Բյուրականի Ս. Հովհաննես եկեղեցին կառուցել է Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը 9-րդ դարի վերջին։ Եզակիներից է, որ չի ավերվել ու դրա շնորհիվ պահպանել է բացառիկ մանրամասներ` մասնավորապես պատուհանի ծակոտկեն քարե ծածկերը։ Ընդհանրապես, ճարտարապետների բանավեճի նյութ է եղել, թե մեր հին եկեղեցիների մեծադիր լուսամուտները ծածկվե՞լ են, թե՞ ոչ։ Պատուհանի փեղկերի հետքեր չեն մնացել։ Բայց ահավասիկ` քարե պատուհանները մեր աչքի առաջ են։ 13-14-րդ դարերի եկեղեցիներում եղել են ավելի նրբաքանդակ քարե ծածկեր (օրինակ՝ Նորավանքում)։ Սակայն դրանք ծակոտկեն ու փխրուն լինելով, կոտրատվել ու իսպառ վերացել են։