Եմենի հակամարտությունը Հարավային Կովկասի վրա կազդի, եթե Իրանը ներգրավվի պատերազմում
copy image url

Եմենի հակամարտությունը Հարավային Կովկասի վրա կազդի, եթե Իրանը ներգրավվի պատերազմում

Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 22:30 16-01-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վերջին օրերի կտրուկ լարվել է Եմենում տիրող իրավիճակը. ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի 11-ի, լույս 12-ի գիշերը Կարմիր ծովի կողմից ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից հարվածներ են հասցրել Եմենում հութիների «Անսար Ալլահ» ապստամբական շարժման ավելի քան 60 թիրախների: Մասնավորապես խոցվել են հութիների անօդաչու թռչող սարքերի, հրթիռների տեղակայման վայրերը եւ ռադիոտեղորոշիչ կայանները։

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները նշել են, որ հարվածները պաշտպանական բնույթեն կրել։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Եմենում հարվածը հասցվել է՝ ի պատասխան Կարմիր ծովում հութիների հարձակումների:

Այս հարձակումներն առաջացրել են մասնավորապես իրանական կողմի դժգոհությունը. Իրանի արտաքին գործերի նախարարությունը հունվարի 12-ին խստորեն դատապարտել է Եմենի հութիների վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումը: Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Թեհրանում դա համարում են Եմենի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգայինօրենքների, կանոնակարգերի և իրավունքների բացահայտ խախտում:

Oragir.News-ի հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանը նշեց, որ Եմենի շուրջ տեղի ունեցող զարգացումները և հութիների դեմ իրականացվող գործողություններն ուղիղ կապ ունեն Գազայում ավելի քան 100 օր ընթացող պատերազմի հետ։ Նրա խոսքով՝ հութիական «Անսար Ալլահ» խմբավորումը՝ որպես այսպես կոչված հակամերիկյան և հակաիսրայելական դիմադրության առանցքի կարևոր ներկայացուցիչ, իր վերաբերմունքն է արտահայտում Գազայում Իսրայելի գործողությունների և նրա դաշնակիցների ցուցաբերած աջակցության դեմ։

Արաբագետը նկատում է, որ շուրջ 3 ամիս շարունակվող հութիների ակտիվությունը, դիպի Իսրայել մեկնող նավերի թիրախավորումները, Կարմիր ծովում Բաբ էլ-Մանդեմի նեղուցում պարբերաբար առաջացող խնդիրներն ուղիղ կապ ունեն Գազայում տիրող իրավիճակի հետ։ Նրա համոզմամբ՝ հութիների դեմ ԱՄՆ-ի և նրա ձևավորած միջազգային կոալիցիայի գործողություններն իրականացվում են՝ հակաիսրայելական, հակաամերիկյան, տվյալ դեպքում նաև իրանամետ տարբեր դերակատարների կողմից տարածաշրջանային լարվածության մեծացումը կանխելու նպատակով։

«Եթե այժմ մենք ակտիվ ռազմական գործողություններ ենք տեսնում Եմենի հութիական «Անսար Ալլահ» խմբավորման դեմ, ապա մինչև այդ ականատես ենք եղել շատ ակտիվ դիվանագիտական ջանքերի լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մասով, որպեսզի այս խմբավորումը նույնպես չմիջամտի պատերազմին և խնդիրներ չառաջացնի Իսրայելի ու առհասարակ ողջ տարածաշրջանի համար»,- ասաց նա։

Արմեն Պետրոսյանը ուշադրություն հրավիրեց այն բանին, որ ԱՄՆ-ի կողմից ոչ ուղիղ կերպով դիվանագիտական ուղերձներ են փոխանցվում նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը, որպեսզի պատերազմի կրակը չընդլայնի իր սահմանները. «Այսինքն, այդ ուղիղ կապը կա, և պատճառը հութիների փորձերն են՝ իրենց աջակցությունը ցուցաբերել պաղեստինցի արաբ ժողովրդին և այնտեղ գործող խմբավորումներին»։

Հարցին, թե Եմենի հակամարտությունը կարո՞ղ է ընդլայնվել և ազդել մեր տարածաշրջանի վրա, արաբագետը պատասխանեց, որ ներկայումս նման ռիսկեր չկան, սակայն դրանք կարող են առաջանալ, եթե իրավիճակին ուղղակի մասնակցություն ունենա Իրանը։ Նա նշեց, որ իրանական կողմն այս պահին խուսափում է տարածաշրջանային զարգացումներում իր ներգրավվածությունը մեծացնելուց, քանի որ շատ լավ հասկանում է, որ իր հակառակորդները ձգտում են իրեն ներքաշել պատերազմի մեջ և նման կերպ երկիրը թուլացնել ռազմական ու տնտեսական առումով, ինչպես նաև ապակայունացնել իրավիճակը ներսում։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ ընդգծեց, որ ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց մյուսդաշնակիցների գործողությունները գոնե երկրորդական հարթությունում միտված են Իրանի տարածաշրջանային ազդեցությունը չեզոքացնելուն։

Արմեն Պետրոսյանը նաև հավելեց, որ Իրանի ներկայիս վարքագիծը ցույց է տալիս, որ երկիրը կխուսափի ուղիղ մասնակցություն ցուցաբերելուց, իսկ եթե ներկայիս մակարդակով նա ինչ-որ ներգրավվածություն ունենա, ապա դրա հետևանքները շատ ավելի ծանր կլինեն։ «Իհարկե չի կարելի բացառել, որ Իրանը կարող է ինչ-որ փուլում ներգրավվել ռազմական գործողություններին, բայց սա այն կրիտիկական պահը չէ»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան