copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 22:22 02-03-2023

Եթե ռուսները ճիշտ են ասում, ապա ռուս-ուկրաինական պատերազմը թևակոխում է մեկ այլ ոլորտ

«Ռուսատանի վրա ուկրաինական հարձակման լուրի կամ իրադարձության վերաբերյալ տարբեր տեղեկություններ են պտտվում»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պապյանը՝ հավելելով, որ գնահատականները պետք է տրվեն դրանց համաձայն։

«Ռուսական կողմի տեղեկատվությունն, ի դեպ, հերքվել է ուկրաինացիների կողմից, բայց, ենթադրենք, եթե ռուսների հայտնածը ճիշտ է, ապա սա նշանակում է, որ այս պատերազմը սկզբունքորեն թևակոխում է մեկ այլ ոլորտ։ Սա արդեն ՌԴ տարածքի վրա հարձակում է նշանակում, թեև, ըստ ռուսների, Խերսոնն ու Ղրիմն էլ էին իրենց տարածքները»,- ասաց նա։

Քաղաքագետը միանշանակորեն չի վերաբերվում ռուսական կողմի հայտարարություններին։ Հայտարարում է․ գործողությունների հետ կապված բազմաթիվ տարբերակներ կարող է առաջ քաշել։

«Աշխարհն ընդունել է, որ սովետական Ուկրաինայի տարածքում կարող է ռազմական գործողություններ իրականացնել Ուկրաինան։ Դրանից դուրս, այ սա է շատ կարևոր, եթե ռուսները ճիշտ են ասում․․․ սա արդյոք ուկրաինական նախաձեռնությո՞ւն է, կամ մի գուցե ինչ-որ վերահսկողությունից դուրս եկած զինված խմբե՞ր են, թե՞ սա տեղի է ունեցել իշխանության, առավել ևս Արևմուտքի աջակցությամբ»,- ասաց նա։

Մյուս տեսանկյունից, Արա Պապյանը հղում է կատարում ուկրաինական պնդմանը, որ տեղի ունեցածը ռուսների կողմից կազմակերպված պրովոկացիա է։

«Ուկրաինացիներն ասում են, որ նման բան չկա, ռուսներն իրենք են կազմակերպել, սա պրովոկացիա է՝ ինչպես գերմանացիներն են արել՝ լեհական համազգեստ հագած հարձակվելով գերմանական գյուղերի վրա։ Դժվար է ասել, որովհետև պատերազմի ժամանակ առաջին զոհը ճշմարտությունն է։ Այդպես են ասում։ Բայց, կարող ենք ասել, որ սա կարևոր իրադարձություն է։ Առաջիկայում տեսնենք, թե որ լուրերն ու որ տեսակետը կհաստատվի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է տեղեկության ճշգրիտ լինելու դեպքում ռուսական հակազդեցությանը, քաղաքագետի գնահատմամբ, Ռուսաստանն արդեն իսկ անում է իր հնարավորությունների առավելագույնը։

Իր խոսքով՝ այդ երկիրն ավելին անել չի կարող ու չի անի։

«Այնպես չէ, որ սա առանձնապես որևէ բան է փոխելու։ Այսինքն, այնպես չէ, ինչպես շատերն են փորձում ներկայացնել, թե իբր Ռուսաստանը կես ուժով է կռվում, այ վաղվանից սկսելու է ուժեղ կռվել։ Ո՛չ։ Ռուսաստանն իր առավելագույնն է անում։ Սրանից ավելին անել այդ երկիրն ի վիճակի չէ։ Սա պարզապես աշխարհաքաղաքական փոփոխություն է։ Սա նշանակում է, որ այն թևը, որը Ռուսաստանի վերջնական ջախջախման և տրոհման կողմնակից է, եթե այս գործողություններն ամենաբարձր ինստանցիաներից են արտոնված, ապա այդ թևն է հաղթում։ Խերսոնը հայտարարել էին Ռուսաստանի մաս, ուկրաինացիները գրավեցին, ռուսներն ի՞նչ կարողացան անել։ Հիմա անգամ Ռուսաստանի ատոմային զենքը չի աշխատում։ Այնտեղ լրիվ գողացել են, վառելիքը թղթի վրա փոխել են, բայց իրականում չեն փոխել։ Առավել ևս Հնդկաստանն ու Չինաստանը Ռուսաստանին խիստ սաստել են, որ հանկարծ միջուկային զենքի կիրառման որևէ փորձ չարվի»,- ասաց նա։

Ըստ Oragir.News-ի զրուցակցի՝ եթե այդ գործողություններն արել է Ուկրաինան, դա կարող է երկու հետևանք ունենալ։ Մեկն այն է, որ ուկրաինացիներն ուզում են անկայունություն մտցնել Ռուսաստանի վերնախավի և ժողովրդի մեջ։ Վախ, որ տեսեք՝ Ռուսաստանն անգամ ինքն իր սահմանները չի կարողանում պաշտպանել․․․ Այսինքն, ցույց տալ անկարողությունը։ Մյուսը կարող է պարզապես առաջին քայլերը լինել՝ ավելի մեծ հարձակման։ Երբ որ դու Ռուսաստանի բուն տարածքում գործողություններ ես իրականացնում, դրանով դու շեղում ես հսկայական քանակության զինուժ և այլ ջանքեր այդ ուղղությամբ, որպեսզի հետո մեկ ուրիշ ուղղությամբ անցնես հակահարձակման։ Հիմա խոսակցություններ կան, որ առաջիկա 1-2 աբաթվա ընթացքում Ուկրաինան պետք է մեծ հակահարձակման անցնի։ Հետևաբար, այս երկուսից մեկն է»,- եզրափակեց փորձագետը։

Ամենից շատ դիտված