Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 23:14 16-01-2024

Հրեշավոր բան եք արել՝ մեր առողջությունը կարևորելու պոպուլիզմի անունով․ Թաթուլ Հակոբյանը քննադատում է Կառավարությանը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը, անդրադառնալով սպիրտի ակցիզային արժեքի թանկացմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Կառավարության сухой закон-ը

Այսօր առավոտյան մեր հաշվապահը հաղորդագրություն ուղարկեց՝ տեղեկացնելով, որ հունվարի 1-ից 1 լիտր սպիրտի ակցիզային արժեքը 1700 դրամից դարձել է 7000 դրամ, այսինքն՝ մոտ 5 անգամ թանկացել է: Ես, անկեղծորեն, չգիտեի այդ մասին, ինչն իմ թերացումն է:

Առաջին արձագանքն այն էր, որ պետք է մեր փոքրիկ արտադրությունը փակել, որովհետև չենք դիմանա մրցակցությանը: Իհարկե, օրենքը բոլորի համար է, բայց պարզ է, որ ակցիզային հարկի թանկացումից կործանվելու են փոքրերը, իսկ խոշորները մի կերպ կդիմանան, հետո նաև կզբաղեցնեն փոքրերի տեղը:

Լավ, գոնե հնարավոր չէ՞ր օրենքն այնպես ընդունել, որ, օրինակ, այն ուժի մեջ մտնի ժամանակի ընթացքում, ասենք՝ 3 տարի ժամանակում, որպեսզի կարողանանք ազատվել մեր մրգային սպիրտի այն խմբաքանակից, որ կուտակել ենք վերջին 4 տարիներին ընթացքում՝ հավատալով, որ ամեն տարի կավելացնենք մեր սպառումը շուկայում:

Ես մի կողմ եմ թողնում, որ 600 քառակուսի մետր արտադրական տարածք եմ կառուցել սահմանի բերանին, որը չեմ էլ կարող վաճառել, որովհետև չկա իմ նման երկրորդ ապուշը, որ գնա սահմանից 1000 մետր հեռավորության վրա գործ դնի: Խելացիները թենիսի կորտերում են ներդրում անում:

Լավ, այս 600 քառակուսի մետրը ես կվերապրոֆիլավորեմ և ասենք կով, ոչխար, խոզ կպահեմ, գուցե՝ տնական հավ... Իսկ ի՞նչ անեմ այն մրգային սպիրտը, որ կաթիլ կաթիլ աշխատանքով, քրտինքով, ծանր, ահավոր աշխատանքով կուտակել եմ:

Ամեն դեպքում, սա իմ խնդիրն է, բայց չի կարել այսպես անաստված օրենք ընդունել: Դուք հո Գորբաչովը չե՞ք, որ сухой закон-ով մտածում եք մեր առողջության մասին:

Գոնե կարելի է՞ր մի փոքր ժամանակ և արտոնություն տալ տեղական արտադրությանը: Մենք Կանադայից սպիրտ չենք բերում: Մենք գյուղացիներին, ամենաչքավոր մարդկանցից գնում ենք անտառում աճող հոն, վայրի տանձ, վայրի խնձոր, մամուխ, շլոր, մոշ ու էլի լիքը բաներ, մարդիկ մի քանի ամիս անտառից բերք են բերում, երկու կոպեկ աշխատում, հաց ու շաքար գնում:
Պարզ է, որ այս օրենքով ԲՈԼՈՐ մրգային օղիներ արտադրողները կփակվեն:

Մի խոսքով, լավ բան չեք արել, հրեշավոր բան եք արել՝ մեր առողջությունը կարևորելու պոպուլիզմի անունով:

Դե, մենք էլ մտածենք, թե ոնց ենք ազատվելու նախկին 5-6 տարիներին մոտ 150 տոննա անտառային մրգերից ստացված մրգային օղիներից:

Հաստատ է մեկ բան՝ դադարեցնելու ենք արտադրությունը և զբաղվելու ենք damage control-ով, գոնե փորձենք վնասները մասամբ հետ բերել:

Առողջ և թափ եղեք:
Թ. Հ.
Երևան, 16 հունվարի, 2024թ»։

Համացանցում լրագրողի գրառմանն ի պատասխան կոշտ մեկնաբանություններ հայտնվեցին, որոնցում քննադատվում է մշտապես իշխանամետ դիրք բռնած Հակոբյանի լռությունն ավելի կարևոր հարցերի շուրջ։

«Ասըմա․ «5000 հոգու կոտորեցին, բան չասի; Արցախը ծախին, հետո էլ հայաթափեցին, բան չասի; Հայաստանի տարածքները սկսեցին ծախել, էլի բան չասի, բայց որ արաղներիս կպան, էլ չդիմացա - հմի գիրք եմ գրելու «Արաղի օրագիր»։
«Արաղի ուժը» ուսումնասիրությունների կենտրոն»,- գրել է օգտատերերից մեկը։