copy image url
Ներքին Արտաքին Խոսք 3 ամիս առաջ - 20:00 17-01-2024

Ֆրանսիայի Սենատի բանաձևը ՀՀ-ին գործնականում ոչինչ չի տալու

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Ֆրանսիայի Սենատում այսօր քննարկվելու է Արցախում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող և հետագայում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ցանկացած ագրեսիայի և տարածքային ամբողջականության ոտնահարման փորձերը կանխող բանաձև ընդունելու նախագիծը։

Սենատի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ բանաձևը կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգո սահմանել։ Բանաձևով նաև պահանջվում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ։

Միևնույն ժամանակ այս բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի Ադրբեջանը հրատապ և խաղաղ կերպով միանա դիվանագիտական ուղիներով բանակցային գործընթացին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը հասնելու համար։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ընդգծեց, որ այս բանաձևը Հայաստանին գործնականում ոչ մի բան չի տալու։ «Եթե մենք ենթադրում ենք, որ դրանից հետո Ադրբեջանը պիտի ավելի պակաս ագրեսիվ դառնա, կամ ինչ-որ էական բան փոխվի, ապա այդ իմաստով ասում եմ, որ գործնականում ոչինչ չի տալու»,- կարծում է նա։

Սուրեն Սուրենյանցը միևնույն ժամանակ նկատում է, որ նման բանաձևերն ու որոշումներն ավելի երկարաժամկետ հեռանկարում կարող են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ դրականության ունենալ։ Նրա խոսքով՝ դա տեղի կունենա, եթե պաշտոնական Երևանը կարողանա իր երկարաժամկետ քաղաքականության մեջ նման որոշումների ու բանաձևերի ազդեցությունը օգտագործել։

Հարցին, թե արդյոք ֆրանսիական կողմը շահագրգռվա՞ծ է հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ, թե՞ պարզապես իր շահերն է հետապնդում՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ կարող է շահագրգռված լինել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Սուրենյանցն իր խոսքում ուշադրություն է հրավիրում այն բանին, որ մյուս դերակատարներն առաջնային պլան են մղում իրենց շահերը և այդ շահերի համատեքստում էլ օգտագործում են տարբեր թեմաներ, այդ թվում մեր խնդիրները։

Քաղաքագետը նաև իրատեսական չհամարեց, որ այս բանաձևը կարող է երաշխիքներ ստեղծել, որոնք արցախահայությանը թույլ կտան վերադառնալ իրենց հայրենիք։ «Ես ռեալիստ եմ, հրաշքների չեմ հավատում, արցախահայության վերդարձի թեման փակված թեման փակված եմ համարում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված