ԿԳՄՍ նոր որոշման համաձայն բարձր որակի կրթություն ապահովելու համար նախատեսում են միավորել 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի ամբողջ տարածքում՝ 232 դպրոցների միավորմամբ: Դրանք առավելապես տարածվում են սահմանապահ գյուղերի վրա: Շիրակի մարզում այդպիսի դպրոցների թիվը 48 է:Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականներին:Թեև ժամանակ դեռ կա, բայց Թուրքիայի հետ սահմանակից գյուղի բնակիչները անհանգստանում են, որ կառավարությունը միտումնավոր դատարկում է գյուղերը։
Oragir.News-ի հետ զրույցում Մեղրաշատի միջնակարգ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ Լիլիթ Մխիթարյանն ասում է, որ Մեղրաշատ գյուղն ունի 100 տնտեսություն: Դպրոցում էլ այս պահին 63 աշակերտ է ուսանում:Նրա խոսքով` ի տարբերություն հարևան Բյուրակնի, ուր պատրաստվում են տեղափոխել իրենց դպրոցը, իրենց գյուղում գազ կա:Դպրոցը նույնպես գազիֆիկացված է: Առկա են ուսման համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ մարզադահլիճ, ճաշարան, ֆիզիկայի ու քիմիայի լաբորատորիաներ, «Արմաթ» լաբորատորիա:
Ուսուցչի խոսքով` շատ մտահոգող որոշում է, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն կայացրել է:
Լիլիթ Մխիթարյանն ասում է`գյուղը սահմանամերձ է և եթե դպրոցը փակվի, գյուղը կդատարկվի։Ըստ Մխիթարյանի`ամեն ինչ միտումնավոր է արվում։
«Չպետք է թույլ տալ, որ երիտասարդ ընտանիքները հանկարծ հեռանան այսպիսի գյուղերից, պետք է ամեն ինչ անել՝ նրանց այս հողի հետ կապելու համար, պետք է պայմաններ ստեղծել դրա համար, ոչ թե վերացնել: Ինչի համար է էս ամենը, եթե պետք է երեխան այդքան ճանապարհ անցնի այդ եղանակին, ապա ծնողը կգերադասի ոչ թե գյուղական դպրոց ուղարկել իր երեխային, այլ կուղարկի քաղաքի դպրոց: Պարզ է, որ եթե 3 երեխային ուղարկեն քաղաք, բնական է, որ իրենք էլ մի օր կփակեն դուռն ու կտեղափոխվեն գյուղից, իսկ դա կբերի գյուղի դատարկմանը։ Վազգեն Սարգսյանն էր չէ ասում, որ գյուղերը պիտի չդատարկվեն, որովհետև յուրաքանչյուր պետության հիմքը համայնքն է, իսկ յուրաքանչյուր համայնքի թուլացումը կբերի խնդիրների: Մեղրաշատը դեռ անհիշելի ժամանակներից միայն հայերով է բնակեցված եղել ու շարունակում է մնալ, իսկ հայ-թուրքական սահմանի բացվելուց հետո, ուղղակի ամբողջ գյուղը թուրքերով կլցվի»,-հայտարարեց պատմության ուսուցիչը։
Լիլիթ Մխիթարյանն ասում է, որ իրենք դպրոցում փառքի անկյուն ունեն, ասում է, ուր տանենք, էդ տղաները հողի համար են կռվել, որ այսօր կամաց-կամաց դատարկեն գյուղերը։
Մեղրաշատի բնակիչներից մեկն էլ մեզ հետ զրույցում նշեց.
«Դպրոցի շենքը 2006 թվականին է շահագործման հանձնվել։ Մեր գյուղը սահմանամերձ է, ընդամենը մի ցանկապատ է բաժանում Թուրքիայից, մեր գյուղում մեծամասամբ զինծառայողերի ընտանիքներ են բնակվում։ Մենք սահմանապահ ընտանիքներ ենք, ամեն մի ընտանիք 3-4 երեխա ունի։Դուք պատկերացրեք ինչ բարդ վիճակ կստեղծվի մեզի համար։ Անունը դրել են օպտիմալացում ու կքանդեն երկիրը»։
ԿԳՄՍ-ի այս որոշումով շատ ուսուցիչների հետագա գործունեությունը ևս օդում կախված է, որովհետև սպասվում են կրճատումներ։