Ներքին 2 տարի առաջ - 23:48 22-12-2023

Փարիզը և ողջ Ֆրանսիան եղել և շարունակելու են լինել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին․ Անն Հիդալգո

Դեկտեմբերի 21-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քաղաքապետ Անն Հիդալգոյի կողմից պարգևատրվել է Փարիզ քաղաքի բարձրագույն պարգևով՝ Փարիզի Մեծ մեդալով («Médaille Grand Vermeil de Paris»)։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Փարիզի քաղաքապետարանում մեդալի հանձնման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթով է հանդես եկել քաղաքապետ Անն Հիդալգոն, ով ընդգծել է, որ Ֆրանսիան և Հայաստանն այսօր առավել մոտ են քան երբևէ, և այդ հարցում իր նշանակալի ներդրումն ունի դեսպան Տոլմաջյանը, ով կարողացել է Հայաստանի ու հայ ժողովրդի պաշտպանության ու աջակցության գաղափարի շուրջ միավորել Ֆրանսիայի ամենատարբեր հասարակական-քաղաքական հոսանքների պատկանող գործիչների և կազմակերպությունների՝ այդ հիմնահարցը դարձնելով նաև ֆրանսիական հասարակության համախմբման անկյունաքարերից մեկը։

Քաղաքապետ Հիդալգոն նշել է, որ Փարիզը և ողջ Ֆրանսիան եղել և շարունակելու են լինել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին, և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանին Փարիզի բարձրագույն մեդալով պարգևատրումը նաև այդ հանձնառության վկայությունն է։

Դեսպան Տոլմաջյանն իր շնորհակալական խոսքում երախտագիտություն է հայտնել քաղաքապետ Անն Հիդալգոյին և Փարիզի քաղաքային խորհրդի անդամներին՝ այս պարգևատրմամբ մեծագույն պատվի արժանացնելու և դրանով նաև ողջ հայ ժողովրդին հերթական անգամ զորակցության ու համերաշխության ուղերձ հղելու համար։ Դեսպան Տոլմաջյանն ընդգծել է, որ վերջին երեք տարիների ընթացքում հայ ժողովուրդը բախվել է լրջագույն մարտահրավերների, և Հայաստանը բարձր է գնահատում ու առանձնակի կարևորում է այս դժվարին ժամանակահատվածում ողջ Ֆրանսիայի, մասնավորապես՝ Փարիզի պես անկեղծ բարեկամի առկայությունն իր կողքին։ Դեսպանը հիշեցրել է, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը խարսխված է հազարամյա պատմության և քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա, և վստահություն է հայտնել, որ այն շարունակելու է զարգանալ ու խորանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Արարողությանը ներկա էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը և գերատեսչության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, ֆրանսիացի քաղաքական և հասարակական գործիչներ, արվեստագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

ՏԵՂԵԿԱՆՔ

1911թ․ ստեղծված Փարիզի Մեծ մեդալը շնորհվում է համամարդկային կարևորություն ունեցող հարցերում նշանակալի ձեռքբերումների և գործողությունների համար։ Մինչ օրս շքանշանով պարգևատրվել են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են՝ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լըգրանը, համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Բրիժիթ Բարդոն և Ժան-Պոլ Բելմոնդոն, ինչպես նաև գիտության, մշակույթի, գրականության և քաղաքականության մեջ մեծ ավանդ ունեցող այլ նշանավոր գործիչներ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը