copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 22:28 08-12-2023

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացման ծրագրի արդյունքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի ղեկավար կոմիտեի նիստին, որի ընթացքում քննարկվել են ծրագրի գործողություններն ու արդյունքները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության հայաստանյան գրասենյակի ազգային ծրագրերի ավագ համակարգող Արթուր Փոքրիկյանը և Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել՝ նիստի արդյունքներով արձանագրվելու է ծրագրի իրականացման ընթացքում գրանցված առաջընթացը, ինչպես նաև վերհանվելու են ի հայտ եկած խնդիրները:

«Գյուղատնտեսության ոլորտը մասնագիտական կրթության առումով մեր գերակա ուղղություններից է, հետևաբար, ծրագրի արդյունքները մեզ համար կարևոր են ոչ միայն ծրագրի, այլև տվյալ ոլորտի առաջխաղացման տեսանկյունից»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալն ընդգծել է՝ ՀՀ կառավարության ծրագրում հստակ ամրագրված է միջին մասնագիտական և արհեստագործական կրթության ոլորտում դուալ ուսուցման, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծավալների ընդլայնման և շարունակական զարգացման խնդիրը:

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև օրերս անցկացված երկօրյա աշխատաժողովին՝ նվիրված Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացմանն ու խթանմանն ուղղված գործողությունների քննարկմանը:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և հավասարապես Հայաստանում Շվեյցարիայի զարգացման համագործակցության համար պատասխանատու Վերներ Թութը ևս շեշտել է՝ մասնագիտական կրթության, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտի արդյունավետ բարեփոխումների համար առանցքային է պետական կառույցների և մասնավոր հատվածի միջև սերտ համագործակցությունը։ Նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար աջակցության ծրագրերի անհրաժեշտությանը՝ պատրաստակամություն հայտնելով այս առումով աջակցելու պետությանը:

Ծրագրի ղեկավար կոմիտեի անդամների խոսքով՝ 2022 և 2023 թվականներին կազմակերպվել են ճանաչողական և ուսումնական այցեր Շվեյցարիա, որին մասնակցել են ինչպես մասնավոր հատվածի ներկայացուցիչներն ու քոլեջների ղեկավարներ, այնպես էլ՝ հենց աշխատանքային խմբի անդամներ: 2023 թվականի մայիսին ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում կազմակերպվել են մասնագիտությունների առաջխաղացմանը նվիրված օրեր, այցեր դպրոցներ, աշխատանքի տոնավաճառներ, ինչպես նաև վերապատրաստումներ գործընկեր ուսումնական հաստատությունների դասավանդողների համար:

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» ծրագիրն աշխատում է ՀՀ-ում դուալ կրթության ներդրման ուղղությամբ:

ՄԱՎԵՏԱ ծրագիրն աշխատում է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի, Հայաստանի ագրարային ազգային համալսարանի Սիսիանի և Երևանի մասնաճյուղերի, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի, Բերդի բազմագործառութային պետական քոլեջի և Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի հետ։

Ծրագրի շրջանակում ընտրված մասնագիտությունները ներառում են անասնաբուժությունը, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան, ֆերմերային գործը, գյուղատնտեսական մեքենաները, կաթնաֆերմայի կառավարումը, պտղատու այգիների այգեգործությունը՝ ընկույզի և մրգերի մշակումը։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ և համաֆինանսավորվում ՀՀ կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Շվեյցարիայի եկեղեցու օգնության (HEKS/EPER), «Իզմիրլյան» հիմնադրամի և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ի կողմից:

Ամենից շատ դիտված

18:38 Բրյուսովի ռեկտորը հեռախոսով նկարում է դասադուլ անող ուսանողներին
23:11 Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
18:00 Oragir.News-ը պարզաբանում է ակնկալում ԱՄՆ դեսպանից, Ցուկերբերգից և իրավապահ մարմիններից
16:30 Նիկոլ Փաշինյանին հեռացնելու վերջին հնարավորությունը․ պետք է գործել ամենայն լրջությամբ
13:03 Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ
00:22 «Հայրենիքը հանուն Արծվաշենի» շարժման շրջանակներում Երևանից դեպի Արծվաշեն եմ շարժվելու․ Կարեն Հեքիմյան
18:30 Քիչ առաջ Երևան- Վանաձոր ճանապարհը Սպիտակի հատվածում փակվեց
17:15 Իշխանությանը ստիպելու ենք դադարեցնել միակողմանի զիջումները. ընդդիմադիր պատգամավոր
19:51 Գյուղեր կան, որտեղ մարդիկ միշտ տարազով են. Նիկոլ Փաշինյանի «անակնկալ» այցերը
17:45 Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին