Արևմուտքը ճնշում է Ալիևին, ՌԴ-ն՝ լեգիտիմացնում նրա այլանդակությունները
copy image url

Արևմուտքը ճնշում է Ալիևին, ՌԴ-ն՝ լեգիտիմացնում նրա այլանդակությունները

Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 23:00 23-01-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի իշխանությունները՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, ուրախությամբ ընդունում են ռուսական կողմի ներկայացուցիչներին, սակայն հրաժարվում է ընդունել ամերիկացի պաշտոնյաներին, իսկ եվրոպացի պաշտոնյաներն առհասարակ հանդիպման փորձ չեն անում։

Մասնավորապես Իլհամ Ալիևը հունվարի 23-ին ընդունել է ՌԴ փոխվարչապետ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկին, որի հետ քննարկել է բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, մինչդեռ օրեր առաջ Բաքուն հրաժարվել էր ընդունել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին։ Նա Երևան այցելելուց հետո մտադիր էր մեկնել Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ այցի հիմնական նպատակը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելն էր։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Հայկ Սուքիասյանը նշեց, որ Արևմուտքի կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ են գործադրվում, իսկ ՌԴ-ի կողմից չեն գործադրվում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը լեգիտիմացնում է Ադրբեջանի բոլոր այլանդակությունները, ողջունում է դրանք և այլն․

«Զախարովան հայտարարում էր՝ ապացուցեք, որ էթնիկ զտում է իրականացվել։ Այսինքն՝ Ռուսաստանը ցեղասպանության հովանավոր է և ողջունում է նման գործողությունները, դրա համար էլ Ալիևը սիրով ընդունում է իրեն հարազատ պետության ներկայացուցիչներին և մերժում է այլ բևեռների պաշտոնյաներին, որովհետև մյուս բևեռներն իրենից պահանջում են գործել միջազգային իրավունքի շրջանակներում»,- ասաց նա։

Քաղաքագետը նկատում է՝ Ադրբեջանը և Ռուսաստանը քաղաքականության մեջ նույնական են, միջազգային իրավունքն արհամարհում են և թքած ունեն միջազգային իրավունքի վրա, դրա համար էլ Ալիևը հրաժարվում է արևմտյան պաշտոնյաների հետ հանդիպումներից։ Նա կարծում է, որ Ադրբեջանի նման վարքագիծը որոշ չափով Հայաստանին ձեռնտու է, քանի որ որքան այդ երկիրը հրաժարվի նման հանդիպումներից, այնքան կմեկուսանա։ «Հետևապես այստեղ ողբերգություն չկա, թող իրենք չընդունեն, մենք ընդունենք»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք Արևմուտքը պատժիչ միջոցներ կձեռնարկի՞ Ալիևի և նրա ռեժիմի դեմ, Սուքիասյանը պատասխանեց, որ եթե անգամ պատժիչ միջոցներ էլ չձեռնարկեն, միայն այն հանգամանքը, որ վերջինիս թույլ չեն տալիս Հայաստանի վրա հարձակում գործել, դա արդեն Ադրբեջանի համար պատժիչ գործողություն է։ Սուքիասյանի համոզմամբ՝ մենք պետք է աշխատենք ոչ թե Ադրբեջանին պատժելու, այլ արևմտյան բևեռներից աջակցություն ստանալու ուղղությամբ, որպեսզի հզորացնենք Հայաստանի տնտեսությունը և բարձրացնենք ռազմական պոտենցիալը։

«Կարծում եմ, որ այդ բևեռները նույնպես հակված են սրան․ ոչ թե Ադրբեջանին շատ ճնշեն ու ժամանակ ծախսեն այլ աջակցեն Հայաստանին՝ միջազգային կառույցներում, ռազմական պոտենցիալը բարձրացնելու առումով և այլն։ Եթե սա տեղի ունանա, ապա մենք կարիք չենք ունենա, որպեսզի Ադրբեջանին պատժենք․ դա կանենք մեր հավաքական պոտենցիալով։ Արևմտյան բևեռները հակված են Հայաստանը հզորացնելուն, և սա շատ նորմալ է»,- կարծում է նա։

Մեր հարցին, թե արդյոք Ալիևը ներկայումս կփորձի՞ օգտվել այն հանգամանքից, որ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը կանգ է առել, և ՀՀ-ի վրա հարձակում կգործի, քաղաքագետը բացասական պատասխանեց՝ նշելով, որ նա այս պահին նման հարձակում գործելու պոտենցիալ չունի։ Քաղաքագետը դա պայմանավորում է նախևառաջ Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններով, ինչպես նաև այն իրողությամբ, որ Հայաստանն այս ընթացքում բավարար քայլեր ձեռնարկել է։

Հայկ Սուքիասյանը նկատում է, որ Ադրբեջանն այս ընթացքում այլանդակություններ կանի, մեր նյարդերի հետ կխաղա, տարբեր անհիմն պահաջներ կներկայացնի, բայց ռազմական էքսպանսիա չի կարող անել։ «Ինչո՞ւ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Հռոմի ստատուտը, իրեն պատել է ԵՄ դիտորդներով, որոնք հաստատ ճիշտ զեկույցներ են ուղարկելու։ Բացի այդ, Հայաստանը Հնդկաստանից է բավական չափով զենք գնել, Ֆրանսիան վերջերս բանաձև ընդունեց և ըստ էության՝ Հայաստանին հովանավոր պետության հայտ է ներկայացրել։ Կա նաև ԱՄՆ-ի հայտարարությունն առ այն, որ եթե ռազամական էքսպանսիա լինի և ռազմական ուժի միջոցով տարածքների փոփոխության հարց առաջանա, ապա ԱՄՆ-ն իր ողջ ծանրությամբ միջամտելու դրան»,- նշեց նա։

Քաղաքագետը հավելեց՝ այս ամենն իրեն թույլ են տալիս պնդելու, որ Ադրբեջանը ռազմական էքսպանսիայի չի գնալու, սակայն նաև հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելուն։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»