Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 4 ամիս առաջ - 08:45 21-12-2023

Ո՞վ ձեռնոց կնետի Փաշինյանին և Արցախն ազատելու նոր ռազմավարություն կմշակի

ՀՀ քաղաքացիները գիտեն, թե ով հանձնեց Արցախը, և ինչպես դա տեղի ունեցավ։ Նրանց մի մասը ցավում է Արցախի բռնազավթման և հայթափման համար, լցվում վրեժով, իսկ մյուս մասը սատարում Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս դեկտեմբերի 19-ին Հ1-ին տված հարցազրույցում դարձյալ չխոսեց իր սխալների մասին, որոնք հանգեցրին ազգային պարտություններին ու կորուստներին, այլ փորձեց հիմնավորել, որ Արցախը հանձնելն այլընտրանք չուներ։

Անկախության մասին հիմա խոսող Փաշինյանը, հավանաբար, չի հիշում, որ ինքը 2018-2022-ին ակնհայտ հակաքաղաքակրթական դիրք էր ընդունել ու դեմ էր անկախությանը։ Դեռ 2018-ի հեղափոխության օրերին ցուցարարներին կոչ էր անում «Ազատ, անկախ Հայաստանի» փոխարեն վանկարկել «Ազատ, արդար Հայաստան»։ Այդպես ակնարկում էին, որ անկախությունը նպատակ չէ։

Հանրությունը ներկայում պատշաճ հարգանք չունի անկախության պայքարի նվիրյալների նկատմամբ ՔՊ-ի սխալ մոտեցումների հետևանքով։ Եթե նաև անհարգալից վերաբերմունք դրևսևորի Արցախի ազատության պայքարի նահատակների հիշատակի նկատմամբ, ապա կարող են այլասերվել ժողովրդական պատկերացումները հայրենիքի, ազատության, անկախության և բարոյական արժեքների վերաբերյալ։ Ժողովրդին այլասերվածությունից պաշտպանելու համար հարկ է խոսել Նիկոլ Փաշինյանի սխալների մասին, հիմնավորել, որ կորուստներն ու պարտություններն ունեն սուբյեկտիվ պատճառներ։ ՔՊ-ի սխալների մասին խոսելը կարևոր է նաև վաղվա քաղաքական առաջնորդի համար, որպեսզի դրանք չկրկնվեն ու նոր պարտությունների պատճառ չդառնան։

Կարևոր է, որ ՔՊ առաջնորդն ինքը ևս խոսի իր սխալների մասին, դրանք դասակարգելով երեք խմբի։ Առաջին խումբը պայմանավորի քաղաքական թերտեղեկացվածությամբ, թերկրթությամբ։ Երկրորդը՝ անսկզբունքայնությամբ, անհեռատեսությամբ ու պոպուլիզմով։ Եվ երրորդը՝ փոքրոգությամբ և արտաքին շանտաժով։ Դրանից հետո նրան սատարողների բանակը գուցե՝ բազմապատկվի։

Օրինակ՝ Փաշինյանի պատասխաններից ենթադրելի է, որ 2021-ին ակամա են խաբել ժողովրդին, քանի որ չգիտեին Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ընկալումների մասին։ Նույնկերպ կարո՞ղ է ասել, որ 2018-ին էլ է ժողովրդին ակամա խաբել, որովհետև, չգիտեր, որ ՀՀ-ն արտաքին ու անվտանգային քաղաքականություն չունի։ Ինչո՞ւ, ո՞ւմ խորհրդով կամ շանտաժով Սիրիա զորախումբ ուղարկեցին։ Ինչո՞ւ էին հայտարարում, թե ամենառուսամետ իշխանությունն են, ռուսերեն երգում Մայիսի 28-ին։ Կարո՞ղ է ասել, որ այդ ժամանակ այնքան տգետ էին ու անհեռատես, որ չէին պատկերացում, թե հակաքաղաքակրթական դիրքավորումն ինչ աղետալի հետևանք կունենա։

2020-ի պատերազմից առաջ արևմտյան մի քանի էմիսարներ Փաշինյանին տեղեկացրել են, որ Ռուսաստանն ու Թուրքիան միասին աջակցելու են Ադրբեջանին առաջիկա պատերազմում, բայց նա չի համարժեք պաշտպանություն չի կազմակերպել։ Կարո՞ղ է ժողովրդին պատմել, թե ումից կամ ինչից վախեցած են հրաժարվել պատերազմի ժամանակ մեկնել Ժնև բանակցությունների, նախընտրելով հաջորդ օրը գնալ Մոսկվա։ Ինչու էին պնդում, որ միայն ռուսները որպես խաղաղապահ գան Արցախ։ Այդքան անհեռատես ու տգետ էի՞ն, որ արցախցիների կյանքն ու ազատությունը վստահում էին ռուսներին։ Ինչու 2020-ի պարտությունից հետո ռուսներից զենք չեն ստացել, բայց շարունակել են վճարել են մի քանի հարյուր միլիոն դոլար։ Ինչու է ՀՀ իշխանությունը Հայաստանի անկախության և Արցախի ազատության հարցում պակաս սկզբունքային, քան Ֆրանսիան։ Ինչու արտաքին և անվտանգային նոր հայեցակարգեր չեն ընդունում և այլն և այդպես շարունակ։

Արցախը հանձնելու անխուսափելիության մասին նիկոլական խոսույթը վտանգավոր պատկեր է ձևավորում, թե Փաշինյանի փոխարեն ով էլ լիներ, նույն սխալներն էր անելու, նույն պարտություններն ու կորուստներն էին լինելու։ Ակնկալվում է, որ քաղաքական համայնքն այս խոսույթին կհակադրի Արցախն ազատելու նոր ռազմավարություն, հիմնավորելով, որ Արցախի ազատությունը ոչ միայն կնպաստի ազգային առաջընթացին, այլև ունի քաղաքակրթական նշանակություն։ Ավելին՝ եթե Էրդողանը, Պուտինն ու Ալիևը չօգնեն Փաշինյանին վերընտրվել, ապա Արցախն ազատելու նոր ռազմավարություն մշակողն ու այն աշխարհին հասկանալի լեզվով ներկայացնողը ձեռնոց կնետի գործողին ու կհաղթի առաջիկա ընտրություններում։ Իսկ եթե քաղաքական համայնքն ականջ կախի Փաշինյանի աղճատ ու վտանգավոր պատմույթներին, նրան իմաստուն առաջնորդ համարի, ապա վաղվա առաջնորդը նրա օրինակով կարող է ռուսներին նվիրել, օրինակ՝ Իջևանն ու Հ1-ի եթերում ասել, որ այն հանձնվել է դեռ անցյալ դարում, նոյեմբերի 29-ին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:46 Արարատի մարզում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը. shamshyan.com
12:47 Ադրբեջանցիները թալանում ու զվարճանում են օկուպացված Ստեփանակերտի տներում
12:21 Չի վախենում, խմած չէ և բարձր է օրենքից. Նիկոլ Փաշինյանի տեսանյութի «մեսիջները»
14:11 Մարդիկ սնունդ են բաժանում երթով դեպի Երևան շարժվող Բագրատ Սրբազանին և իր համակիրներին
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
14:31 Երևանում կարկուտ է տեղում
17:43 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Գեղարքունիք․ այստեղ ևս ջերմ ընդունելություն էր սպասվում
21:59 Տավուշյան պայքարը դժվար է լինելու, բայց պատվաբեր․ անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