Երևան +15°
copy image url
Մշակույթ 3 ամիս առաջ - 12:56 07-01-2024

Ինձ անլաց թաղեցեք, ինձ անխոս թաղեցեք. լռությո՜ւն, լռությո՜ւն, լռություն անսահման․ Տերյանի հիշատակի օրն է

1920 թվականի հունվարի 7-ին հեռավոր, ցրտաշունչ Օրենբուրգում աչքերն ընդմիշտ փակեց մեր մեծագույն հանճարը՝ Վահան Տերյանը։ Նրա կյանքի երկրային ուղին մի պայքարի ճանապարհ էր՝ հանուն մարդկայնության, հանուն հայկականության, հանուն մաքրամաքուր պոեզիայի։ Արդեն մի դար է անցել Տերյանի մահից, բայց նա շարունակում է փարոսի նման լուսավորել սերունդների ճանապարհը։

Նա դարձավ իր հաջորդների համար ուսուցիչ, որ գլխիվայր փոխեց մեր գրականության ընթացքը։

Իր օրագրերում Չարենցը գրում է․ «Մի տարի է մոտ, որ ես թանգարանից Խանջյանի կարգադրությամբ վերցրել եմ Վահան Տերյանի ձեռագրերը՝ նրա անտիպ երկերը հրատարակության համար պատրաստելու նպատակով։ Ես սկսեցի արտագրել ձեռագրերը, որպեսզի միշտ ձեռքի տակ ունենամ, և բնագրերը չփչանան հաճախակի թերթելուց։ Բայց դեռ չեմ վերջացրել և չեմ էլ շտապում։ Մի զարմանալի քնքուշ և խնդագին զգացմունք եմ ունենում յուրաքանչյուր անգամ, երբ հիշում եմ, որ այնտեղ՝ սեղանիս դարակում, պահված են Տերյանի, հասկանու՞մ եք, իսկական ձեռագրերը… նրա ձեռքով գրված այդ թերթիկները… Երբ անչափ տխուր եմ լինում, հանում եմ, նայում… կարծես՝ արեգակն է պահված իմ գրասեղանի դարակում… Այդ մետաքսյա թերթիկները՝ ծածկված չինական սև մելանով, գրված չքնաղ, ազնվական գրերով… Զարմանալի մաքուր և գեղեցիկ ձեռագիր է ունեցել այդ մարդը։ Ձեռագիրն անգամ նուրբ է, ինչպես նրա ողջ ստեղծագործությունը՝ նուրբ ու մաքուր։ Իմ կյանքի ամենամեծ խնդությունն է դա. հանել մեկ-մեկ այդ ձեռագրերը և նայել…

-Օ՜, հեռու ընկե՛ր իմ… Վահա՛ն Տերյան…»։



1919թ․ Տերյանը նախաձեռնում է իր առեղծվածային ճամփորդությունը դեպի Միջին Ասիա՝ Տաշքենդ։ Անահիտը հետագայում ասել էր, որ իրենք ծրագրում էին Իրանով Շվեյցարիա հասնել, որտեղ Տերյանը բուժվելու հնարավորություն կունենար։

Անահիտը մի քանի ամսից երեխա պիտի ունենար, բայց միայնակ չի թողնում ամուսնուն։ Այդ ծանր ճամփորդության մանրամասները մեզ հասել են հենց Անահիտի գրառումներից։ Հոկտեմբերի 25-ին սկսված ճամփորդությունը տևում է մի քանի ամիս, որովհետև ճանապարհի կեսից երկաթուղային ճանապարհ չկար։

Հոկտեմբերի 31-ին Սամարայում Անահիտը գրում է. «Եղավ Ֆրունզեի մոտ: Գնաց նահանգային գործկոմի նիստի, վերադարձավ ուշ գիշերին եւ արդեն ջերմություն ուներ: Եղանակը խոնավ էր, սառնամանիքները դեռ չէին սկսվել: Հաջորդ օրվանից նա հիվանդ պառկեց»:

Նոյեմբերի 8-ին գրում է. «Բժիշկը եկավ, դիտեց կոկորդը եւ ասաց, որ վտանգը այնքան էլ մեծ չէ, եւ երեք օրից կարելի է շարունակել ճանապարհորդությունը դեպի Տաշքենդ: Իմ այն առաջարկություններին, թե վերադառնանք Մոսկվա, Վահանն ասում էր, որ փողերը ծախսված են, ոչինչ արված չէ, կիսաճանապարհից վերադառնալն անհնարին է»:

1919 թվականի նոյեմբերին Սամարայում գրում է իր վերջին բանաստեղծությունը. «Գինով եմ, գինով եմ ես էլ» …



Նոյեմբերի 22-ին Սամարայից ռազմասանիտարական գնացքով մեկնում են Օրենբուրգ: Դեկտեմբերի 13-ին գնացքը կանգ է առնում Օրենբուրգից 9 կմ հեռավորության վրա, մնում են մինչեւ 18-ը:

