Հրապարակ օրաթերթը գրում է․ Իշխող թիմում սրտատրոփ սպասում են, թե առաջիկա ընտրություններին ընդառաջ ում է զոհաբերելու Նիկոլ Փաշինյանը։ Ասում են, որ ներքին քննարկումների ժամանակ Փաշինյանն ասել է, որ ժողովուրդն իրենցից ակնկալում է խաղաղություն եւ «ներքին առողջացում»։
Ասել է, որ իրենց ներել են պատերազմն ու պարտությունը, ուստի, եթե վաշինգտոնյան հռչակագիրը կարողանան հմտորեն օգտագործել, թե խաղաղություն ենք բերել Հայաստանին, ապա իշխանության «ներքին առողջացման» հարցը մնում է խնդրահարույց՝ ժողովուրդը տեսնում, լսում է պաշտոնյաների սրընթաց հարստացման, չարաշահումների, նոր օլիգարխների մասին, մամուլում տասնյակ հրապարակումներ կան ոմանց կոռուպցիոն գործարքների, կասկածելի կապերի մասին։
Բոլորը հասկացել են, որ Փաշինյանը մի քանի խոշոր «ձուկ» պետք է գլխատի, որ նախընտրական քարոզչական խաբկանքն ամբողջանա։ Եթե մինչեւ վերջերս խոսվում էր, որ առաջին զոհը լինելու է Տիգրան Ավինյանը, ապա հիմա նրա մասին զգուշորեն են խոսում, ասում են՝ Ավինյանը հասկացրել է, որ իրեն ձեռք տալը չեն մարսի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի ընտանիքում պաշտոնի փոփոխությունների շրջափուլ է։
Բանն այն Է, որ դատավոր Բաղդասարյանը մեծ ցանկություն ունի Վճռաբեկ դատարան գնալու, եւ երեկ ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանում էր՝ վստահեցնելով, որ ինքը անկախ դատավոր է։
Նրա դատախազ ամուսնու կյանքում էլ փոփոխությունների շրջան էր սեպտեմբերի 3-ը: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատավոր Նելլի Բաղդասարյանի դատախազ ամուսնուն մի վարչությունից մեկ այլ վարչություն էր տեղափոխել։ Մասնավորապես, գլխավոր դատախազը սեպտեմբերի 3-ին Գլխավոր դատախազության՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արիստակես Բարսեղյանին փոխադրել էր Գլխավոր դատախազության՝ պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին:
Իսկ թե դատախազ ամուսնու աշխատանքի փոփոխությունը ինչ ազդեցություն կունենա դատավոր կնոջ առաջխաղացման գործընթացում, պարզ կլինի այսօր ՔՊ-ի քվեարկությամբ»։
Հրապարակ օրաթերթը գրում է․ Թեեւ խորհրդարանում երրորդ օրն է՝ մեկնարկել է աշնանային նստաշրջանը, սակայն ՔՊ-ական նորաթուխ պատգամավոր՝ վանաձորցի Վանիկ Օհանյանը, որն Արեն Մկրտչյանի փոխարեն օրերս մանդատ ստացավ, դեռ աշխատանքի չի ներկայանում։ Նա պատգամավորական երդում չի տվել, ինչը նշանակում է, որ պաշտոնապես չի ստանձնել լիազորությունները։
Չնայած իշխող թիմում փորձում են կոծկել գործընկերոջ բացակայության իրական պատճառները՝ ասելով, որ դա առողջական խնդիրներով է պայմանավորված, սակայն մենք պարզեցինք, որ իրականում նա Հայաստանում չէ, մասնավոր այցով ԱՄՆ է մեկնել ու արդարացել, թե նախապես էր գնել տոմսերը, երբ մտքով չէր կարող անցնել, որ պատգամավոր է դառնալու։ Սա վկայում է այն փնթի կառավարման մասին, որն այսօր առկա է Հայաստանում։
Նշանակում է, որ Արեն Մկրտչյանի՝ մարզպետ դառնալը եղել է հապճեպ, ոչ ոք չի մտածել, թե ով է ցուցակի հաջորդ համարը, այդ անձին ժամանակին չեն տեղեկացրել, չեն մտածել, որ մարդը կարող է երկրում չլինել։ Նա էլ իր հերթին հարկ չի համարել չեղարկել կամ ընդհատել արձակուրդը եւ այլն։
Նման անպատասխանատու մթնոլորտ է ամենուր։ ՔՊ-ում եւս ոմանք բուռն քննարկում են ստեղծված իրավիճակը։
Ասում են, որ անգամ դիտարկել են Վանիկ Օհանյանի թեկնածությունն ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում, եւ զարմանալի չէ, որ այս իրավիճակում այդ բարձր պաշտոնը բաժին հասավ բարձրագույն կրթություն չունեցող բուժքրոջը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայրենի իշխանությունների ներսում լարված մթնոլորտ է. բոլորը շունչները պահած սպասում են, թե ինչ արդյունք կլինի սեպտեմբերի 20-ին:
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ բոլորը իրար դեմ են պայքարում, որպեսզի կարողանան հայտնվել ՔՊ վարչության քսանյակում: Իշխանության ներկայացուցիչներն ամեն բան թողել են ինքնահոսի ու քարոզչական աշխատանքներով են տարված: Ժամանակը մոտենում է, պետք է հասցնել, ամեն բան անել ՔՊ վարչության նոր կազմում լինելու համար: Անգամ ԱԺ նիստերի ընթացքում քննարկված 3 տասնյակից ավելի օրինագծերը քվեարկելու համար համապատասխան թվով պատգամավորներ ՔՊ-ից չեն հավաքվում, որպեսզի քվեարկություն իրականացնեն:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ վարչության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ, ինչպես միշտ, ամեն բան թողել է ինքնահոսի, ու որեւէ ՔՊ-ական չի կարողանում հասկանալ, թե ինքն արդյոք հաղթահարելու է անցողիկ շեմը վարչության նոր կազմում լինելու համար, թե ոչ:
Այս պահին բոլորի գլխին սուր է կախված, անգամ այն կարկառուն ՔՊ-ականների, որոնք Փաշինյանի վստահելիներն են: Վարչությունում անորոշ ու լարված վիճակ է:
Նշենք, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյան մարզահամալիրի դահլիճում. այն հեռարձակվելու է ուղիղ եթերով: Ըստ տեղեկությունների՝ սպասվում են բավականին երկարատեւ ընտրություններ»։
Հրապարակ օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի աշխատանքից, եւ ոմանք քննարկում են Գալյանի ազատման հարցը։ Թե կոնկրետ ինչով է պայմանավորված դժգոհությունը, չեն ասում։
Նշում են, որ բարդ եւ առանցքային ոլորտ է, որտեղ բազմաթիվ խնդիրներ են առաջ եկել։ Գալյանը նախարար է նշանակվել անցած նոյեմբերին, մինչ այդ գլխավոր դատախազի տեղակալն էր՝ համակարգում էր ապօրինի գույքի բռնագանձման գործերը, սակայն այստեղ էլ մեծ միջոցներ են ծախսվել, բայց իրական արդյունք չկա։
Նա պարբերաբար լեզվակռվի մեջ է ընկնում լրագրողների հետ, անհավասարակշիռ է։ Ինչպես նաեւ՝ նրա անձնական կյանքն է քննարկման առարկա դարձել։