Երևան +19°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:30 25-03-2023

Սա ձեռնոց նետել է ՌԴ-ին․ Հայկ Նահապետյանը՝ Պուտինի ձերբակալմանն առնչվող կանոնադրության վավերացման մասին

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը երեկ որոշում է հրապարակել, որի համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է երկրի սահմանադրությանը։ Այս որոշման արդյունքում Երևանը ստիպված կլինի ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա այցելի Հայաստան։

Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով այս որոշման ռազմաքաղաքական հետևանքներին, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն ասաց, որ երբ օրինակ Գերմանիայում համանման որոշում կայացվեց, Գերմանիայի կեցվածքին արձագանքեց Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Նա ասաց, որ եթե ենթադրենք տեսականորեն Վլադիմիր Պուտինը Գերմանիայում է և նրան ձերբակալում են, սա պատերազմ սկսելու պատրվակ է։ «Այդ դեպքում, բնականաբար, Գերմանիայում ամեն ինչ թիրախավորվելու է»։

Նա ընդգծեց, որ ՍԴ այս որոշումը ոչ այլ ինչ է, քան գործող իշխանության արևմուտքին հաճո կեցվածք ընդունել, սա արվում է ցույց տալու համար, որ 2018 թ-ին իշխանության բերված թիմը փորձ է անում խոցել Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը։

Դրան էին ուղղված նաև ՀԱՊԿ-ի նկատմամբ ՀՀ իշխանությունների դրսևորած դիրքորոշումները, միաժամանակ, այդ ուղղությամբ նաև քարոզչական առումով են քայլեր արվում։

«Պետք է ասել, որ դա այլևս տարօրինակ չի էլ ընկալվում այն քաղաքականության համատեքստում, որ վարում են օրվա իշխանությունները՝ Ռուսաստանի Դաշնության հետ կապված։ Բնականաբար, Ռուսաստանը հաշվի է առնելու այն հանգամանքը, որ Հայաստանը փաստորեն ճանաչել է դատարանի ընդունած որոշումները և դրանց կիրառումը ՀՀ Սահմանադրությանն համապատասխան է համարել։ Կարծում եմ՝ մենք դրա հետևանքները մոտ ժամանակներս կտենսնենք, իսկ հետևանքները առաջին հերթին ոչ թե օրվա իշխանություններն են իրենց վրա զգալու, այլ երկիրը։

Նման կեցվածքն ուղղակորեն ձեռնոց նետել է ՌԴ-ին և մտում է Ռուսասատանը Հայաստանից դուրս դնելու կամ Հայաստանի համար Ռուսաստանը որպես սպառնալիք դիտելու օրվա իշխանությունների տեսլականի մեջ։ Խոսքը, մասնավորապես, ռազմական առումով սպառնալիքի մասին է, ինչը հրապարակային բարձրաձայնել է Փաշինյանը՝ ասելով, որ Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում սպառնալիք է մեզ համար»։

Նա ընդգծեց, որ քանի որ մենք խոսում ենք մեր ռազմավարական դաշնակցի մասին՝ այն իրողությունների ֆոնին, երբ Ադրբեջանի նախագահը Հայաստանին պարտադրում է ստորագրել այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիր՝ իր պայմաններով, իր սահմանների նշագծումներով՝ մնում է սպասել ու տեսնել, թե Հայաստանի իշխանությունները որքան կարող են դիմադրել ու դիմագրավել Ադրբեջանի ճնշումներին։

«Եթե Փաշինյանը հույսը դրել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հայտարարությունների վրա՝ խաղաղության պայմանագրի հետ կապված՝ կարծում եմ, որ այդ մարդը ոչ միայն քաղաքականությունից չի հասկանում, այլ իրականությունից կտրված է»։