Ներքին 2 տարի առաջ - 18:44 18-12-2023

Հայտ կներկայացվի՝ Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները, Որոտան գետի կիրճը ներառելու ՅՈՒՆԵՍԿՕ-ում

Հայաստանը հայտ կներկայացնի «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախումբը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» շրջանակում ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու համար։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ուժեղացված պաշտպանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ մշակված մեխանիզմ է` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն սահմանելու համար:

Հայտը պատրաստելու համար միջազգային ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով ՀՀ-ի ներկայացրած հայտադիմումը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» (Հաագա, 1954 թ․) կոմիտեի 18-րդ նիստում:

ՀՀ ԿԳՄՍ, Արտաքին գործերի, Պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության հետ քննարկումներից հետո «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտադիմումը պատրաստել և ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ։ Հայտադիմումն անցել է Կոնվենցիայի տարբեր մակարդակներով, հաստատվել քարտուղարության կողմից, որից հետո ներառվել է Կոմիտեի դեկտեմբերյան նիստի օրակարգում։ Կոմիտեի եզրափակիչ նիստին հայտադիմումը ներկայացրել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է 55 հազար ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» հովանու ներքո առնելու հայտը։ Ծրագրի տևողությունը 15 ամիս է։

«Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախումբը 1995 թ․ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Հաստատված դրամաշնորհը միաժամանակ կստեղծի բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ հուշարձանախումբը հիմնական ցանկ տանելու ուղղությամբ, որը ևս առաջիկա ծրագրերում է։

2023 թ. դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի և 1999 թ. 2-րդ արձանագրության կոմիտեի նիստը, որի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կոմիտեի անդամ է ընտրվել 4 տարի ժամկետով:

ՀՀ պատվիրակությունը ղեկավարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, որն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայկական վտանգված մշակութային ժառանգության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության խնդրին:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են