Oragir.News-ի զրուցակիցը 44-օրյա պատերազմում անմահացած Վահե Եղիկյանի մայրն է՝ Կարինե Մուրադյանը։
Տիկին Կարինեն երեկ՝ դեկտեմբերի 26-ին, նշել է ծննդյան 47-ամյակը։ Վերջինս 2023թ․ սեպտեմբերից ուսանում է «Հայբուսակ» համալսարանում՝ կրկին ուսումնառություն ստանալու և իր մասնագիտական հնարավորություններն ավելի կատարելագործելու համար։։
-Ե՞րբ առաջացավ միտքը կրկին սովորելու բուհում և մասնագիտանալու որպես բժիշկ։-Միտքը, որ ստանամ բժշկական կրթություն, ինձ մոտ հղացավ շատ տարիներ առաջ, որովհետև թեպետ ինքս ունեմ տնտեսագետի բարձրագույն համալսարանական կրթություն, իմ աշխատանքում և ոլորոտում, որտեղ գործունեություն եմ իրականացնում, դա ինձ համար բավարար չէր։ Տարիներ շարունակ, երբ երեխաներիս էի կրթում, ժամանակի և ֆինանսի պատճառով ինձ ժամանակ չէր մնում։ Իսկ հիմա քանի որ այնպես ստացվեց, որ աղջիկս դարձավ կայացած մասնագետ իր ոլորտում, Վահեի բացի մասին, դե, չեմ խոսում, եկավ իմ հերթը, որպեսզի խորացնեմ իմ բժշկական գիտելիքները, այսինքն՝ այն, ինչ ունեի, ավելի մասնագիտացնեմ, ավելի հմտացնեմ։
-Կարծո՞ւմ եք, որ Վահեի չուսանած տարիներն եք լրացնում Ձեր ուսուցմամբ։-Ես էլի եմ լսել այս վարկածը․ ասում եմ վարկած, որովհետև ինչ-որ մի տեղ սրտիս խորքում, միգուցե, դա էլ է ազդում իմ որոշման վրա, բայց չեմ ուզում այդպես ասել, որովհետև իրականում Վահեիս չվայելած ուսանողական տարիները ես երբևիցե չեմ կարող վերարտադրել ու ապրել՝ ինչպես ես կուզեի, որովհետև դա ամեն դեպքում իրենը պիտի լիներ, իսկ ես հիմա իմ գործունեությունն եմ որակապես բարձրացնում։ Չեմ ուզում պրոյեկտել, որովհետև դա ինձ համար մի քիչ սխալ է։ Ես շատ ավելի ուրախ կլինեի, որ չունենայի այն ամենը, ինչ հիմա ունեմ, բայց լիներ Վահեն, ու ինքը վայելեր իր ուսանողությունը։ Փաստացի, ճակատագիրս այսպես դասավորվեց, որ ունեմ միայն իմ հոգում Վահեին, ում հոգով լցված՝ փորձում եմ ավելի կատարելագործվել։
Ես միշտ եմ սովորել։ Իմ մասնագիտական կյանքում ես որոշակի փուլեր ունեմ․ 3-5 տարին մեկ՝ ես ինչ-որ մի կերպ ավելի կատարելագործվում եմ։ Հիմա, որ հետ եմ նայում, հասկանում եմ, որ մի շրջան է գալիս, որ ես լճանալու զգացողություն եմ ունենում ու փորձում եմ առաջ քայլել։ Այդ իսկ պատճառով՝ տարիներ առաջ գնացի Մոսկվա՝ վերապատրաստվելու՝ որպես պոդոլոգ, ոչ թե մնացի միայն էսթետիկ մասնագիտության մեջ։ Դա ինչ-որ կերպ իմ աճն է՝ որպես պրոֆեսիոնալ մասնագետ։ Եթե ստացվեր այնպես, որ չլիներ այդ չարաբաստիկ պատերազմը, ու իմ տղան ուսանող լիներ, ինձ թվում է՝ ես կսովորեի ամեն դեպքում․ գուցե ոչ համալսարանական մակարդակի, այլ քոլեջային, բայց կսովորեի։ Եթե Վահեի ֆիզիկական ներկայությունը լիներ՝ որպես ուսանող՝ ինձ վրա կազդեր մի հանգամանքով․ այդ ժամանակ ես ֆինանսապես ի վիճակի չէի լինի դիմելու համալսարան, որովհետև համալսարանները վճարովի են՝ հատկապես բժշկական ոլորտը, որ առանց ֆինանսի չի կարող գոյություն ունենալ։ Բոլորն են քաջատեղյակ, որ հենց Վահեի շնորիվ ունեմ այդ ուսումը, որովհետև ֆինանսավորվում եմ պետության կողմից՝ ուսման հետ կապված։ Ինքս ունեմ այդ հնարավորությունը՝ փաստացի իր շնորհիվ։ Իհարկե, շատ ցավոտ է դա ընդունելը, բայց փաստ է։
Ես չեմ ընդունում այն, որ Երևանում կարելի է գործունեություն ծավալել առանց փաստաթղթի․ ինձ պետք էր դիպլոմավորվել։ Ուզում էի հասկանալ, թե ժամանակի և գիտելիքների առումով ինչպես կարող եմ հասնել դրան։ Քանի որ մասնագետների հետ զրույցների ու քննարկումների արդյունքում հասկացա, որ ես զուտ պետք է տրամադրեմ ժամանակ ու ուժ-եռանդ՝ դա սկսելու, ես սկսեցի։
-Ինչպիսի՞ դժվարությունների եք բախվել այս շրջանում սովորելու ընթացքում։-Մի կիսամյակ սովորել եմ։ Բացականեր, համարյա թե, չունեմ, եթե չեն եղել հիմնավոր պատճառներ։ Միշտ ներկա եմ դասերին, շատ հաճույքով եմ հաճախում։ Կոմպլեքսներ չունեմ․ ուսումը ինձ համար միակ բարձրագույն գծի վրա է դրված միշտ։ Երևի իմ տեսակից է, որ ես շփման մեջ էլ չունեմ բարդություն, որովհետև հավասարը հավասարի եմ ընդունում 18 տարեկաններին։ 30 տարվա տարիքային տարբերությունը չի խանգարում, որ որպես էսթետիկ կենտրոնի տնօրեն, հիմնադիր՝ բարդություն լինի․ միակ բարդությունն այն է, որ զուտ ժամանակի խնդիր ունեմ․ զբաղվածությունը շատ է, իսկ ես ամեն ինչ փորձում եմ անել բարձր մակարդակով՝ սովորել բարձր մակարդակի, պատասխաններ տալ, քննություններ հանձնել բարձր մակարդակի։ Դասախոսների հետ էլ շատ լավ հարաբերություններ են․ իրենք ինձ մի ուրիշ կերպ են վերցրել՝ թե՛ որպես առանձին մարդ-տեսակի, թե՛ որպես Վահեի մոր։ Իրենք անգամ զարմացել են, թե ինչպես եմ ես գնում, նստում դասերին այդ երեխաների հետ ու փորձում իրենց ինտեգրել ուսման հաճույքը զգալու մեջ։ Սովորելը ինձ համար հաճույք է, իսկ ես իրենց սովորեցնում եմ դա զգալ։
Ի տարբերություն մյուս ոլորտների՝ բժշկությունը մի տեղ է, որտեղ եթե իրականությունդ չսիրես, երբեք չես դառնա այդ մասնագետը, որովհետև լիքը էներգիա ու ժամանակ է պահանջվում։ Ինձ համար այս ամենն ավելի հեշտ է տրվում, որովհետև ես գործնականից եմ գնում տեսականի, ինչն էլ ինձ հեշտ է տրվում։ Անատոմիան ինձ համար ամենահետաքրքիրն է, որովհետև ինձ համար շատ հաճելի է։ Եթե ժամանակս տարիներ առաջ ճիշտ օգտագործեի ու մտնեի բժշկության մեջ, հավատացնում եմ, որ ես հաստատ նեյրովիրաբույժ կդառնայի։ Ինձ հետաքրքիր է ուղեղի գործունեությունը և ընդհանրապես՝ մարդը, թե ինչպիսի հետաքրքիր օրգան է մեր գլխում։ Հիանում եմ, թե ինչպես կարող է ուղեղն այդպես աշխատել։ Նեյրովիրաբուժությունն ինձ համար ուղղակի հետաքրքիր է, այլ ոչ թե առաջադեմ է, կամ ֆինանսապես կայունություն կարող է բերել։ Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք․ այսօր ունեմ իմ հնարավորությունները՝ այս պահին այս ամենն օգտագործելու և իմ ոլորտը զարգացնելու։
Սովորաբար հոբելյարներին են ցանկանում ինչ-որ մաղթանք։ Եկեք փոխենք ձևաչափը․ ի՞նչ կմաղթեք ինքներդ
-Ինչ կմաղթեք Ձեզ և այն որդեկորույս մայրերին, որոնք երկմտանքի մեջ են՝ մի մեծ բան սկսելու կապակցությամբ։-Ինձ, երևի թե, կշրջանցեմ, որովհետև դա ոչ թե ինքս ինձ մաղթանք կլինի, այլ ուղղակի իմ ապագա գործողությունների պլանավորում, որը, այսպես թե այնպես, ինձ մոտ կա․ ես միշտ եմ ինչ-որ բաներ պլանավորում, Վահեիս ասած՝ գծում ու գնում առաջ։ Իսկ մյուսներին հաստատ կասեմ մի բան․ միշտ գնացեք ձեր երազանքի, նպատակների հետևից․ դա շարժիչ ուժ է կյանքում, իսկ եթե մի հարցում կասկածում եք, հավատացնում եմ՝ միշտ է պետք անել, անգամ եթե հաջողությամբ չի պսակվելու։ Երբեք մի փոշմանեք ձեր արածների համար․ փոշմանեք չարածների ու չփորձածների համար։ Անգամ փորձը կյանքի լուրջ փորձառնություն է, միանշանակ։ Ինձ համար կարևոր է, որ մարդը գործում է ու չի նստում մի տեղում․ կապ չունի՝ ինչպես։
Այսօր մենք մամաներ ունենք, որ որոշել են երեխաներ ունենալ։ Ես իրենց ասացի, որ եթե կա մի բան, որը ձեզ երջանկացնելու է, որին դուք տենչում եք, եթե դրա մեջ կգտնենք ինչ-որ սփոփանք , հոգու բավարարվածություն, ուրեմն պիտի անեք։
Ինձ համար դա իմ գործունեությունն է, իմ աղջկա բարօրությունն է, նորմալ կյանքի բարգավաճումը։ Ինձ դա բավարար է․ բավարարում է նաև այն, որ ինձ շրջապատող մարդիկ են երջանիկ․ ես միշտ մամաներին հանդիպումների ժամանակ ասում եմ, որ ես լցվում եմ նրանից, որ ես կարողանում եմ իրենց համար ինչ-որ բան անել։ Իհարկե, ցավոտ է, բայց փաստ, որ այդ պահին ես շնորհակալ եմ իմ տղուն, որ գոնե ունեմ իրենց։