առաջին պատճառը սկզբունքներն են, իսկ ԵԽԽՎ-ն այն ինստիտուտն է, որը զբաղվում է մարդու իրավունքներով։ Նրա խոսքով՝ տվյալ պարագայում Ադրբեջանը չափն անցավ, ԵԽԽՎ-ի սկզբունքները լկտիորեն խախտեց, ուստի նման որոշում կայացվեց։

Քաղաքագետը նկատում է՝ երկրորդ պատճառը Հայաստանի խորհրդարանի և արտաքին գործերի նախարարության կատարած աշխատանքն է, վերջիններս տարածում էին այն ամենը, ինչ Ադրբեջանը կատարել է հայերի դեմ։ Գրիգորյանը կարևորեց նաև սփյուռքահայության դերը՝ նշելով, որ սփյուռքում գործող հայկական կազմակերպություններ բավականին ակտիվ են եվրոպական շատ երկրներում և տվյալ երկրների օրենսդիր մարմինների պատգամավորներին իրազեկել են այն վայրագությունների մասին, որոնք Ադրբեջանը կատարել է ՀՀ-ի և արցախահայության նկատմամբ․

«Առաջին գործոնը՝ մարդու իրավունքների խախտումներն են, որոնք իսկապես իրենց վրա ազդում են, և հետո նաև կարևոր էին մարու իրավունքների խախտումները մասնավորապես Ղարաբաղի հայերի նկատմամբ, ինչը արտացոլվել է հայտարարության մեջ։

Հայտարարությունը բաղկացած է երկու մասից՝ մեկը Ադրբեջանում քաղաքական ընդդիմության ոտնահարումն է, մարդու իրավունքների խախտումները և այլն, իսկ երկրորդ մասը վերաբերում է Լաչինի միջանցքի փակմանը ու Ադրբեջանի կողմից կատարված էթնիկ զտումներին»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ եվրոպական երկրներն այս երկու գործոնները չէին կարող երկար ժամանակ հանդուրժել։

Հարցին, թե ԵԽԽՎ-ից Ադրբեջանի դուրս մղումը ինչպես կանդրադառնա հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վրա, մեր զրուցակիցը պատասխանեց՝ միանշանակ դրական, քանի որ Ադրբեջանի ամբիցիաները կնվազեն, և այդ երկիրն ավելի հակված կլինի խոսելու։

«Ես չեմ հավատում, որ իրենք ուզում են խաղաղություն հաստատել, դա ուրիշ հարց է, բայց այդ ճնշումը լրջագույն դրական դեր կխաղա։ Իրենք միանշանակ չէին ուզում այդպես կտրվել Եվրոպայից, փորձում էին խաղեր տալ, հիշում ենք Եվրոպայի համար նավթային ծրագրերը և այլն, եվրոպացի պաշտոնյաներին փորձում էին կաշառել և այլն»,- նշեց նա։

Ստեփան Գրիգորյանն ընդգծեց, որ Ադրբեջանին ԵԽԽՎ-ից վտարելուց հետո ավտոմատ կերպով կսրվեն նաև այդ երկրի հարաբերությունները նաև Եվրոպական միության հետ, և Բաքվում ավելի հակված կլինեն Երևանի հետ բանակցել։ Նրա համոզմամբ՝ տվյալ իրավիճակում եթե Ադրբեջանը սրի Հայաստանի հետ հարաբերությունները, ապա դա իրեն էլ ավելի կմեկուսացնի աշխարհից։

Քաղաքագետի համաձայնեց մեր դիտարկման հետ, որ ԵԽԽՎ-ի այս որոշումը կարող ենք պայմանավորել այն հանգամանքով, որ Ադրբեջանը տևական ժամանակ հրաժարվում էր արևմտյան հարթակներում բանակցելուց։ Նա կարծում է, որ այս գործոնը նույնպես դեր խաղացել է, քանի որ Եվրոպայում հասկացան, որ Ադրբեջանն իսկապես Ռուսաստանի հետ է գործում։

Դավիթ Գույումջյան