Սխալը գիտակցելն ու այն ուղղելը տարբեր բաներ են։ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ նշել է, թե իր օրոք կորուստների պատճառը նախկինների սխալ ուղին է, որը շարունակել է ՔՊ-ական իշխանությունն ու աղետներ բերել։ Նույնիսկ ակնարկում են, թե սխալը գիտակցելուց հետո մտադիր են փոխել քաղաքական ընթացքը, քաղաքակրթական ընտրություն կատարել մեր երբեմնի բախտակից ազգերի օրինակով, սևեռվել անկախության պաշտպանության նպատակի վրա։ Իրականում՝ ՔՊ-ական իշխանությունը գիտակցաբար շարունակում է սխալ ընթացքը։ Պատկերավոր ասած՝ վարորդը գիտի, որ ճամփան տանում է անդունդ, բայց չի փոխում ընթացքը։
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 25-ին ՌԴ-ում, ԵԱՏՄ ժողովում մարտահրավեր նետեց Ռուսաստանին, ասելով, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։ «Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել և հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը։ ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ»,- ասել է նա։
Փաշինյանի ասածը ծիծաղ է առաջացնում, որովհետև ԵԱՏՄ-ն ստեղծվել է որպես ռուսական աշխարհաքաղաքական նկրտումներն իրագործելու լծակ։ Եվ ՔՊ-ի սուբյեկտիվ ընկալումը չի կարող փոխել ԵԱՏՄ-ի էությունը։ Նույն հաջողությամբ կարող էր ասել, թե մածունն ընկալում են սև, փղերին էլ որպես մոծակ։ Նա հավանաբար՝ կարծում է, որ եթե կարողացել է ժողովրդի մի մասին համոզել, թե պարտության թիվ մեկ մեղավորն ինքը չի, ապա կհաջողվի հավատացնել նաև, որ ԵԱՏՄ-ն աշխարհաքաղաքական օրակարգ չունի։ Իսկ եթե ռուսները համարձակվեն քաղաքականացնել ԵԱՏՄ-ն, ապա ՔՊ-ն նրանց պորտը տեղը կդնի։ Ասում են նաև, որ ՔՊ գաղտնի ժողովներում Նիկոլ Փաշինյանը պատմում է, թե ինչպես է քաջաբար մերժել Պուտինի առաջարկած միութենական պետության գաղափարը, պատռել ու նրա երեսին շպրտել Լուկաշենկոյի կազմած նախագիծը։
Տեսակետ կա, թե Փաշինյանի խոսքն ուղղված էր Արևմուտքին։ Այդպես ակնարկում էր, որ թեև՝ շարունակում ենք ՌԴ-ի հետ տնտեսական գործակցությունը, սակայն մտադիր չենք սպասարկել նրա աշխարհաքաղաքական շահերը, չենք զիջելու ՀՀ անկախությունը, չենք միավորվելու ՌԴ-ի նախաձեռնած միավորումներին։ Ենթադրելի է, որ Արմուտքին հետաքրքրում է ոչ թե Փաշինյանի ասածը, այլ անկախության պաշտպանությանն ուղղված նրա քայլերը։ Փաշինյանի խոսքը, հավանաբար, չի հուզում նաև ՌԴ-ին, որը հիմա ողորմելի վիճակում է պատերազմի հետևանքով։ Նիկոլ Փաշինյանին Սանկտ Պետերբուրգ բերման ենթարկելով, ՌԴ-ն արդեն աշխարհին ցույց տվեց, որ ՀՀ-ն ոչ մի տեղ չի գնում, արտաքին քաղաքականություն չի փոխում, ռուսական ուղեծրում է և ՌԴ հուսալի դաշնակիցը։
Չեզոք հայացքով դիտելիս՝ ուրվագծվում է այլ պատկեր։ Երևում է, որ ՀՀ-ն անկախություն հռչակելուց 32 տարի անց դեռ գտնվում է ռուսական կապվածությունից ազատվելու և անկախ պետություն դառնալու անցումային իրավիճակում։ 1990-ականների անցումային քայլերը մեր երկրում ներկայացվել են որպես քաղաքական առաջնորդի իմաստության արդյունք։ Այսօր էլ ՔՊ-ական «իմաստուն» առաջնորդն է տնտեսությունը կապում ռուսական սայլին, բայց ուզում է Արևմուտքի աջակցությունը վայելել անկախության պաշտպանության հարցում։ Անցումային իրավիճակի ձգձգումը նշանակում է, որ ժողովուրդը դեռ չի գիտակցում ազատության արժեքը, ուզում է անկախ, ժողովրդավարական պետություն, բայց իներցիայով մնում է նախկին տիրոջ մսուրում։ Այս պատկերը վտագավոր է, որովհետև ռուսական տնտեսությունից խորացող կախվածությունը առաջացնում է ռուսամետ տրամադրություններ, որոնք ձևավորում են 5-րդ շարասյան պոտենցիալ։
Պարզ ասած՝ ԵԱՏՄ-ն, ի հեճուկս ՔՊ-ի ընկալումների, ունի քաղաքական և աշխարհաքաղաքական ռուսական օրակարգ, որը ՀՀ ազգային շահերի դեմ է։ Եվ եթե Փաշինյանն ուզում է անկեղծ լինել ժողովրդի և Արևմուտքի հետ, ապա կարող է ոչ թե ստից մարտահրավեր նետել ՌԴ-ին, այլ խիզախորեն խոստովանել, որ 2018-ին իշխանություն ստանձնելիս գիտակցել է ռուսական աշխարհաքաղաքական հավակնությունները, բայց խոստացել է՝ ՀՀ-ն ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս չբերել։
Թաթուլ Մկրտչյան