Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 20:30 28-12-2023

Աբդոլլահիանի ակնարկը. ՀՀ-ն և Իրանը բարբարոսներից բխող մարտահրավերներ ունեն

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նախօրեին ժամանել էր Հայաստան, որտեղ հանդիպումներ ունեցավ մեր երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ։ Աբդոլլահիանը Երևանում մի շարք առանցքային ուղերձներ հղեց, որոնցից ամենաառանցքայինն այն վերահաստատումն էր, որ Իսլամական Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Իրանի գլխավոր դիվանագետը Երևանի իրանական Կապույտ մզկիթում հանդիպում ունեցավ նաև ՀՀ-ում բնակվող իրանցիների հետ։ Հանդիպման վայրի ընտրությունը նույնպես ուշագրավ էր, քանի որ, ինչպես հայտնի է, Ադրբեջանը հավակնություններ ունի նաև Կապուտ մզկիթի նկատմամբ և այն ներկայացնում է որպես ադրբեջանական մշակութային ժառանգության մաս։

Oragir.News-ի հետ զրույցում իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ Իրանի բարձրաստիճան ցանկացած պաշտոնյայի այցը Հայաստան կարևոր է՝ հաշվի առնելով Արցախյան 44-օրյա պատերազմից և Արցախի ամբողջական բռնազավթումից հետո ստեղծված մարտահրավերները։ Նա նշեց, որ իրանական կողմն ապահովում է ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության կարևոր բաղադրիչներից մեկը՝ մասնավորապես զսպում է Բաքվի բարբարոսական վարչախմբի ախորժակը, որը նկրտումներ ունի ոչ միայն բռնազավթված Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։

Վարդան Ոսկանյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ այցի ընթացքում վերջնականացվեց Իրանի Թավրիզ քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հարցը, որը ՀՀ-ին սահմանակից Իրանի պատմական Ատրպատականի նահանգի կենտրոնն է, և շատ կարևոր է այնտեղ ներկայություն ունենալը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը նկրտումներ ունի Իրանի այս երկրամասի նկատմամբ։ Նրա խոսքով՝ թեև Ատրպատականը բնակեցված է թյուրքախոս իրանցիներով, սակայն վերջիններս չեն կարող ադրբեջանցիներ համարվել։

Մեր զրուցակիցը շեշտում է՝ ադրբեջանա-թուրքական դաշինքը չի հրաժարվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ից, որքան էլ հայտարարի, որ հետաքրքրված չէ այս նախագծով, և ՀՀ-ի փոխարեն այն կարող է իրականացվել Իրանի տարածքով։ Իրանագետի խոսքով՝ իրանցիներն այս հարցում շատ հետաքրքիր տրամաբանությամբ են աշխատում՝ մի կողմից զսպում են ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատվածի նկատմամբ առկա հավակնությունները, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային փոխադրումներին համար տրամադրում են իրենց տարածքը։

Վարդան Ոսկանյանը կարևորեց նաև Իրանի արտգործնախարարի այն հայտարարությունը, որ ՀՀ-ն և Իրանը միևնույն քաղաքակրթական տարածքն են ներկայացնում։ Նրա խոսքով՝ Աբդոլլահիանն առաջ է մղել այն թեզը, որ հայերն ու իրանցիներն ունեն միևնույն քաղաքակրթական հիմքը, իսկ ՀՀ-ն և Իրանը՝ միևնույն քաղաքակրթական տարածքի ներկայացուցիչներ են։

«Եթե կաշկանդվածություն ունեցող որևէ անձ չի կարող սա ասել, ապա կուզենայի շարունակել միտքը, որ այո՛ Հայաստանը և Իրանը քաղաքակրթական պետություններ են, և այդ պետություններն այսօր ունեն մարտահրավերներ, որոնք բխում են բարբարոսական տարերքներից։ Այս համատեքստում շատ կարևոր է նաև ձեր խոնարհ ծառայի առաջ քաշած այն գաղափարը, որ «Հայաստանը և Իրանը պետք է կնքեն քաղաքակրթական դաշինք» նույնպես կյանքի կոչվի, որովհետև սա շատ կարևոր է մեր պետության անվտանգային ճարտարապետության ամբողջական պատկերը ստանալու համար»,- նկատում է նա։

Առավել մանրամասն՝ ձայնագրությունում։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի