Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանի խոսքով, 4000-ից ավելի անձ ապահովվել է կեցության պայմաններով Շիրակի մարզում, Արցախից բռնի տեղահանվածների մեծ մասը բնակվելու համար ընտրել է Գյումրի քաղաքը։
Բադիշյանի փոխանցմամբ, Գյումրիում ապաստանած արցախցիների թիվը 2851 է, Արթիկում` 431, Աշոցքում` 93, Անիում` 295, Ամասիայում` 91, Ախուրյանում` 387։

Ըստ պաշտոնյայի՝ կարիքները պարբերաբար գնահատվում են, և համապատասխան աջակցություն տրամադրվում։
Գյումրիի քաղաքապետարանի սոցիալական աշխարող Նարինե Բեգլարյանը նշում է, որ այս պահին Գյումրիում ապաստանած արցախցիներին տեղավորել են վարձակալած բնակարաններում, բայց 31 անձ դեռևս Գյումրիի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում է ապրում։ Բեգլարյանի խոսքով, այս մարդիկ Արցախում էլ են սոցիալապես անապահով եղել, նրանք ի վիճակի չեն բնակարան վարձելու։ Քաղաքապետարանում ևս արցախցիների կարիքները գնահատվում են։ Արցախցիները կարիք ունեն վերմակների, անկողնային պարագաների։

Մինչ պետական ապարատը չէր կողմնորոշվում՝ ինչ չափորոշիչներով է կազմակերպելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների օգնությունը, Գյումրիի Հայորդյաց տունը զբաղված էր արցախցիների համար անհրաժեշտ օգնության հավաքագրմամբ։
«Ինչպես 2016-ին, 2020-ին, այնպես էլ 2023-ին աշխատանքները սկսեցին եռալ, այլընտրանք չկար։ Այս պահի դրությամբ մենք 680 ընտանիքի հետ աշխատում ենք։ Առաջին օրերին արցախցիներին ապահովել ենք 15 օրվա սննդի պաշարով։ 10-15 գուցե և ավելի ընտանիքների բնակարանային վարձի խնդիրն ենք լուծել։ 20-25 մարդու աշխատանքի ենք տեղավորել։ Աշխատել և շարունակելու ենք աշխատել բազմազավակ ընտանիքների հետ։ Որտեղ մեր կարիքը զգացվել է, մենք այդտեղ ենք եղել։ Լրջագույն խնդիրները առջևում են, որովհետև չկա աշխատանք, իսկ ռեսուրսներն էլ սպառվում են»,- նշում է Գյումրիի Հայորդյաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը։

Հարցին, թե ինչո՞ւ որոշ արցախցիներ դեռևս չեն կարողանում ստանալ միանվագ 100 հազարական դրամ աջակցությունը, Միասնական սոցծառայության Գյումրիի ՏԿ ՍԱԶԾ բաժնի փորձագետ Մկրտիչ Շահվալադյանը պատասխանում է․ «Մենք 15 դիմում ենք ընդունել կենտրոնում, որ չեն ստացել աջակցությունը, հիմնական պատճառը այն է, որ միգրացիոն հաշվառում չեն անցել, ինչը խնդիրներ է ստեղծել»։
Մկրտիչ Շահվալադյանի խոսքով, իրենց կենտրոնում 77 արցախցի աշխատանք է փնտրում, նրանցից 8-ն արդեն անցել են աշխատանքի։

Միասնական սոցծառայության Գյումրիի ՏԿ ՍԱԶԾ բաժնի փորձագետն ասում է` թափուր հաստիքները շատ են. վարորդից մինչև հացթուխ, բայց արցախցիները չեն համաձայնվում առաջարկվող պայմաններին`պատճառաբանելով, որ աշխատավարձը ցածր է։