«Դեկտեմբերի 19-ին ես գնացի Օրենբուրգ, - շարունակում է Ա. Շահինջանյանը, - որպեսզի սկսեմ դես ու դեն ընկնել` մի ուրիշ գնացք նստելու համար: Ամեն ինչ կարգավորվեց. մյուս օրը պետք է մեկնեինք, բայց ջերմությունը բարձրացավ մինչեւ 40.8: Ես դուրս էի եկել: Վերադարձա, նա արդեն ինձ նամակ էր գրում` կարծելով, որ կմեռնի մինչեւ իմ վերադարձը: Ես արդեն տեսա, որ շարունակել ճանապարհն անկարելի է, առաջարկեցի գնալ Օրենբուրգ` իմ ծանոթ Օհանյանների մոտ: Նա այդ օրն առանց ինձ այնքան էր տանջվել, որ ասաց. «Ինչ ուզում ես արա, միայն ինձ մահից փրկիր»: … Օրենբուրգ մենք գնացինք սահնակով: Երբ հասանք, նա համարյա անզգա էր, սակայն տնային հարմարավետ պայմանները, ընտանիքի ջերմությունը նրան վերակենդանացրին: Նա աշխուժացավ, եւ երեկոյան բոլորս նստել թեյում, պարզ ու սիրալիր խոսակցում էինք: Դեկտեմբերի 20-ի օրը մինչեւ երեկո նա իրեն լավ էր զգում: Սենյակում դաշնամուր էր դրված: Ստիպեց ինձ ամբողջ օրը նվագել:

Դեկտեմբերի 21-ին անկողին ընկավ եւ այլեւս վեր չկացավ: Դեկտեմբերի 30-ից պարբերաբար, օրընդմեջ, նրան սկսեց այցելել մի ուրիշ բժիշկ: Ջերմությունը ցածր էր` 35.6 աստիճան: Աղիքների պրոցեսի հետեւանքով նա ոչինչ ուտել չէր կարողանում: Անգամ անկողնում չէր կարողանում շարժվել:

1920 թ․ հունվարի 4-ից մարմինը սկսեց սառչել: Հունվարի 6-ին առբաժնի միջոցով կոնսուլիում հրավիրվեց` երեք բժշկից բաղկացած: Ասացին, որ ոչինչ անել չի կարելի, ամեն րոպե պետք է սպասել վախճանին: Ամբողջ գիշեր` հունվարի 6, լույս 7, նա չքնեց բնավ: Մի քանի անգամ խնդրեց շորերը հագցնել, նստեցնել բազկաթոռին, սակայն այնպես թույլ էր, այնքան ուժասպառ ու հյուծված, որ միանվագ հինգ րոպե անգամ չէր կարողանում նստել: Ոտքերն ու ձեռքերն արդեն փայտացել էին, խնդրեց տրորել: Զարմանալի կերպով հանգիստ էր նա այդ միջոցին:



Արցունքները գլոր-գլոր թափվում էին իմ աչքերից: Տեսնելով այդ` Վահանը խնդրեց լաց չլինել եւ ապա հարցրեց. «Ի՞նչ ես կարծում, ու՞մ է դժվար` նրան` ով մեռնո՞ւմ է, թե՞ մերձավորներին, որ կենդանի են մնում…»: Մարմինը բոլորովին սառավ: Ոչինչ չէր կարողանում ընդունել, դժվարությամբ էր խոսում… Չնայած այդ բոլորին` անվերջ ասում էր. «Գնանք, շուտով Մոսկվա գնանք…»:
Առավոտյան գնացի բուժակի հետեւից: Սրսկման միջոցին Վահանը խոսում էր եւ հարցրեց. «Հնարավո՞ր է, արդյոք, անվերջ ծակոցներ անել եւ կյանքը երկարացնել եւս մի շաբաթ»:

Կամֆորայի սրսկումից հետո շուրջ երկու ժամ նա գիտակցում էր: Նկատելի աշխուժացավ, ասես գերբնական մի զվարթություն եկավ վրան, ու ցավերը մեղմացան: Ապա ինձ խնդրեց մոտը հանգիստ նստել, լաց չլինել ու չհեռանալ: Հանդարտ նստեցի կողքին, ինքը խաղաղ ու անդորր պառկեց: Թափառող հայացքով ինչ-որ բան էր փնտրում օդի մեջ. վերջին պահին կիսով չափ բարձրացավ եւ «Ու՞ր է իմ պորտֆելը, ես ընկնում եմ», -ասաց ու փակեց աչքերը»»,- իր հուշերում գրում է Անահիտ Տերյանը:



Եվ այսպես, հունվարյան ցրտաշունչ մի օր սակավաթիվ մարդկանց ուղեկցությամբ, տխուր լռությամբ օրենբուրգյան սառը հողին են հանձնում Տերյանին…