Մշակույթ 1 տարի առաջ - 18:34 01-12-2024

Իր քաշված, տխուր կյանքում նա մի մխիթարություն ուներ՝ իր գրադարանը․ Մուրացանի ծննդյան օրն է

Այսօր հայ նոր գրականության նշանավոր դեմքերից մեկի՝ Մուրացանի ծննդյան օրն է։

«Եվ ի՞նչը չէ մոռացվում աշխարհում… Որքա՜ն թշվառ կլինեինք մենք, եթե մոռանալու ունակությունը չունենայինք: Արդարև, կան ցավեր, որոնց չպետք է մոռանալ, բայց որքա՜ն շատ են այն վշտերը, որոնց եթե չմոռանայինք, կյանքը մեզ համար կդառնար դժոխք»,- մի առիթով գրել է Մուրացանը:

Ողբերգությամբ սկսվեց նրա կյանքը և նույնքան ողբերգական ավարտ ունեցավ։

Շուշիում մոլեգնում էր սև ծաղիկ հիվանդությունը։ Մանկահասակ Գրիգորը ևս հիվանդությանը զոհ գնաց։ Ծնողներն անմիջապես երեխային դրեցին դագաղի մեջ և դուրս բերեցին: Զոհերն այնքան շատ էին, որ քահանաները չէին հասցնում ամեն հանգուցյալի համար թաղման կարգ կատարել: Նրանք անցնում էին փողոցներով, վերցնում նախապես տան շեմին դրված դագաղները և արագ տանում գերեզմանատուն՝ ընթացքում աղոթք կարդալով: Հիմա էլ եկել էին երեքամյա տղային թաղելու: Բայց հազիվ էին բաձրացրել դագաղը, երբ սև ծաղիկից այլակերպված փոքրիկը կենդանության նշաններ ցույց տվեց:

Գրական առաջին քայլերից հետո Մուրացանին աստիճանաբար սկսում են ճանաչել, խոսել նրա մասին, սակայն դա չի բարելավում գրողի ֆինանսական կարգավիճակն ու նա ամբողջ կյանքի ընթացքում ստիպված է լինում համատեղել գրականությունը հաշվապահության հետ:



Ավետիք Իսահակյանը պատմում է, որ իր հասակակից պատանիների համար Րաֆֆուց հետո ամենասիրելի արձակագիրը Մուրացանն էր։ Սիրով կարդում էին ու սպասում նրա նոր ստեղծագործություններին։ «Մուրացանի լեզուն, նրա ճշգրիտ հայերենը` գեղեցիկ բառերի ընտրությամբ, պատկերավոր ոճով մեզ համար ուսանելի դպրոց էր»,- գրում է Վարպետը։

Իսահակյանը պատմում է, որ Մուրացանի հետ ծանոթանում է տարիներ անց՝ Հովհաննես Թումանյանի վերնատանը: «Շատ հարգալից էինք նրա հանդեպ: Նստում էր Թումանյանի կողքին և լուռ լսում էր մեզ: Վերնատան նահապետը` Ղազարոս Աղայանը, բարձր ու հզոր ձայնով խոսում էր. Թումանյանը ուրախ բաներ էր պատմում, ու Մուրացանի աչքերը ժպտում էին մեղմորեն: Թվում էր, թե հաճելի էր նրան մեր շրջանը: Հաճախ մասնակցում էր մեր խոսակցություններին, զրույցին, հարցերին, սակայն, սովորաբար սակավախոս էր: Եվ երբեք չէր խոսում իր մասին, իր գործերի մասին: Առհասարակ հեզ, համեստ բնավորության տեր մարդ էր: Ես զգում էի, որ նա մի վիշտ ուներ իր սրտի խորքում, որ գաղտնի մաշում էր նրան․․․»:



Մահվանից մեկ տարի առաջ Մուրացանը իր տուն է հրավիրում Իսահակյանին, Ղազարոս Աղայանին ու Հովհ․ Թումանյանին։ Հետաքրքիր զուգադիպությամբ նա ապրում էր այն բնակարանում, որտեղ ապրել էր Րաֆֆին։ Մուրացանի կինն ու երեխաները Բեռլինում էին, իսկ նա ապրում էր ծեր մոր հետ։ «Ես զգացի, որ իր քաշված, տխուր կյանքում նա մի մխիթարություն ունի՝ իր գրադարանը, ուր նա մոռանում էր իր մենակությունն ու տխրությունը․․․»,- գրում է Իսահակյանը։

Մուրացանի գերդաստանում կային հոգեկան խանգարում ունեցողներ․ հորեղբայրը, հորաքրոջ աղջիկը տառապում էին այս հիվանդությամբ, հայրը գլխացավի նոպաներ էր ունենում և ուշաթափվում։ Գենետիկ հակվածությանը գումարվում են ողբերգական իրադարձությունները, և 54-ամյա Մուրացանը հայտնվում է Թիֆլիսի հոգեբուժարանում։ Նա մահանում է 1908 թ․ օգոստոսի 30-ին։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը