Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Մշակույթ 4 ամիս առաջ - 21:23 04-12-2023

Նրան 2 բան էր փրկում՝ իր ստեղծած պոեզիան և իր սիրած կանայք․․․

Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատ-շատ տարիներ առաջ Գրականության և արվեստի թանգարանի պահոցներում ես բացառիկ հուզիչ և երջանիկ «հարաբերություններ» հաստատեցի մեր մեծ մտավորականների հետ: Ուսումնասիրում էի նրանց թղթերը, ձեռագրերը, նամակները հեռուստատեսային հայտագիր պատրաստելու համար, իսկ նրանք բացվում ու բացվում էին իմ առջև: Դա մոտ 18-20 տարի առաջ էր: Տեսագրություններ չկան: Ովքեր դիտել են՝ լավ, ովքեր՝ ոչ ուզում եմ կիսվել նրանց հետ այս հարթակին հարմար ձևաչափով: «Խոստովանություն» շարքը, ամբողջությամբ արխիվային նյութերի հիման վրա, սկսեցի Վահան Տերյանով, հիմա էլ կսկսեմ պատմել նրա մասին՝ փոքր-փոքր հատվածներով, ամեն անգամ «պօ չայնօյ լօժկէ», ինչպես Աբասթումանում Թումանյանին հանձնարարել էր աշխատել բժիշկը՝ «թեյի դքալով» , այսինքն՝ քիչ-քիչ, առանց ծանրաբեռնության: Եվ այսպես՝ Վահան Տերյան.

«Նրանք 3 էին՝ երեք տարբեր կանայք, որոնցից ամեն մեկը կյանքը ընկալում էր յուրովի, կյանքից ուզում էր մյուսից տարբեր բան և, վերջապես, որոնց նա սիրում էր յուրահատուկ ձևով։

Այդ երեք կանանցից ամեն մեկի մեջ Տերյանը փնտրում էր հուսահատությունից մենակությունից, անզորությունից իրեն դուրս բերող մեկին։ Կանայք էին կարծես նրա նեցուկը, այլ ոչ թե հակառակը։ Այդ կանանց գոյությունը օգնում էր Տերյանին: Գուցե վաղուց կորցրած մոր սիրո և փաղաքշանքի կարիքը օտար քաղաքում ավելի էր սրվել և նա քույրական, մայրական սփոփանքի կարիք ուներ։ Իսկ շատ են արդյոք այն կանայք, ովքեր կարող են հանդուրժել իրենց կողքին սփոփանքի անընդհատ կարիք ունեցող տղամարդու, տղամարդու, ում կյանքը, որքան որ հարուստ էր ստեղծագործության մեջ, նույնքան էլ աղքատ՝ կենցաղում, որքան բուռն էր քաղաքականության մեջ, նույնքան էլ` զարմանալի սիրային հարցերում: Այնպես որ աղքատության, հեղափոխական խառնաշփոթի մեջ նրան 2 բան էր փրկում՝ իր ստեղծած պոեզիան և իր սիրած կանայք: 1 տղամարդ և 3 կին: Սա արդեն սիրային եռանկյունի չէ, այլ սիրային շղթա, ընդ որում փակ շղթա, որի օղակները ագուցված են իրար մեջ և փաստորեն անքակտելի են, որ ինչքան էլ պտտես, ոչ սկիզբն ես գտնելու, ոչ՝ վերջը, որտեղ անկարևոր օղակ պարզապես չկա և որը կդադարի գոյություն ունենալ միայն 1 դեպքում, երբ մահը…. բայց ես չեմ ուզում հիմա խոսել դրա մասին, դեռ ժամանակը չէ:

Մոսկվա, սա այն քաղաքն է, որտեղ Տերյանը ուսանել է և հրաշալի գործեր գրել, որտեղ բոլշևիզմի ուրվականն ինչ-որ մի պահի տիրել է նրա մտքին, սա այն քաղաքն է, որտեղ նա սիրել է: Մոսկվա, ջահելություն, հույսեր, մոլորություններ, ընկերներ, ընկերուհիներ, սիրատոչոր հայացքներ, գաղտնի ժամադրություններ, բանաստեղծություններ՝ նրանց նվիրված, անհամարձակ գգվանքներ, ֆլիրտ, մի խոսքով՝ կանայք, ովքեր Վահանի կյանքում կային այնքանով, որքանով պետք էր կոտրել երիտասարդ անձնական կյանքի կոշտությունը: Հռիփսիմե Օհանջանյան, Աննա Բարսեղյան՝ նույն ինքը Նյուրան, վերջապես էստոնուհի Ալինա Մուգոր, ում ծնկներին Տերյանը կարող էր դնել գլուխը և անէանալ ու չզգալ որևէ կապվածություն, չունենալ որևէ պատասխանատվություն, և այդ թեթևության մեջ հորինել ՝

«Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից...

Տղամարդիկ սիրում են հարաբերությունների մեջ հավակնությունները չունեցող կանանց ներկայությունը իրենց կողքին: Տերյանը՝ նույնպես: Հենց իր անհավակնոտ կանանց մասին մտքերը այդ օրը նրան ,աշնանային տերևի նման քշելով, բերեցին, հասցրին Տվերսկայա փողոց, Ելիսեևի խանութի մոտ:

Խանութի ցուցափեղկերից ախորժակը գրգռող և ներս կանչող ուտելիքը իսկական փորձությունը էր նրա համար: Կյանքում հաճախ է լինում, երբ ցանկությունները և հնարավորությունները չեն համընկնում: Նման դեպքերում հարկավոր է վարվել այնպես, ինչպես վարվեց Տերյանը. նա արհամարհեց ցանկությունը, մեջքով շրջվեց բուրժուա Ելիսեևի սեփականությանը, մոտեցավ կանգառին և շուտով հայտնվեց 17 համարի տրամվայում: Երբ Մոսկվայում կլինեք, ժամանակ գտեք և գնացեք այնտեղ, թեպետ քաղաքը շատ է փոխվել, բայցևայնպես, գնացեք և փորձեք մոտ 100-110 տարով ետ պտտել ժամանակի անիվը, որովհետև մոտ 100-110 տարի առաջ այս հասցեից է սկսվել Տերյանի մեծ սիրո ճանապարհը:

Մետաղյա անիվների հետզհետե արագացող ընթացքը տեսադաշտից հեռացրեց Ելիսեևի մթերային խանութը, դա արդեն լավ էր»:

Շարունակելի...»