copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 20:06 07-12-2023

Պատրա՞ստ եք զոհաբերելու արցախցիների համար. Արցախի պոետի բաց նամակը Ռոբերտ Քոչարյանին

Բանաստեղծ, սցենարիստ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավիկ Ավիկ Հարությունյանը բաց նամակով դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ գրելով․ «Ես հիմա նման եմ կինոֆիլմերի այն հարբեցող սպաներին, ովքեր գիշերային հերթապահությունների ժամանակ երկար նամակներ են գրում ՝ առ նախկին սիրուհիներ, թե՝ թագավոր ( ցար)։ Գրում, ուղարկում են, առավոտյան ՝ սառը բուքից սթափված ձին ասպատակում, հասնում են փոստատարին ու ՝ ետ են վերցնում իրենց նամակները: Ես դեռ ո՛չ մի նամակ հետ չեմ վերցրել, թեկուզ հետո միշտ էլ շշեր են ջարդվել գլխիս։

Վերջերս բաց նամակ էի գրել Արցախի ( դեռ գործող) նախագահին՝ ամենայն Հարգանքներով և պատշաճ պարկեշտությամբ, ինչպես ինձ դաստիարակել է իմ ուսուցչուհի մայրը։ Ասե՞մ, որ ես միշտ չէ, որ պարկեշտ եմ, նաև՝ երեխա ժամանակ. դրա համար մայրս ինձ դաղում էր իր ցուցափայտով։ Սակայն խնդիրը իմ «ես»-ը չէ ( թեկուզ ՝ դեռ) :
Արցախի նախագահը չի պատասխանել իմ նամակին, երևի ՝ ոչ էլ պատասխանի։ Իմ այս նոր նամակը ուղղում եմ Ռոբերտ Քոչարյանին։

Հարգարժան նախագահ, ի տարբերություն Արցախի վերջին նախագահի՝ մենք ծանոթ ենք իրար։ 30 տարի ու ավել ՝ երբեք չեմ բարձրաձայնել այս մասին. Դուք եղել եք Արցախի նախագահ, ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահ, բայց՝ գիտեք, որ ես երբեք չեմ դիմել Ձեզ որևէ հարցով, անգամ՝ իմ գոյության մասին ո՛չ մի ակնարկ չեք լսել Ձեր կյանքում։

Ես նույն Սլավի - Ավիկ Հարությունյանն եմ ով աշխատում էր Արցախի նորաստեղծ հեռուստատեսությունում որպես ավագ խմբագիր ու ուղիղ եթերների հաղորդավար։ Ձեր խնդրանքով ես հանդիպեցի Ձեզ, լսեցի Ձեզ, Ձեր հուզող խնդիրները, որ Դուք ևս « շարժման մասնակից ու առաջնորդ եք», բայց Մանուչարովը, և այլն և ուրիշներ Ձեզ խանգարում են, որ Դուք ուզում եք ներկայանալ հանրությանը։ Բարի։ Քանի որ Ձեր հայերենը ՝ ռուսի ասած ՝ остаётся желать лучшего, իմ հայերեն հարցերին Դուք պատասխանում էիք ռուսերեն։ Քավ լիցե, թե ես որևէ մեղադրանք եմ հնչեցնում։ Հակառակը՝ Արցախում այն ժամանակ հայկական կրթությունն էր համարվում հետամնաց։

Կարճ ժամանակ հետո ՝ Դուք դարձաք ամենահայտնի արցախյան քաղաքական գործիչներից մեկը։ Դուք պիտի հիշեք.իմ ընկերը՝ Իգոր Մուրադյանն էր, ով կակազելով ասում էր՝ зря ты так Марадона ( Ես երկար մազեր ունեի, սիրում էի կյանքն ու սիրուն կանանց, ու Իգորը ինձ Մարադոնա էր ասում ու դեմ էր, որ ես Ձեզ օգնում եմ) :
Ես նրան չլսեցի։ Այդպես՝ Դուք եկաք քաղաքականություն( իմ գործոնը այդ հարցում չնչին էր)։ Մի քանի օր առաջ ես լսում էի Ձեր որդու հարցազրույցը՝ ունեցվացքների, արդարության և այլնի մասին։

Պարոն Նախագահ, ասեմ, որ բավականին հարգալից կարծիք է ձևավորվել իմ մոտ, ազնիվ,պինդ, ու հայրենասեր զավակ ունեք։ Բայց նա հետաքրքիր բան է ասում, որ Դուք մի քիչ ընկճախտի մեջ եք։ Ամենայն հավանականությամբ դա այդպես էլ կա։ Մենք երկիր կորցրինք, մենք ամեն ինչ կորցրինք։ Ո՞վ է մեղավոր դրա համար։ Ես գիտնական եմ, «կինոշնիկ», ինձ սովորացրել են, որ չի կարելի ասել, թե ՝ կներեք, որ ուշացա, որովհետև կինս չէր արդուկել տաբատս ու 11 ֊րդ համարի տրամվեն էլ ուշացավ։ Դրամատուրգիայի դասագրքերում ( որտեղ նաև ես հեղինակ եմ) գրված է, որ հերոսը ( գլխավոր պերսոնաժը) պետք է ունենա մեկ պատճառ:

Այսօր ( կարծեմ ՝ երեկ) ԱԺ-ում ՔՊ - ն ընտրում է նոր հանձնաժողովի անդամ, ով հրաշալի բաներ է ասում։ Նա նախ ասում է, որ իր հերոսը այն մարդն է, որ ինքն է իր հաջողությունները կերտել։ Առանց ամաչելու ասեմ, որ հենց ես եմ այդ մարդը։ Այդ կնոջ հերոսը ես եմ, որովհետև մենակ, օտար աշխարհներում կարողացել եմ կայանալ, հակադարձել ամբողջ աշխարհին ու չկործանվել՝ միաժամանակ ծանոթ լինելով Ձեզ, Սերժի Վաչոյին( ով իմ ուսանողական ընկերն էր) ու մնացած շատ գեներալ֊հրամանատարների, ովքեր ընկեր էին։ Ձեզ թվու՞մ է, թե ինձ գովու՞մ եմ։ Քավ լիցե ։Կամ՝ անգամ ՝ թեկուզ։ Այդ տիկինը նաև ասում է, որ իր խնդիրն է, որ Հայաստանում լինի հանդուրժողականություն։

Ընտիր։ Դուք գիտե՞ք, որ իսպանական թերթերը 2017 թվականին գրել են իմ գրքի տպագրության առթիվ ( ի դեպ՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն լեզուներով), ու մեծ գլխատառերով ՝ Հայ բանաստեղծ ով գրում է պատերազմական արհավիրքների դեմ ու թշնամու մասին խոսում է արժանապատիվ ու հարգալից։Դուք, բնականաբար, չեք կարող տեղյակ լինել, բնականաբար նաև Ձեր որդին, ու հարգարժան տիկինը ով հեռուստատեսության հանձնաժողովի անդամ է ընտրվել։ Դուք բոլորդ զբաղված եք քաղաքականությամբ։ Ես՝ երկար ջուր ծեծողներից չեմ։

Կրկնեմ՝ մենք (ես և Դուք, պարոն նախագահ) հայրենիք ենք կորցրել։ Դրա մեղավորը մեկ մարդ է. դա այսօրվա ՀՀ վարչապետն է։ Եթե ես էլ Ձեր նման քաղաքականությամբ զբաղվեի՝ վաղուց իմ վզին (թե կոկորդին) շարված կլինեին մեդալներ, շքանշաններ (նաև Ձեր կողմից) :Ուրեմն ՝ այդ հարցն էլ համարենք փակ։ Հիմա բուն ասելիքին։
Ձեր որդին ասում է, որ Ձեր ունեցվացքը օրինական է և այլն։ Ավելին. Ես հավատում եմ, որ դա այդպես է։ Ավելի լավ։ Գիտե՞ք ես 44֊ օրյա պատերազմից հետո Մոսկվայում վաճառել եմ ունեցվածքը ու Ստեփանակերտում Թումանյան 5/1֊ում գնել եմ բնակարան, սկսել էի վերանորոգում։ Ես իմ ունեցածի մեծ մասը փորձում էի դնել Արցախի «զոհասեղանին», այժմ՝ մնացած մասը։

Իմ 85 ամյա հորեղբայրը 11 հոգով ապրում է Աբովյան քաղաքի 2 սենյականոցում 250 000դրամ վարձով, իմ մորքուրի տղայի գերեզմանը վերջին պահին մնաց Ստեփանակերտում ( փառք Աստծո, որ վերջին պահին ռուսները դագաղ տրամադրեցին)։ Հիմա ։ Կարևորի մասին։ Ես ասացի, թե ով է գլխավոր մեղավորը, ես անգամ ասում եմ, որ ես եմ մեղավորներից մեկը (չգիտեմ անգամ ինչում), բայց կա առավել շատ, առավել կարևոր մի բան. ՁԵՐ ՈՐԴԻՆ ՈՒ ԴՈՒՔ ՊԻՏԻ ՀԱՍԿԱՆԱՔ, ՈՐ ԻՆՉ ՈՒՆԵՔ, ԻՆՉ ՁԵՌՔ ԵՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ԱԶՆԻՎ ՔՐՏԻՆՔՈՎ՝ ՊԻՏԻ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՔ ՋՈՀԱԲԵՐԵԼՈՒ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ։ ԵԹԵ ԴԵՌ ՍԱ ՉԵՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՈՒ ՉԵՔ ԸՆԿԱԼԵԼ ՈՒ ՄՏԱԾՈՒՄ ԵՔ, ԹԵ՝ ԻՆՉ ՕՐԻՆԱՎՈՐ Է՝ ՁԵՐՆ Է, ԱՊԱ ԴՈՒՔ ԵՐԲԵՔ ՉԵՔ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱՌԱՋՆՈՐԴ։

Դա դժբախտության կեսն է, որովհետև այս տեքստը փակվում է Ձեր անձնական տիրույթում։ Ինձ հետաքրքիր է ՝ մնացածը. Դուք Ձեր ցուպը ձեռքին ( անկախ՝ մեղավոր եք, թե ոչ, ճիշտ եք, թե սխալ) Ձեր ունեցած բոլոր ռեսուրսները զոհաբերելու ՞ եք Ձեր հոտին, թե՞ շարունակելու՞ եք մնալ ընկճախտի մեջ, իսկ ՝ Ձեր փաստաբանները ապացուցելու են Ձեր ազնվության նառատիվի պառադիգմը։

Բարին ընդ Ձեզ

Հարգանքներով՝ Սլավի Ավիկ Հարությունյան»։