Ադրբեջանը քննադատում է Ֆրանսիային, քանի որ նա ՀՀ-ին սպառազինություն է մատակարարում
copy image url

Ադրբեջանը քննադատում է Ֆրանսիային, քանի որ նա ՀՀ-ին սպառազինություն է մատակարարում

Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:00 11-01-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վերջին շրջանում Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններում կրկին լարվածության միտումներ են նկատվում՝ կապված Բաքվում Ֆրանսիայի քաղաքացու ձերբակալության հետ, որոնց ադրբեջանական կողմը մեղադրում է լրտեսություն իրականացնելու մեջ։ Ավելին՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջըզադեն նախօրեին հորդորել էր Ֆրանսիային չխառնվել երկրի ներքին գործերին։

Հաջըզադեի հայտարարությանը արձագանքել էր նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը՝ հերքելով Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեղադրանքները և պահանջել ազատ արձակել Բաքվում կալանավորված իր քաղաքացուն։ «Մենք վճռականորեն հայտարարում ենք, որ մերժում ենք Ադրբեջանի կողմից մեղադրանքները, որոնք միտված են մեր դեմ իր թշնամական գործողություններն արդարացնելուն»,- նշել են գերատեսչությունից՝ կամայական որակելով Ադրբեջանում ֆրանսիացու կալանավորման գործողությունը։

Oragir.News-ը քաղաքագետ Արմեն Բադալյանից հետաքրքրվեց, թե օբյեկտիվ գնահատմամբ՝ Ֆրանսիան միջամտո՞ւմ է Ադրբեջանի ներքին գործերին, ինչին ի պատասխան նա նշեց, որ ներքին գործերին միջամտել արտահայտությունն այնքան վերացական է, որ ոչ ոք չի կարող դրա կոնկրետ որոշակիությունը տալ։ Նա ընդգծեց՝ երբ որևէ երկրում մեկ այլ երկրի դեսպան հայտարարում է, որ տվյալ երկրում մարդու իրավունքների ոլորտը բարձիթողի վիճակում է, և մարդու իրավունքները չեն պաշտպանվում, հստակ չէ՝ դա միջամտությո՞ւն է երկրի ներքին գործերին, թե՞ գնահատական է պետության այդ ոլորտում տիրող իրավիճակին։

«Բավականին դժվար է սահմանել, թե ինչ է նշանակում միջամտել այլ պետության ներքին գործերին։ Դրա վերաբերյալ կա ռուսական մոտեցումը, համաձայն որի՝ եթե ասում ես՝ մարդու իրավունքները չեն պաշտպանվում, նշանակում է՝ միջամտում ես պետության ներքին գործերին, ինչպես նաև կա արևմտյան մոտեցումը, որն ասում է՝ ես ոչ թե քո ներքին գործերին եմ միջամտում, այլ գնահատողական դիրքորոշում եմ հայտնում։ Ուստի դժվար է ասել՝ Ֆրանսիան միջամտո՞ւմ է Ադրբեջանի ներքին գործերին, թե՞ ոչ»,- կարծում է նա։

Արմեն Բադալյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Ադրբեջանի նման գործողությունները պարզապես հարմար առիթ են Ֆրանսիային քննադատելու և դժգոհություն հայտնելու համար։ Նրա համոզմամբ՝ իրական պատճառն այն է, որ Ադրբեջանը տեսնում է, որ Ֆրանսիան թեկուզ թեթև և ոչ էական, այնուամենայնիվ սպառազինություն է մատակարարում Հայաստանին, ինչից նա դժգոհ է և փաստացի առիթն օգտագործում է, որպեսզի Ֆրանսիային ցույց տա, որ վերջինս այլևս այն երկիրը չէ, ով կարող է Ղարաբաղյան հարցի վերաբերյալ դիրքորոշում ունենալ, կամ Ադրբեջանին իր պայմանները թելադրել։ «Առիթը կարող է տարբեր լինել՝ քաղաքացու են ձերբակալել, նախկինում զենք են մատակարարել, սակայն Ադրբեջանը Ֆրանսիային ցույց է տալիս, որ նա այլևս նախկին Ֆրանսիան չէ, ընդամենը մի անհաջող երկիր է»,- նկատեց նա։

Հարցին, թե ֆրանսիական կողմի հայտարարությունից կարո՞ղ ենք ենթադրել, որ Ֆրանսիան ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը, կամ առնվազն չի բացառում նման հնարավորությունը՝ մեր զրուցակիցը պաստասխանեց, որ դա դժվար է ասել, քանի որ հայտարարությունները մի բան են, իսկ գործողությունները՝ մեկ այլ։ Նա շեշտում է՝ այս պահի դրությամբ չի տեսել, որ Ֆրանսիայի դեսպանը պաշտոնապես հանդիպի Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյան հետ և ինչ-որ հարցեր քննարկի։

Քաղաքագետը միևնույն ժամանակ նշում է, որ տարբեր հայտարարություններ կարող են անել՝ հաշվի առնելով Ֆրանսիայում ընթացող նախընտրական արշավները։ Նա հիշեցրեց, որ Ֆրանսիայում հայկական համայնքը բավականին ազդեցիկ է, և, բնականաբար, նախագահ Էմանուել Մակրոնը կցանկանար, որ գալիք համապետական ընտրություններում հայկական համայնքի ձայները խորհրդարանական ընտրություններում գնային իր կուսակցության, իսկ նախագահական ընտրություններում՝ իր կողմից պաշտպանվող թեկնածուի օգտին. «Ուստի կարող են նման հայտարարություններ անել, բայց այս պահի դրությամբ Ֆրանսիան Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չի կիրառել, Եվրոպական միության բարձրագույն ատյաններում Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը չի բարձրացրել և այլն»։

Արմեն Բադալյանը հավելեց, որ հայտարարությունների մակարդակում կարող են ամեն ինչ հայտարարել, սակայն դրանք այլևս ոչ մի դերակատարություն չունեն, դրանք գործնական բնույթ չեն ստանում։ Նա ասաց՝ երբ հայտարարությունները գործնական բնույթ ստանան, նոր կարող ենք ասել, որ ինչ-որ բան է փոխվել։

Դավիթ Գույումջյան