Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 16:00 22-01-2024

Փաշինյանը դիմադրելու ռեսուրս չունի․ խաղաղության պայմանագիրն արտահայտելու է Ալիևի պահանջները

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հունվարի 20-ին՝ ուղիղ մեկ շաբաթ ուշացումով, արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին սպառանալից հայտարարություններին, որոնցում նա նշել էր, որ հայկական կողմը պետք է Մեղրիով անարգել հաղորդակցություն ապահովի Ադրբեջանից Նախիջևան գնալու համար։ ԱԳՆ-ից նշել էին, որ ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ներկայացվել են բոլոր այն տնտեսական կապուղիները, որոնք հայկական կողմն առաջարկում է վերականգնել կամ ստեղծել։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևը փաստացի բաց տեքստով պահանջել էր Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք տրամադրել՝ ասելով, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան բեռներն ու մարդիկ պետք է անցնեն առանց որևէ ստուգման։ Նա սպառնացել էր, որ եթե ՀՀ-ն այս պահանջը չկատարի, ապա Ադրբեջանն որևէ այլ հատվածում Հայաստանի հետ սահմանը չի բացի։

Oragir.News-ը ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Ադրբեջանին չի բավարարում ՀՀ կառավարության առաջ քաշած տարբերակը և ինչո՞ւ է այդ երկիրը ձգտում անարգել հաղորդակցություն ստանալ։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ այս նախագիծը ոչ թե խաչմերուկ է, այլ խաչքաշուկ, իսկ Ադրբեջանի նախագահն ունի իր հստակ ծրագիրը, որը նախատեսում է միջանցքի գաղափարը։

«Այսինքն՝ Հայաստանի կողմից չհսկվող ուղի, որը, Փաշինյանն իբր չի ուզում տրամադրել և առաջարկում է ՀՀ-ի կողմից հսկվող ճանապարհի գաղափարը։ Բնական է, որ Փաշինյանը չունի այն ուժը և ռեսուրսը, որով նա կարող է ապահովել այդ խաչքաշուկի գաղափարը, իսկ Ալիևը՝ ունի, ինչն արտահայտված է պատրաստ մարտունակ զորքով և Թուրքիայի աջակցությամբ»,- ասաց նա։

Արմինե Ադիբեկյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը 5 տարվա ընթացքում քանդեց մեր բանակը, որն իրեն հնարավորություն կտար պաշտպանել այդ առաջարկը։ Նա հայկական կողմի արձագանքը որակեց որպես «մոծակի տզզոց», որը, բացի դատարկ խոսակցություններից ոչ մի այլ արժեք չունի։

«Ի վերջո Փաշինյանը ստիպված է լինելու ստորագրել պայմանագիրն այն տեսքով, որը ձեռնտու է Ադրբեջանին։ Նա դրան գնացել է 5 տարի շարունակ՝ Արցախը հանձնելով, բանակը կազմաքանդելով, հասարակությանը պառակտելով, ընդհանուր ատելության մթնոլորտ սերմանելով և այլն։ Դա այն գինն է, որը Փաշինյանը վճարելու է մեր ապագայով»,- կարծում է նա։

Հարցին, թե բացի Ադրբեջանից, էլ ովքե՞ր են ՀՀ հարավով անարգել հաղորդակցության ապահովման միջազգային շահառուները՝ ադրբեջանագետը պատասխանեց՝ բոլոր այն կողմերը, ովքեր ունեն տնտեսական շահեր։ Նրա խոսքով՝ իրականում հաղորդակցությունները բացելու գաղափարը միշտ է եղել, պարզապես միշտ Հայաստանն էր ուժեղ դիրքերում, ուներ բանակ, արտաքին աշխարհում հեղինակություն, ինչպես նաև իր հստակ օրակարգն ու մոտեցումը, ուստի Ադրբեջանին փորձում էին կոտրել, որպեսզի նա ճանաչի Արցախի անկախությունը և դրանից հետո բացվեն բոլոր հաղորդակցությունները։

«Բայց այնպես ստացվեց, որ հայ ժողովուրդն ընտրեց ինքնաոչնչացման տարբերակը, այսինքն՝ ընտրեցին «հպարտ» Փաշինյանին, իսկ այդ կոմունիկացիները պետք է վաղ թե ուշ բացվեին։ Իհարկե տնտեսական առումով բոլոր կողմերին, ովքեր Հայաստանում և Ադրբեջանում ունեն ներդրումներ և շահագրգռված են ավելի մատչելի տարբերակով փոխադրել իրենց ապրանքները, սա ձեռնտու է։ Թուրքիան, որը նպատակ ունի Հայաստանը ոչնչացնել, քանի որ ՀՀ-ն միշտ իր կոկորդին խանգարող ոսկոր է եղել, նույնպես շահագրգռված է այս նախագծով»,- ասաց նա։

Արմինե Ադիբեկյանը հավելեց, որ այս գործընթացում բոլոր դերակատարներն իրենց շահերն են հետապնդում։ «Այս պարագայում պաշտպանում են բոլորի շահերը, բացի Հայաստանից, որովհետև Հայաստանն արդեն իր ոչնչացման վերջին փուլում է գտնվում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան