copy image url
Արտաքին Ներքին Միտք 4 ամիս առաջ - 20:00 19-12-2023

Փաշինյանի և Էրդողանի նմանությունը․ ընդդիմությունը հաղթում է, բայց չի պաշտոնավարում

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեծ ջատագովն են, որի համար անում և զիջում են հնարավոր ու անհնարին ամեն բան, այլ նաև թուրքական քաղաքականության մեծ սիրահարն են։ Oragir.News-ը դեռևս սեպտեմբերին՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի օրերին էր իր ընթերցողներին տեղեկացրել, որ ՔՊ-ն կրկնօրինակում է թուրքական տարբերանշանները, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի նախընտրական կարգախոսները։

Չնայած բոլոր հերքումներին, թե այս ամենը զուտ պատահականության արդյունք է, այնուամենայնիվ եթե դրանք համադրում ենք վերջին տարիներին Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցած բազմաթիվ աղետների հետ, ապա հանրության առնվազն գիտակից հատվածի մոտ այլևս կասակծներ չեն մնում, որ այս ամենն օրինաչափություն է և շատ լավ մշակված հակահայկական և հակահայաստանյան դավադրությունների ծրագրի մի մասն է կազմում։ Սակայն թուրքական քաղաքականության հանդեպ իշխող Քաղաքացիական պայմանագրի և անձնամբ նրա ու ՀՀ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանի սերը այսքանով չի ավարտվում։

Վերջին շրջանում իշխանությունների կողմից մեծ ճնշումներ են գործադրվում տարբեր համայքներում ընտրված ընդդիմադիր քաղաքապետների նկատմամբ, որպեսզի կա՛մ նրանք իրենց հավատարմությունը հայտնեն Փաշինյանին, կա՛մ հեռանան՝ իրենց տեղը զիջելով ՔՊ-ի համար առավել նախընտրելի գործիչներին։ Եթե նման տարբերակով խնդիրը լուծել չի հաջողվում, ապա օգնության են հասնում քրեկան գործերը, կամ քաղաքական «անասնագողությունը», ինչի հետևանքով տարբեր քաղաքական ուժերից մի քանի գործիչներ դուրս են գալիս իրենց խմբակցություններից, դառնում ավագանու «անկախ անդամներ» և միանում ընտրված համայնքապետերին անվստահություն հայտնելու և նրանց պաշտոններում ՔՊ-ականներին կարգելու գործընթացին։

Ասվածի վառ օրինակն է Ալավերդիում դեկտեմբերի 5-ին ՔՊ-ի կողմից իրականացված իշխանազավթում, հաջորդ օրը Գյումրիում ավելի քան 2 տարվա համագործակցությունից հետո Բալասանյան դաշինքի հետ կոալիցիայից դուրս գալը և քաղաքային իշխանության շրջանում ճգնաժամ ստեղծելու փորձերը և այլն։ Չար լեզուներն ասում են նաև, որ այս գործընթացում հաջորդը Վարդենիսն է, որտեղ, չնայած բազմաթիվ ճնշումներին 2021-ի վերջին ընդդիմությանը հաջողվել էր քաղաքային իշխանություն ձևավորել։

Նկատենք, որ այս գործելակերպը ՔՊ-ի կողմից նոր չէ. այն առավել նկատելի դարձավ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում Նիկոլ Փաշինյանը ժողովրդից պողպատե մանդատ էր ստացել։ Ընտրություններից հետո խոստացված վենդետայի շրջանակներում ձերբակալվեց և ավելի քան մեկ տարի կալանքի տակ մնաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ավագանու ընտրություններում հաղթանակից հետո Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով առ այսօր կալանքի տակ է, իսկ համայնքապետարանի աշխանքները պարալիզացված են և այլն։

Տարօրինակ զուգադիպությամբ Թուրքիայում նույնպես ընդդիմադիր քաղաքական ուժերին հաջողվում է ՏԻՄ ընտրությունների ժամանակ տարբեր բնակավայրերում հաղթել և քաղաքային իշխանություն ձևավորել, սակայն ընտրություններից որոշ ժամանակ անց նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, շատերը՝ պաշտոնանկ են արվում և նրանց փոխարեն կառավարությունը պաշտոնակատարներ է նշանակում, ովքեր պաշտոնավարում են մինչև ավագանու լիազորությունների ավարտը։ 2019 թվականի մարտին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցության ներկայացուցիչները հաղթել էին երկրի արևելյան գրեթե բոլոր շրջաններում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում, սակայն ընտրություններից ամիսներ անց սկսված քաղաքական հետապնդումների շրջանակներում նրանց մեծամասնությունը ձերբակալվեց և պաշտոնանկ արվեց, իսկ տեղերում նշանակվեցին պաշտոնակատարներ։ Արդեն 2021 թվականի վերջի դրությամբ Թուրքիայում ձերբակալվել էին ընտրված բոլոր քուրդ համայնքապետները. Նրանց ներկայացվող հիմնական մեղադրանքը ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունենալն է և վերջիններսի ֆինանսավորելը, որոնք շատ դեպքերում չեն համապատասխանում իրականությանը։

Միևնույն ժամանակ ճնշումները չէին սահմանափակվում միայն քրդամետ կուսակցության ներկայացուցիչներով։ Էրդողանի վարչակազմը տարբեր քրեական գործեր հարուցեց նաև հիմնական ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների դեմ, ովքեր ընտրություններում հաղթել էին երկրի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում և այլն։ Քրեական գործեր հարուցվեց նաև Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ, ով դատապարտվեց պայմանական ազատազրկման, սակայն Էրդողանն այսպես կարողացավ կանխել այս տարի կայացած նախագահական ընտրություններում Իմամօղլուի առաջադրումը որպես ընդդիմության միասնական թեկնածու, ինչը շատ կբարդացներ Էրդողանի հաղթանակը։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմության թույլ են տալիս հաղթել ՏԻՄ ընտրություններում, սակայն հետագայում տարբեր պատրվակներով խոչընդոտում են նրանց պաշտոնավորումը և ուզորպացնում են ՏԻՄ-երը։ Երկու գործիչներին էլ անհրաժեշտ է, որ ընտրություններում տարբեր ընդդիմադիր գործիչներ հաղթեն, որպեսզի արտաքին աշխարհի աչքում ժողովրդավարության պատրանք ստեղծեն։

Փաստենք նաև, որ Հայաստանում ընդդիմադիր ՏԻՄ-երի զավթման գործընթացը նոր թափ ստացված հաջորդ տարի սպասվող հերթական արտահերթ խորհրդարանական ընտրությունների համատեքստում, որտեղ Փաշինյանի և ՔՊ-ի հաղթանակն ապահովելու գործում մեծ դեր պիտի ունենան տեղական իշխանությունները, իսկ խոշոր քաղաքներում ընդդիմադիր քաղաքապետների ներկայությունը լրացուցիչ խոչընդոտներ կստեղծի։