«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի և վավերագրող Սեդա Գրիգորյանի նկատմամբ կատարվածը ցույց է տալիս, որ ադրբեջանցիներն ինտենսիվ աշխատում են քարոզչական ճակատում, օգտագործում միջազգային ինտերնետային հարթակներն ու հայ մասնագետների դյուրահավատությունը, խաբեությամբ կորզում իրենց անհրաժեշտ տեսանյութերն ու մեկնաբանությունները։ Իսկ ՀՀ իշխանություններն չեն արձագանքում, չեն ակնակում պաշտպանություն կազմակերպելու մասին։ Համարժեք հակագրոհի մասին, հավանաբար, չեն էլ մտածում։
Հունվարի 3-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում
տեղեկացրել էր, որ մեկ ամիս առաջ վավերագրող Սեդա Գրիգորյանին հարցազրույց է տվել, որի կադրերն օգտագործել է ադրբեջանական CBC ալիքը և խեղաթյուրող ռեպորտաժ հրապարակել Երևանի մասին։ Այդ ռեպորտաժի 16-րդ րոպեում առկա է նաև իր՝ Միքայել Բադալյանի հարցազրույցը, որտեղ վերջինս ասում է, թե Էրեբունի հնավայրում գտնված տուֆե ջրատար խողովակները նման են Երևանի՝ Հանրապետության հրապարակից գտնված խողովակներին և կարող են թվագրել 13-14-րդ և կամ 17-րդ դարերով, միաժամանակ՝ նշում, որ ինքը միջնադարի մասնագետ չի և չի կարող հստակ խոսել այդ մասին: Հենց այս հատվածը կտրվել և դրվել է ադրբեջանական կեղծարար նյութում: Փորձ են արել ներկայացնել, իբր Էրեբունին ոչ թե ուրարտական է, այլ միջնադարյան։
Վավերագրող Սեդա Գրիգորյանն իր հերթին գրառում է արել և պարզաբանել, թե ինչպես է դարձել խաբեության զոհ։ «Ինձ հետ worldfixer.com կայքով կապ էր հաստատել ամերիկացի պրոդյուսեր ներկայացած Alex Gil-ը։ Նա ինձ տեղեկացրեց, որ ամերիկյան History Channel-ի նմանությամբ պատմական թեմաներով վավերագրական ֆիլմաշարի պիլոտային տարբերակի ստեղծման համար գործընկեր են փնտրում Հայաստանում: Նախագծի պիլոտային էպիզոդը բաղկացած է լինելու 3 հնագույն քաղաքակրթության վերաբերյալ մասերից՝ Ուրարտու, Ջերիկո (Պաղեստին/Իսրայել) և Տաշկենտ/Բուխարա (Ուզբեկստան)»,- գրում է Սեդա Գրիգորանը և հավելում, որ ֆիլմարտադրող կազմակերպության նշված պրոդյուսերը չի պատասխանում իր նամակին։
Եթե ՔՊ-ական իշխանություններն ուզենան պաշտպանել ՀՀ ազգային շահերն ու քաղաքացիների իրավունքները, ապա պարտավոր են կեղծարարության փաստով քրեական վարույթ հարուցել Միքայել Բադալյանի և Սեդա Գրիգորյանի գրառումների հիման վրա, գործակցել միջազգային գործընկերների հետ և պարզել, թե ով է օգտագործել հեղինակավոր ֆիլմարտադրող ընկերության անունը և խաբեությամբ կորզել հարցազրույց ու վավերագրական կադրեր։
Սա առաջին դեպքը չէ, որ ադրբեջանցիները խաբեությամբ հարցազրույց են կորզում և ծառայեցնում իրենց քարոզչական նպատակներին։ Եթե նախորդ դեպքերին ԱԱԾ-ն, ՀՀ իշխանությունները համարժեք արձագանքեին, ապա, հավանաբար, Միքայել Բադալյանի և Սեդա Գրիգորյանի նկատմամբ նույն կեղծարարությունը չէր կատարվի։ Այս առումով տեղի ունեցածը ոչ միայն քարոզչական հրաձգության տեսարան է, այլև ՀՀ իշխանությունների խոցելիության ցուցիչ։ Ու եթե համարժեք իրավական արձագանքի չարժանանա, ապա կարող է տպավորություն ստեղծվել, թե ՔՊ-ական իշխանությունը թույլ է տալիս, որ ՀՀ քաղաքացիներին խաբեն ու անպատիժ մնան։
Հարկ է գիտակցել նաև, որ սա շարքային հանցագործություն չէ, այլ տեղեկատվական անվտանգային խնդիր, ԱԱԾ-ի գործառույթների շարքից։ Եվ պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ստեղծագործողին ու պաշտոնյային նման խարդախություններից պաշտպանելու, տվյալ պարագայում Սեդա Գրիգորյանի հետ գործակցած կասկածելի պրոդյուսերին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Թաթուլ Մկրտչյան