Երևան +12°
copy image url
Մշակույթ 4 ամիս առաջ - 09:33 20-12-2023

Կար մեկը, ում  մասին մտքերը հանգստացնում էին Մուրացանի ուղեղը, փոխարենը ծանրաբեռնելով սիրտը

Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տխուր ճակատագրի մասին չէի ուզի հիմա պատմել,բայց խոստացել եմ բոլոր նրանց, ովքեր հարցնում են անբացատրելի թվացող, բայց, մետաֆիզիկայի անկյունից դիտարկելիս (բնազանցական, ինչպես սիրում էր ասել Կոստան Զարյանը), միանգամայն բացատրելի խորհրդավոր երևույթների և դրանց դադարման հանգամանքի մասին: Դրանց կանդրադառնամ հետո:Որպեսզի հասկանալի լինեն տարօրինակ դեպքերի ակունքները, նախ պատմությունը այն մասին, թե ինչպես ծնողներն անմիջապես երեխային դրեցին դագաղի մեջ և դուրս բերեցին ՝ մտածելով րոպե առաջ տունն ազատել մահաբեր վարակից: Այդ տարի սև ծաղիկ հիվանդությունից այնքան զոհեր կային Շուշիում, որ քահանաները չէին հասցնում ամեն հանգուցյալի համար թաղման կարգ կատարել: Նրանք անցնում էին փողոցներով, վերցնում նախապես տան շեմին դրված դագաղները և արագ տանում էին գերեզմանատուն՝ ընթացքում աղոթք կարդալով: Հիմա էլ եկել էին 3 ամյա տղային թաղելու: Բայց հազիվ էին նրանք բարձրացրել դագաղը, երբ սև ծաղիկից այլակերպված փոքրիկը կենդանության նշաններ ցույց տվեց:

Մուրացան
Մուրացանը՝ այն ժամանակ դեռ Գրիգոր Տեր Հովհաննիսյանը, անհեթեթ պատահականությամբ շարունակեց ապրել : Նա հասցրեց արթնանալ մինչև փոսի մեջ հայտնվելը: Երջանիկ դիպված, երջանիկ պատահականություն կամ գուցեև նախախնամություն: Ըստ իս այն դժբախտության մեջ սերտաճած երջանկություն էր, որ կտևի մոտ 50 տարի , ապա կշրջվի 180 աստիճանով՝ վերփոխվելով երջանկության մեջ սերտաճած դժբախության և կընդհատվի 1908թ. օգոստոսի 30-ին Թիֆլիսի հոգեբուժարանում։ Ամեն ինչ իսկապես սկսվեց մահանման կյանքով և ավարտվեց մահանման կյանքով: Երկու հիվանդություն՝ սկզբում սև ծաղիկը, ապա հոգեկան խանգարումը, փորձեցին Մուրացանից խլել կյանքը: Առաջինին չհաջողվեց, երկրորդ դեպքում ստացվեց: Նախ՝ ոչնչացվեց մարդու բանականությունը ապա և՝ կյանքը: Մուրացանի ցեղում կային հոգեկան խանգարում ունեցողներ: Հորեղբայրը, հորաքրոջ աղջիկը տառապում էին այս հիվանդությամբ, նրա հայրը ժամանակ առ ժամանակ նոպաներ էր ունենում և ուշաթափվում, Մուրացանն էլ գանգատվում էր գլխացավից, երբեմն ուշաթափություններ էր ունենում և երկար ժամանակ անգիտակից վիճակում լինում: Թիֆլիսում նրան բուժող բժիշկ Զախարբեկյանը ախտորոշել էր «ուղեղի գերհոգնածություն» և կարգադրել հանգիստ կյանք, առանց լարված մտավոր աշխատանքի: Այս հիվանդությունը ժամանակ առ ժամանակ իրեն զգացնել էր տալիս, բայց կար մեկը, ում մասին մտքերը, ներկայությունը, անգամ կարոտը հանգստացնում, հավասարակշռում էին ուղեղը: Ճիշտ է, փոխարենը ծանրաբեռնելով սիրտը: Բայց դա հաճելի բեռ էր, ամբողջությամբ քնքշանքով և սիրով լի, գուցե ինչ-որ առումով բանականությունից դուրս : Մուրացանը պատրաստ էր և կարող էր այդ բեռը տանել մինչև վերջ, նրա սիրտը կդիմանար դրան: Բայց միայն սիրտը : Կյանքն այնպես դասավորվեց , որ սրտի ծանրաբեռնվածությունը տեղափոխվեց ուղեղին և այդպիսով կայացվեց նրա մահավճիռը: Խառնիխուռն մտածմունքներ, կատաղություն, զսպաշապիկ և …վերջ: Գեղեցիկ կյանքը, սիրելի մարդիկ, ստեղծագործությունները ի չիք եղան: Դրանք այլևս իրական չէին, իրականը մթագնված ուղեղն էր և իր ներսում ընթացող հսկա խառնաշփոթը, ինչը կարգավորել այդպես էլ չհաջողվեց :
Եվ այսպես, կփորձենք պատասխանել երկու ինչուների. Ինչո՞ւ սրվեց և հոգեկան խանգարման հասավ նրա հիվանդությունը և ինչո՞ւ նա մեռավ միայնության մեջ :

Կսկսեմ կյանքի վերջին տարիներից . Մուրացանը շատ լավ հաշվապահ էր և ավելի շատ դրամ վաստակելու համար 1903թ. մեկնում է Բաթում, իր ընկեր Ալեքսանդր Թարխանյանի հետ աշխատանքի անցնում ոմն գործարանատեր Խաչատրյանի մոտ: Այս ընթացքում գլուխ է բարձրացնում հեղափոխական շարժումը, ինչպես միշտ խառը իրավիճակից օգտվում են որոշ կուսակցական ավազակներ, զբաղվում դրամաշորթությամբ և սպանում իրենց չգրված օրենքներին չենթարկված Ալեքսանդր Թարխանյանին՝ Մուրացանի լավ ընկերը: Այս մասին շատ մանրամասն պատմում է իշխանուհի Մարիամ Դոլուխանյան Թումանյանը իր հուշերում: Մուրացանի համար ընկերոջ սպանությունը շատ մեծ հարված էր: Հետապնդումները շարունակվում են, Մուրացանի նկատմամաբ շանտաժը՝ նույնպես: Եվ սկսում է կորցնել հոգեկան հավասարակշռությունը :

Մյուս հանգամանքը, որ սասանել էր նրա հոգեկան աշխարհը և անընդհատ վախի մեջ էր պահում ,իր ունեցած ապօրինի զենքն էր:

1906-ին սկսվում են հայ- թաթարական ընդհարումները: Ամռանը Մուրացանը գնում է Շուշի հանգստանալու և առանձին շտկումներ անելու «Գևորգ Մարզպետունի» վեպի ձեռագրի վրա: Այդ ժամանակ էլ սկսվում է կոտորածը և ավերը: Իրենց տունը այրվում է, «Մարզպետունու» ձեռագիրն էլ հետը: Ամեն բան կորցրած՝ նա վերադառնում է Թիֆլիս: Ջղերը ծայր աստիճան լարված: Բարեբախտաբար վեպը հատվածաբար նախապես տպագրված է լինում «Արձագանք» հանդեսում և, այդպիսով, փրկվում է կորստից: Բայց իր առողջությունը և ներաշխարհը այլևս փրկել անհնար է դառնում:

Ոսկեհատ Թավրիզյանն էր: Ուսյալ, կրթյալ, հասարակական կյանքում բավական ակտիվ , ծնունդով Շուշեցի այս կինը ըստ էության դարձավ Մուրացանի ճակատագիրը: Նա մտավ Մուրացանի կյանք, կարծես թե դժկամորեն , իսկ հեռանալով՝ փշրեց ամեն բան, ավելին՝ ավերեց մի կյանք, որն ամբողջությամբ նվիրված էր իրեն: : Մեզ հասած նամակները միանգամայն իրավունք են տալիս ասելու, որ Մուրացանը սիրել է ի’ր կերտած կնոջը, նա Ոսկիի մեջ տեսել է բաներ, որ ուզեցել է տեսնել, այլ ոչ թե որ Ոսկին ունեցել է: Չեն պահպանվել Ոսկեհատի նամակները, բայց Մուրացանի նամակներից միանգամայն պարզ են դրանց ոչ այնքան բովանդակությունը, որքան ոճը և տրամադրությունը: Նամակագրությունը նրանց մեջ սկսվել է սիրահարության շրջանից, երբ Մուրացանը արդեն Թիֆլիս էր տեղափոխվել, իսկ Ոսկին ապրում էր Շուշիում և ամուսնությունից հետո, երբ ամառները կինը երեխաների հետ մեկնում էր Շուշի՝ ամառանոց: Թիֆլիս -Շուշի ուղղությամբ նամակների մեջ պարփակված են անձնական կյանքի բերկրանքը և ողբերգությունը, լույսը և խավարը, երազը և ավաղ՝ դրա փլուզումը: Մուրացանը սիրահարվել էր վաղուց դեռ պատանի եղած ժամանակ, հետո տեղափոխվել էր Թիֆլիս:

Նոր քաղաքն իր նոր տպավորություններով, նոր հանդիպումներով , ավելի մեծ հնարավորություններով չնվազեցրին զգացմունքների այն որակը, որ երիտասարդը ուներ հայրենի Շուշիում թողած իր համար ոսկու պես թանկ աղջկա նկատմամբ: Նամակ նամակի ետևից, խոստովանություն խոստովանության ետևից: Եվ անփոխդարձություն անփոխադարձության ետևից: Թեև կարծում եմ, որ այդ անփոխադարձությունը գալիս էր ոչ այնքան Ոսկեհատի կամքից, որքան նրա մորից : Ճիշտն ասած, ես միանգամայն հասկանում և կիսում եմ աղջկա ծնողների զգուշավորթյունը:

Մուրացանի ցեղում առկա ժառանգական հիվանդությունը լուրջ պատճառ էր անհանգստանալու: Գուցե Ոսկին, ջահել լինելով, դա չէր գիտակցում, և նրա աղջկական ինքնասիրությունը դեռ որ շոյվում էր Մուրացանի սիրառատ նամակներից: Հենց Մուրացանի առաջարկով ուսման պատրվակով, Ոսկին գալիս է Թիֆլիս, ընդունվում մանկավարժական կուրսեր և հաջողությամբ ավարտում դրանք:

Այդ ընթացքում Մուրացանը սկսում է դարպասել նրան և համակրանք արթնացնել իր նկատմամբ: Նրանց միջև նամակագրությունը սկսվում է ուսումնառությունից հետո Ոսկեհատի՝ Շուշի վերադառնալուն պես:

«Երեկվա տխրությունս մի փոքր անցել է. այժմ զբաղված եմ այն քաղցր մտածմունքներով, թե ինչպես այսուհետև պիտի դեգերեմ քո շրջած զբոսավայրերում, ինչպես պիտի հիշեմ քո յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր հայացքը, կատակը և զվարճախոսությունը և պիտի երգեմ քեզ հետ անցուցած բոլոր ժամերը: Մի կես ժամ առաջ դեռ մտածում էի, թե ինչո՞ւ համար դուրս գամ սենյակիցս, ո՞ւր գնամ, Ոսկին չկա, ուրեմն բոլոր աշխարհը չկա…: Երկաթուղուց վերադարձա ժամը 9-ին. գնացի Խատեսյաններից քո իրեղենները բերի ինձ մոտ. բոլորը կարգավորեցի. մի երկու բան , որոնց քո ձեռքերը շատ կլինեին դիպած՝ համբուրեցի. քո պարապմանց վերաբերյալ իրերը այժմ իմ աչքում մի-մի մասունքների արժեք ունին…..Որքան բարի ես դու, իմ անգին Ոսկի: Դու կամենում ես ապահովել մինչև անգամ իմ միայնության ժամերը. բայց, հոգյակս, այդ ժամերում ես տխուր չեմ լինում, այլ հոգիացած. և այն ժամերի տխրությունը մի քաղցրություն, մի զվարճություն ունի…..»:

Շատ հաճախ Մուրացանը օրվա ընթացքում 2-3 նամակ էր գրում և թվագրում «Հունիսի 10 առավոտ», «Հունիսի 10 երեկո» և այլն: Դա մի աննկարագրելի սեր էր իր կողմից : Զարմանալի էր նաև Մուրացանի անհանգստությունը, հուզմուքը, չարաբաստիկ մտքերը, որ պաշարում էին նրա ուղեղը, երբ նամակի պատասխանն ուշանում էր: Այդ սպասման ժամերը և օրերը մղձավանջի էին նման: Կանխազգալու բացառիկ ունակությունը ի սկզբանե ինչ-որ բան էր հուշում: Ոսկեհատի հետ կապված ինչ-որ տագնապ կար նրա մեջ : Նա օդի մեջ որսում էր հեռակա վտանգ, բայց չէր հասկանում, թե դա ինչ է և ինչու է իրեն անհանգստացնում: Զգում էր, բայց չէր կարողանում բացատրել: Երևի թե բացատրել չկարողանալը, տարտամ, դեռ անմեկնաբանելի անհանգստությունը փրկում էր նրան: Երբ արդեն կարողանա հստակ ասել, թե ի՛նչն է այդ ծանրության պատճառը, նա կխելագարվի: Անորոշությունը տեղ է թողնում նաև հույսի: Հաճախ դա ինքնախաբեություն է:

Ցավոք մարդիկ շատ հաճախ են ապավինում դրան, կանայք՝ հատկապես: Բայց տվյալ դեպքում խաբկանքին կամավոր տրվել է տղամարդը: Անորոշության մեջ հույսի հույս, բայց նաև կասկած կա : Երբ նյարդերը պրկվում էին, նա սկսում էր հուսալ, երբ հույսը գերիշխում էր, սկսում էր կասկածել: Անընդմեջ ներքին պայքար՝ չարդարացված հույսի և ջլատող կասկածի : Բայց այս վիճակը իր համար ավելի լավ էր քան հստակությունը: Շարունակելի...