«Ժողովուրդ» օրաթերթը
գրում է.
«Նիկոլ Փաշինյանը որոշել է «պատժել» չենթարկվող ՔՊ-ականներին:Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, վերջին շրջանում վարչության եւ նախաձեռնող խմբի նիստերին Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է ՔՊ կուսակցության գաղափարական թեզերի, տեսլականի ու ծրագրերի մասին, իր խոսքում շեշտում է կուսակցության գաղափարախոսությանը հավատարիմ մնալու ու դրանցից չշեղվելու կարեւորության մասին:Հենց սրանով է պայմանավորված, որ վերջին շրջանում ՔՊ-ից հեռացվում են անգամ նրա մտերիմները. այսպիսով նա փորձում է նաեւ դասեր տալ իր մյուս թիմակիցներին՝ ցույց տալով, թե ինչ կարող է լինել նրանց հետ, ովքեր իր խոսքից ու ծրագրերից կփորձեն շեղվել:
Հիշեցնենք, որ ՔՊ ակունքներում կանգնած Սարգիս Ալեքսանյանը դեկտեմբերի 19-ին հեռացվեց կուսակցությունից. իրականում կուսակցական անարդարության զոհ է: Նրա մասին ՔՊ ժողովների ժամանակ չարախոսել են կուսակցականները, ինչ-ինչ բաներ վերագրել նրան, թե պաշտոն ու կարգավիճակ չունենալով՝ հարստացել է: Իրականում հարստացել, կենսամակարդակի ու բարեկեցության իրենց մակարդակը բարձրացրել են գրեթե բոլոր ՔՊ-ականները, սակայն թիրախավորվել է Սարգիս Ալեքսանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խարդավանքների եւ սուտ լուրերի ճշտման համար 2-3 անգամ Սարգիս Ալեքսանյանին հրավիրել են կուսակցություն՝ զրույցի, սակայն նա չի կարողացել ներկայանալ, քանի որ ընտանիքի անդամներից մեկը առողջության լրջագույն խնդիրներ ունի: Ս. Ալեքսանյանը գերադասել է ընտանիքի կողքին լինել դժվար պահին, եւ, ահա, ՔՊ-ականները նրան անարդար, կամայական հեռացրել են կուսակցությունից: Արդարության, թիմի, կուսակցական պարտականությունների մասին պատկերացումները ՔՊ-ում խմբային են՝ բոլորով ստի կողքին՝ ընդդեմ մեկի: Հեռացրին ՔՊ ակունքներում կանգած հավատարիմներից մեկին անարդար եւ կամայական ձեւով: Հետաքրքիր է, թե ով պետք է վերստուգի ՔՊ վերստուգիչների վարքը, ունեցվածքը, կոռուպցիոն հակումներն ու դրսեւորումները: Հիշեցնենք նաեւ, որ Սարգիս Ալեքսանյանը ԱԺ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Արմեն Փամբուխչյանի եւ էլի շատերի մտերիմ ընկերն է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա
համարում: