Երևան +13°
copy image url
Արտաքին Ներքին 5 ամիս առաջ - 22:30 04-12-2023

Արցախի վտարանդի կառավարության ձևավորումը պատերազմի պատճառ չի կարող լինել

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջական բռնազավթումից հետո հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակների կողմից ակտիվորեն քննարկվում է, թե արդյոք անհրաժե՞շտ է Հայաստանում կամ սփյուռքում Արցախի վտարանդի կառավարություն ձևավորել, պահպանել հայկական երկրորդ հանրապետության պետական ինստիտուտները, թե՞ ոչ։ Մինչ փորձագետների մեծամասնությունը և ընդդիմության պետականամետ հատվածը գտնում է, որ դա անհրաժեշտ է անել՝ Արցախի հարցը մեկընդմիշտ չփակելու համար, իշխանությունները և վերջիններիս խոսափող արտախորհրդարանական ուժերն ու փորձագետները հասարակությանը փորձում են համոզել, որ ՀՀ-ում Արցախի պետական ինստիտուտների և վտարանդի կառավարության գործունեությունը սպառնում է մեր երկրի անվտանգությանը, քանի որ դա Ադրբեջանին հնարավորություն կտա լեգիտիմացնել Հայաստանի նկատմամբ իր առաջիկա հարձակումները։

Առհասարակ Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակում գործելու որևէ պատճառ պետք չէ։ Ալիևի ռեժիմը բազմիցս ապացուցել է, որ չի ճանաչում ո՛չ միջազգային իրավունքը, ո՛չ վերջինով ամրագրված ուժի կիրառման անթույլտարելիության և պետությունների միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքները և հարմար իրողությունների պայմաններում կարող է հարձակվել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ու դրանից որոշակի կիլոմետրեր օկուպացնել։

Ավելին, նախորդ տարիների իրադարձությունները փաստեցին, որ անգամ Ադրբեջանին կատարված տարտեսակ զիջումները, Արցախի հարցում նշաձողի իջեցումը, ինչպես նաև Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը որևէ կերպ չեն զսպում թշնամու նկրտումները։ Ասվածի վկայությունը այսօր Վայոց ձորի Բարձրունի բնակավայրի ուղղությամբ արձակված կրակոցներ էին, ինչի հետևանքով 31-ամյա պայմանագրային զինծառայող զոհվեց։

Բացի այդ, ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ Բաքուն Արցախի հարցը լուծված է համարում, իսկ այս պահին բռնազավթված հայկական երկրորդ հանրապետության տարածքում փաստացի հայկական պետականությունն այլևս գոյություն չունի։ Այս համատեքտում այլևս ոչինչ չի կարող ադրբեջանական ագրեսիան լեգիտիմացնել։ Նշենք, որ այս տրամաբանության շրջանակներում եթե Երևանում կամ Հայաստանի որևէ այլ մարզում Արցախի անունով մշակույթի տուն էլ լինի, ապա դա պետք է դիտարկենք անվտանգային խնդիր, և Արցախ անվանմամբ անգամ մշակութային խմբեր չգործեն, փողոցներ չանվանակոչվեն և այլն։

Առհասարակ վտարանդի կառավարությունը, քաղաքական խումբ է, որը հավակնում է լինել երկրի կամ կիսաինքնիշխան պետության օրինական իշխանությունը, սակայն չի կարողանում օրինական իշխանություն իրականացնել, և նա գործունեություն է ծավալում երկրի մեկ այլ նահանգում կամ ընդհանրապես օտար երկրում։ Վտարանդի կառավարությունները սովորաբար ծրագրում են վերադառնալ իրենց հայրենիք և վերահաստատել պաշտոնական իշխանությունը։

Նկատենք, որ վտարանդի կառավարությունը տարբերվում է «կոճղ-պետությունից» նրանով, որ «կոճղ-պետությունը» վերահսկում է իր նախկին տարածքի առնվազն մի մասը։ Այսպիսի օրինակ կար Բելգիայում Առաջին աշխարհամարտից հետո, երբ երկրի գրեթե ամբողջ տարածքն օկուպացված էր Գերմանիայի կողմից, Բելգիան և նրա դաշնակիցները երկրի արևմուտքում պահեցին մի փոքրիկ հատված, սակայն ավելի ուշ տեղի ունեցած զարգացումներ հետևանքով վտարանդի կառավարությունը կորցրեց իր ողջ տարածքը։

