Առաջարկում ենք Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների օրակարգ ԼՂ կարգավիճակի և բնակչության վերադարձի շուրջ. Սամվել Բաբայան 
copy image url

Առաջարկում ենք Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների օրակարգ ԼՂ կարգավիճակի և բնակչության վերադարձի շուրջ. Սամվել Բաբայան 

Ներքին 1 տարի առաջ - 17:10 11-12-2023
Արցախի ազատության համար պայքարի ջատագովները հարցը ՄԱԿ-ի օժանդակությամբ լուծելու փորձ են անում։ Մասնավորապես՝ դեկտեմբերի 10-ին Արցախի քաղաքական և հասարակական ուժերը հանդես են եկել միասնական ուղերձով։ Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքների ղեկավարներ ստորագրել են ուղերձ՝ ուղղված միջազգային հանրությանը, պահանջել, որ Արցախը փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը։

Oragir.News-ը հարցում է ուղարկել միասնական ուղերձը ստորագրած, ԱՀ խորհրդարանական ուժերից «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանին՝ պարզելու, թե ու՞մ նախաձեռնությամբ է կազմվել ուղերձը։

«Ուղերձի տեքստը մեզ ուղարկվել է ԱԺ պատգամավորներից մեկի կողմից՝ միանալու նպատակով։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը տեքստին ծանոթանալուց հետո իր դիտարկումներն է արել՝ առաջարկելով վերանայել մի շարք ձևակերպումներ, որոնք բառացիորեն կրկնում են հակամարտության լուծման 30-ամյա պահանջ-թեզերը։ Ի պատասխան նշվել է, որ տեքստը հեղինակել են միջազգային իրավունքի մասնագետներ և, եթե ուղերձին միացող յուրաքանչյուր սուբյեկտ իր փոփոխություններն առաջարկի, սահմանված ժամկետում հնարավոր չի լինի հրապարակել այն։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը ոչ միայն չի տիրապետում մյուս կուսակցությունների՝ ուղերձին չմիանալու պատճառներին, այլև ուղերձի հրապարակումից հետո է տեղեկացել, որ վերջիններս չեն միացել»,- ասում է Սամվել Բաբայանը։ Նա նաև որոշ փակագծեր է բացել՝ կապված իր կողմից արված դիտարկումների հետ, որոնք չեն ընդունվել։

«Համաձայն ադրբեջանական պնդումների, ի հեճուկս միջնորդական առաքելությունների, Ադրբեջանն ուժի կիրառմամբ վերջնականապես լուծել է ԼՂ խնդիրը։ Մյուս կողմից՝ արցախյան կողմը շարունակում է պնդել, որ ազատ, անկախ և ինքնիշխան Արցախի Հանրապետությունն այլընտրանք չունի։ Նման անպտուղ քաղաքական օրակարգի փոխարեն՝ մենք առաջարկում ենք ձևակերպել ԼՂ կարգավիճակի և բնակչության վերադարձի շուրջ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների օրակարգ և դեմ առ դեմ գտնել փոխադարձաբար ընդունելի մոտեցումներ և սկզբունքներ»,- ասում է Ս․ Բաբայանը։

Հարցին, թե ՌԴ-ն կարո՞ղ է վետո կիրառել Արցախը ՄԱԿ-ի կառավարմանը փոխանցելու հարցի վրա։ Եթե այո, ապա ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել ռուսական վետոն, Սամվել Բաբայանը համոզված է՝ եթե ԼՂ հակամարտության ուղղակի կողմերը ուղիղ երկխոսության ուժ գտնեն իրենց մեջ, այլևս որևէ միջնորդության անհրաժեշտություն չի լինի։

«Մենք մշտապես հասարակական-քաղաքական խոսույթ ենք ձևավորել՝ հղում անելով այս կամ այն աշխարհաքաղաքական սուբյեկտների հնարավոր կարծիքին կամ դիրքրոշմանը։

Եթե ԼՂ հակամարտության ուղղակի կողմերը՝ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանն, ուղիղ երկխոսության ուժ գտնեն իրենց մեջ, այլևս որևէ միջնորդության, այդ թվում՝ խաղաղապահ, անհրաժեշտություն չի լինի»,- պատասխանել է Սամվել Բաբայանը։