Երևան +12°
copy image url
Ներքին Արտաքին Միտք 5 ամիս առաջ - 09:00 16-12-2023

Փաշինյանի հերթական նվերը Ալիևին. գերիները գոհ են «մարդասիրական վերաբերմունքից»

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 32 հայ զինծառայողների, ՀՀ-ն էլ իր հերթին հակառակ կողմին հանձնեց ադրբեջանցի երկու դիվերսանտ ահաբեկիչներին, որոնք դեռևս ապրիլ ամսին ներխուժել էին Հայաստանի տարածք, և նրանցից մեկը Սիսիանում սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին։ Այս փոխանակումը մի շարք լրատվամիջոցների կողմից ներկայացվում է որպես գերիների փոխանակում, սակայն հիշյալ ձևակերպումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ 2 ադրբեջանցիները ոչ թե գերավարվել են ռազմական գործողությունների ժամանակ, այլ ձերբակալվել են ՀՀ տարածք ներխուժելուց և այստեղ հանցանք գործելուց հետո։

Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 32-ի զինծառայողների, որոնցից 26-ը գերավերվել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի կողմից Հադրութի շրջանի հայկական մնացած երկու գյուղերի՝ Հին Թաղերի և Խծաբերդի օկուպացիայի ժամանակ, այս զինծառայողների հանդեպ Ադրբեջանում շինծու քրեական գործեր էին հարուցվել և նրանք տարբեր ժամկետներով դատապարտվել էին ազատազրկման։ Հիշեցնենք նաև, որ սա Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին խախտումն էր, որը ռուս խաղաղապահների կողմից պատշաճ գնահատականի չարժանացավ, իսկ Ալիևը հասկացավ, որ հետագայում նույնպես կարող է խնդիրները այս ճանապարհով լուծել։

Չնայած ողջունելի է, որ գերությունից ուղիղ 3 տարի անց մեր զինծառայողներն ազատ արձակվեցին և հայրենիք վերադարձվեցին, այնուամենայնիվ նույնքան մտահոգիչ է, որ վերջիններիս դիմաց ՀՀ-ն Ադրբեջանին հանձնեց 2 դիվերսանտ ահաբեկիչներին, որով փաստացի նրանց միջև հավասարության նշան դրվեց։ Նկատենք, որ Ադրբեջանում հարուցված շինծու քրեական գործերով անցնող Շիրակի ՄՈԲ-ի տղաները մեղադրվում էին Ադրբեջանի պետական սահմանն ապօրինաբար հատելու և ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ, ինչը բնականաբար չի համապատասխանում իրականությանը, սակայն Բաքուն այսուհետ միջազգային հարթակներում կկարողանա պնդել, թե Հայաստանն ընդունել է, որ իր զինծառայողներն ապօրինաբար ներխուժել են Ադրբեջանի տարածք։

Այս փոխանակումը կարելի էր ողջամիտ համարել, եթե գոնե կատարվեր բոլորը բոլորի դիմաց սկզբունքով ու Ադրբեջանն ազատ արձակեր բոլոր հայ գերիներին։ 32 զինծառայողների վերադարձից հետո Ադրբեջանում բանտերում պահվում է դեռևս 23 հաստատված հայ բանտարկյալ, որոնցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն են, իսկ մյուսները՝ 2021-2023 թվականներին ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժումների ժամանակ գերեվարված անձինք։ Բացի այդ, իրավապաշտպանների պնդմամբ, Ադրբեջանում պահվում է ևս 80 գերի, որոնց ողջ լինելու փաստը ապացուցված է ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերով, սակայն Բաքուն չի հաստատում նրանց գերեվարումը։

Ցավոք, զինծառայողների փոխանակման գործընթացի հետ կապված մտահոգություններն այսքանով չեն ավարտվում։ Առավել մտահոգիչ էր, որ Հայաստան վերադարձված զինծառայողները չդժգոհեցին Ադրբեջանում իրենց պահման պայմաններից և նշեցին, որ այնտեղ մարդասիրական վերաբերմունքի են արժանացել, մինչդեռ Բաքվին արտահանձնված ադրբեջանցի 2 դիվերսանտները պատմում էին, թե ինչ «անասելի կտտանքների են ենթարկվել, իրենց հոսանքահարել են և այլն»։

Բնականաբար քննադատության սլաքն ամենևին ուղղված չէ շուրջ 3 տարվա գերությունից հետո վերջապես հայրենիք վերադարձած զինծառյողներին, ովքեր նման հայտարարություններ են հնչեցրել։ Գաղտնիք չէ, որ բոլոր գերիները Ադրբեջանից վերադառնալուց հետո նախքան ազատ արձակվելը բուժզննում են անցնում և հարցաքննվում են Ազգային անվտանգության ծառայության կողմից, որտեղ էլ ուղղորդում են, թե լրատվամիջոցների և հանրության հետ շփումներում ինչպիսի տեղեկություններ հայտնեն կամ առհասարակ ինչի շուրջ չխոսեն։

Հավանաբար ԱԱԾ-ում նույնպես ձգտում են ամեն կերպ նպաստել տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու ջանքերին, որի ակտիվ ջատագովը Նիկոլ Փաշինյանն է։ Գաղտնիք չէ, որ Ազգային անվտանգության ծառայությունը ենթակա է վարչապետին, և ԱԱԾ-ի կողմից նման մոտեցումը պայմանավորված է կառավարության ուղղորդմամբ։ Գուցե այս մոտեցումն ընդունելի լիներ, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև լիներ երկուստեք պայմանավորվածություն, որ փոխանակվող զինծառայողները չեն բողոքելու իրենց պահման պայմաններից, որն էլ, օրինակ, խաղաղության պայմանագրի ստորագրման նախօրեին կարող էր կողմերի միջև վստահության ամրապնդման լրացուցիչ միջոց լինել։

Ադրբեջանում ակտիվորեն քննարկվում է նաև միջազգային արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ հայց ներկայացնելու և ռազմատուգանք պահանջելու հնարավորությունը, որի շրջանակներում Բաքուն նախատեսում է 50-100 միլիարդ դոլար, իսկ անհնարինության դեպքում ՀՀ ինքնիշխան տարածքից որոշ հատված ստանալ։ Հարևան, բայց դեռևս ոչ բարեկամ երկրում խաղաղության դարաշրջանի նախօրեին անշուշտ կօգտվեն հայ ռազմագերիների այս հայտարարություններից և ՀՀ-ին կփորձեն պատասխանատվության ենթարկել և էլ ավելի խոշոր չափի ռազմատուգանք կորզել՝ պնդելով, որ վերջինս դաժան վերաբերմունքի է արժանացրել ադրբեջանցի դիվերսանտներին, ինչը միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է։

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի վարած «գերճկուն արտաքին քաղքկանության հետևանքով» Ադրբեջանը ստացել է բոլոր իրավական հիմքերը՝ միջազգային դատարաններում Հայաստանին օկուպանտ ճանաչելու և պատասխանատվության ենթարկելու համար։

Փաշինյանի կողմից ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին է վերադարձնում Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները, ինչը նշանակում է, որ ընդունում է Ադրբեջանի այն քարոզչական թեզը, թե, իբր ՀՀ-ն 30 տարի շարունակ օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը, ինչը վերջինիս անշուշտ կօգտագործի իր նպատակներին հասնելու համար։

Հայաստանի Հանրապետության անունը չի հիշատակվել անգամ 1993 թվականին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի չորս բանաձևերում, որոնց Փաշինյանը հաճախ է հղում կատարում՝ սեփական ձախողումներն արդարացնելու նպատակով․ այս բանաձևերում նշվում էր, որ ոչ թե Հայաստանը պետք է դուրս գա հիշյալ շրջաններից, այլ Արցախի հայկական ուժերը։ Սա ժամանակի հայկական իշխանության մեծագույն ձեռքբերումներից էր, որը նույնպես Փաշինյանը կարողացավ իր մեկ ստորագրությամբ մսխել։

Ձեզ գուցե հետաքրքրի