Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին Հարավային Կորեա կատարած այցի շրջանակներում բանակցել է հարավկորեական զենքի մատակարարման շուրջ՝ հատուկ հետաքրքրություն ցուցաբերելով K2 տանկի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է «Army Recognition» պաշտպանական նորությունների հարթակը։
Նշվում է, որ K2 «Սև Հովազ» մարտական տանկերն արտադրվում են «Hyundai Rotem» ընկերության կողմից։ Այն համարվում է աշխարհի ամենաթանկ տանկերից մեկը և արժե մոտ 8․5 մլն դոլար։ Հարավկորեական բանակի կողմից օգտագործվող K2 մարտական տանկը հագեցած է առաջադեմ տեխնոլոգիայով, որը հատկապես արդյունավետ է գործում և լավ համապատասխանում է լեռնային պայմաններին։
Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նշեց՝ երբ Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանը պատերազմի է պատրաստվում, այդ հայտարարությունները հիմնավորում է նաև այն իրողությամբ, որ հայկական կողմը հարձակողական զինատեսակներ է ձեռք բերում, իսկ տանկերը հարձակողական զինատեսակներ են։ Նրա խոսքով՝ կարևոր է նաև այն հանգամանքը, որ այդ համակարգերի կառավարումը, անձնակազմերի ուսուցումը հայերենով չեն, ինչն իր հերթին լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու։
Նահապետյանն անդրադարձավ նաև վերապատրաստման գործընթացին՝ նշելով, որ այն մի քանի օրում կամ 1 ամսում տեղի չի ունենում։ «Եթե օրինակ այդ տեխնիկան խաղաղ պայմաններում կամ ռազմական գործողությունների ժամանակ որոշակի առումով վերանորոգման կարիք ունի, այդ մասնագիտական խմբերն ու արհեստանոցները, որոնք պետք է այդ տանկերը սպասարկեն, կա՞ն դրանք, թե՞ չկան։ Հետո էլ տանկերը մթերային խանութում վաճառվող ապրանք չեն, որ գնաս ու գնես, դա պետք է պատվիրես, հիմա էլ արդեն գնացել, հասել են Հարավային Կորեա»,- ասաց նա։
Ռազմական փորձագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ նախկին նախագահների օրոք շատ լրջագույն զինատեսակներ ձեռք բերելու ժամանակ, այդ թվում հարձակողական զինատեսակներ ու մեծ քանակի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու լրատվամիջոցները չեն էլ իմացել այդ մասին․ «Ինչու, որովհետև ցանկացած զինատեսակի գնում, եթե քանակը մեծ է, ինքն իր մեջ բացահայտում է այն մարտական խնդիրը, որը տվյալ երկիրը դնում է իր զինված ուժերի առաջ։ Օրինակ՝ եթե մեծ քանակի տանկեր, զենիթահրթիռային համակարգեր են գնվում՝ շատ արկերով, ակնհայտ է, որ տվյալ երկիրը պատրաստվում է հարձակողական գործողությունների։ Հիմա այդ գործարքը դեռևս բանակցությունների փուլում է, բայց արդեն ամբողջ հանրապետությունը գիտի, մեր ոչ բարեկամ երկրները գիտեն ու համապատասխան կեցվածք են ընդունում»։
Մեր զրուցակիցը շեշտում է, որ արևմտյան երկրներից սպառազինություն ձեռք բերելու մասին հայտարարություններն Ալիևին թույլ են տալիս հոխորտալ, որ Հայաստանն Արևմուտքի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից զինվում է, որ իր դեմ պատերազմ սկսի։ «Վաղը չէ մյուս օրն էլ Ալիևն ասելու է՝ ես վստահ գիտեմ, որ էս ինչ օրը, էս ինչ ժամին սկսելու են ու կանխարգելիչ հարված եմ հասցնում։ Նման հայտարարություններով Հայաստանի իշխանությունները լեգիտիմացնում են Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունները, որ ՀՀ-ն պատերազմի է պատրաստվում։ Հիմա եթե դու ասում ես, որ տանկ եմ գնում, տանկը հարձակողական զինատեսակ է, տանկն ինչի՞ համար ես գնում»,- կարծում է նա։
Հայկ Նահապետյանի կարծիքով՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության առաջ պետք է դրվի նախևառաջ 44-օրյա պատերազմի պատճառների բացահայտման խնդիրը։ Նա այս համատեքստում հիշեցնում է, որ Ադրբեջանը երկնքում ուներ բացահայտ առավելություն, ինչը շատ դեպքերում որոշում է ոչ միայն առանձին ճակատամարտերի, այլ ընդհանուր պատերազմի ելքը։
«Այսինքն՝ ուզում եմ ասել, որ եթե մենք խնդիր ենք դրել հակառակորդ հարձակումը չեզոքացնել, ապա մեր զինատեսակների առյուծի բաժինը պետք է ուղղված լինի երկնքում հակառակորդի առավելությունը չեզոքացնելուն։ Հիմա դուք տանկեր եք գնում՝ ինչի՞ համար, ընդ որում չեն էլ գնել, ընդամենը մտադրություններ ու բանակցություններ են։ Սրանից հետո Ալիևն ասելու է, որ Հայաստանը պատրաստվում է մեր դեմ պատերազմի, ապացույցն էլ՝ հարավկորեական տանկերն են, ու եթե․ օրինակ․ 5-10 տակն են գնելու, ասելու է, որ 100 հատ ենք գնում, իսկ 100 տանկն արդեն լուրջ ճեղքում իրականացնելու համար հարձակողական տեխնիկա է։ Իրենք ամեն պատեհ-անպատեհ առիթով հնարավորություն են տալիս Ալիևին, որ նա վաղը չէ մյուս օրը մեր դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում հիմնավորի, որ դա կանխարգելիչ հարձակում է, որովհետև հայկական կողմը թղթերով այնքան էր զինվում, որ ինքն այլ ելք չուներ»,- շեշտեց նա։
Փորձագետը նկատում է, որ այս իշխանությունները բանակի բարեփոխումները դարձրել են բերանի մաստակ, ինչը կարող է աղետելի հետևանքներ ունենալ։ Ըստ նրա՝ Ադրբեջանի մյուս առավելությունը հատուկ նշանակության ստորաբաժանումներն էին, որոնք 44-օրյա ընթացքում բավականին արդյունավետ գործեցին։
«Հայաստանն ինչ է անում, սելֆի է անում՝ գալոչկայի համար։ Հայտարարում են, որ գնացել են, բանակցել են, բայց այդ բանակցությունների մասին անգամ տասնյակ տարիներ հետո պետք է չիմացվի, քանի որ դա լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ տարածաշրջանում իրավիճակի լարման դեպքում Հայաստանն անգամ չի կարողանալու ստանալ իր գնած սպառազինությունը։
Հայկ Նահապետյանը հավելեց, որ իր տպավորությամբ Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ հակառակորդի քարոզչական խաղաքարտ տա՝ ՀՀ-ի դեմ հարձակում սկսելու համար։ Նրա խոսքով՝ իրավիճակը հանգուցալուծման ճանապարհը մեկն է՝ գործող վարչակազմի հեռացումը, այլապես նոր կորուստներն անխուսափելի են։
Դավիթ Գույումջյան