Վտարանդի կառավարությունները սովորաբար առաջանում են պատերազմական օկուպացիայի ժամանակ կամ քաղաքացիական պատերազմից, հեղափոխությունից կամ ռազմական հեղաշրջումից հետո։ Օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական էքսպանսիայի ժամանակ որոշ եվրոպական կառավարություններ ապաստան փնտրեցին Բրիտանիայում՝ նացիստական ​​Գերմանիայի ձեռքով կործանվելու փոխարեն։

Վտարանդի կառավարություն կարող է ձևավորվել նաև հիմնադիրների այն համոզմունքի հիման վրա, որ իշխող կառավարությունը ոչ լեգիտիմ է։ Օրինակ, 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկման կապակցությամբ ստեղծվել է Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան խմբերի կողմից, որոնց անդամները ձգտում էին վերջ տալ իշխող Բաաս կուսակցության կառավարմանը։

Միևնույն ժամանակ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ վտարանդի կառավարության արդյունավետությունը հիմնականում կախված է այն աջակցության չափից, որը նա ստանում է, կա՛մ արտասահմանյան կառավարություններից, կա՛մ սեփական երկրի բնակչության կողմից։ Որոշ վտարանդի կառավարություններ վերածվում են ահեղ ուժերի՝ լուրջ մարտահրավեր նետելով երկրի գործող իշխանություններին, իսկ մյուսներին կարելի է աջակցել հիմնականում որպես խորհրդանշական ժեստ։

Վտարանդի կառավարություն ֆենոմենը նախորդել է տերմինի պաշտոնական կիրառմանը։ Միապետական ​​կառավարման ժամանակաշրջաններում աքսորված միապետները կամ դինաստիաները երբեմն վտարանդիության դատարաններ էին ստեղծում, ինչպես Ստյուարտի տունը, երբ նրանք գահընկեց արվեցին Օլիվեր Կրոմվելի կողմից, և կրկին Պանծալի հեղափոխության ժամանակ։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Արցախի նկատմամբ իրականացված լայնամասշտաբ ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը համապատասխանում է գրեթե բոլոր նախադեպային օրինակներին, և առկա են բոլոր նախադրյալները, որպեսզի Արցախի վտարանդի կառավարությունը գործունեություն ծավալի, զբաղվի արցախցիների խնդիրների լուծմամբ, ինչպես նաև վերջնականորեն չփակի հայկական Արցախի էջը։ Առհասարակ ներկայիս աշխարհում իրադարձությունները չափազանց արագ են զարգանում, և որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե 10, 5, կամ գուցե 1 տարի անց իրադարձություններն ինչպես կզարգանան, ուստի Հայաստանը չպետք է իր ձեռքերը լվանա Արցախից և լեգիտիմացնի վերջինիս բռնակցումը Ադրբեջանին։

Հավելենք, որ չնայած Արցախի նախագահը լեգիտիմության որոշակի խնդիր ունի, քանի որ վերջինս ընտրվել է ոչ թե համաժողովրդական ընտրությունների, այլ ԱԺ պատգամավորների կողմից, այնուամենայնիվ Արցախի Ազգային ժողովը ձևավորվել է երկրի բնակչության ազատ կամարտահայտության արդյունքում, որևէ մեկը այն չի կարող լուծարել, և վերջինս առնվազն մինչև 2025 թվականը պետք է շարունակի իր գործունեությունը և զբաղվի վերոհիշյալ խնդիրների լուծմամբ։ Այլ հարց է, որ Արցախի իշխանությունների և ԱԺ պատգամավորների մի մասը սեփական բարեկեցությունը պետական շահերից և արցախահայերի խնդիրներից վեր են դասում, և նախընտրում են համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, որպեսզի Հայաստանի իշխանությունների հետ խնդիրներ չունենան, ինչն ավելի է բարդացնում արցախահայության առանց այդ էլ ծանր իրավիճակը։

Դավիթ Գույումջյան