Երևան +11°
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 21:23 27-11-2023

Փոքրիկիս դրեցի մահճակալի մեջ, ուզում էի օրորել, լսվեց առաջին պայթյունը, հասկացա, որ պատերազմ է սկսվել. բռնի տեղահանված

Արցախցի 34-ամյա Արև Դանիելյանը մասնագիտությամբ լրագրող է, երեք երեխաների մայրիկը վերջին պատերազմի ժամանակ ֆիզարձակուրդում էր։ Պատերազմում տեսածի ու լսածի, Արցախում թողածի մասին պատմելիս Արևը չի կարողանում թաքցնել հուզմունքը։

«Արցախի հողը սուրբ է, չգիտեմ՝ ինչպես կարողացանք թողնել այդ հողը և հեռանալ․ ամեն ինչ անհասկանալի է։ Նոյեմբերի 9-ից հետո մենք ամեն ինչի պատրաստ էինք դիմանալ, և դրա ապացույցը 10 ամիս տևած բլոկադան էր։ Դա ևս մի դժոխք էր, որի միջով անցանք, պատրաստվում էինք ավելի դաժան ձմեռ դիմավորել, բայց երբեք չէինք մտածում, որ այդ ձմեռը Արցախից դուրս ենք դիմավորելու», - Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Արև Դանիելյանը։

Շրջափակման հետևանքով բազմաթիվ զրկանքներից ու տառապանքներից հետո արցախցիները հարկադրված բռնեցին գաղթի ճանապարհը։ Թշնամին հարձակվեց հյուծված ու զինաթափված Արցախի վրա։



«Սեպտեմբերի 19-ը հերթական օրերից մեկն էր... Երեխաներս դպրոցում էին․մեծ տղաս երրորդ դասարան է, միջնեկս՝ առաջին։ Երեխաներիս ուրախությամբ էինք դպրոց ճանապարհում, չգիտեինք, թե ինչքան ժամանակ երեխաներս դպրոց կգնան, որովհետև առջևում ձմեռ էր, լույսը անջատումներով էր, գազ չկար, մի խոսքով՝ ջեռուցման խնդիր կար։ Էդ օրը սովորական աշնանային օրերից մեկն էր, գնացել էի բալիկիս հետևից ու տեսա, որ դպրոցում խուճապ է, երեխաները միջանցքում լացում էին։ Առաջինդասարանցիների ծնողները հավաքվել էին երեխաներին տանելու և ամեն մեկը մի անկյունում խոսում էր, որ սահմանին վիճակը լավ չէ, պատերազմ է... Բոլորը չճշտված լուրեր էին, բայց որ ինչ-որ բան էր կատարվում, դա հաստատ էր։ Մեծ տղաս դեռ մի դասաժամ ուներ, բայց ուսուցչուհուն զգուշացրի և նրան էլ տուն տարա։ Դպրոցից դեպի մեր տուն հինգ րոպեի ճանապարհ էր, մենք արագ տուն էինք քայլում, ու զգում էի, որ մի բան լինելու է»,-շարունակում է արցախցի լրագրողը։

Երիտասարդ մայրիկն ասում է, որ դեռ 2020 թվականի պատերազմից հետո է իր տղաներին բացատրել, թե ինչ պիտի անեն, եթե հանկարծ ռմբակոծություն լինի, կրակոցների ձայներ լսեն։ Մայրիկի հորդորները այդ օրն էլ նույնն էին` առանց խուճապի մատնվելու պատսպարվել։



«Փոքրիկիս կերակրեցի, պատրաստվում էի քնեցնել, դրեցի մահճակալի մեջ և փորձում էի օրորել, լսվեց առաջին պայթյունը, հասկացա, որ պատերազմ է սկսվել։ Ինձ չկորցրի, փոքրիկիս արագ գրկեցի, տղաներիս կանչեցի և ասացի՝ վազեն նկուղ։ Էդ ընթացքում անընդհատ ռմբակոծության ձայներ էին լսվում, մենք վազեցինք նկուղ, բայց մեր տան հարակից շենքի նկուղն ավելի ապահով էր, երեխաներիս հետ վազեցինք այդ շենքի նկուղը։ Դժոխային գիշեր ենք անցկացրել նկուղում, երեխաներին քնեցրել ենք հատակին... Քանի որ մեր տունը մոտ էր, վազում էի տուն, դեղ էի բերում, ջուր, հաց։ Հացը, իհարկե, այդ ժամանակ շքեղություն էր մեզ համար... Մի փոքր ալյուր ունեինք, թխել էինք, բերեցի, բաժանեցի երեխաներին։ Ամբողջ գիշեր ռմբակոծում էին, մեր վախվորած փոքրիկներին հանգստացնելու համար ասում էինք, որ մի վախեցեք՝ մերոնք են խփում։ Տղաս քնած էր, ռմբակոծության ձայնից վեր թռավ, ասաց` մերոնք են, մերոնք ու նորից քնեց... Մենք փորձում էինք ամեն ինչ անել, որ երեխաները չզգան։ Գիշերվա կեսին ծնողներ էին գալիս ու փնտրում էին իրենց երեխաներին։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացողություններ էին։ Մենք էդ ժամանակ մտածում էինք, որ այս ամենը վերջն է, հատկապես, երբ արդեն մոտեցել էին քաղաքին։ Կրակոցները պարզ լսվում էին, և տպավորություն էր, թե մեր շենքին են խփում։ Մինչև, այսպես ասած, հրադադարը դժոխք ենք ապրել... Մարդիկ, իրենց երեխաներին գրկած, ոտաբոբիկ վազում էին, որպեսզի պատսպարվեն»,-պատմում է Արև Դանիելյանը։

Արևի ընտանիքը սեպտեմբերի 28-ին է Ստեփանակերտից պարտադրված դուրս եկել, 30 ժամ ճանապարհ են անցել, մինչև հասել են Հայաստան։



«Մի դժոխք էլ դա էր, որ հիմա հետ եմ նայում և հիշում եմ այդ ամենը, զարմանում եմ՝ ինչպես չեմ խելագարվել այդ ճանապարհին։ Երեք բալիկներիս հետ մի կերպ հասանք ու անցանք անիծյալ սահմանը։ Ծանր էր սահմանն անցնելը, որովհետև մեր տունն ու հայրենիքը կորցնելուց մեկ քայլ էր մնացել։ Էդ զգացողությունը ավելի շատ էր տանջում, քան էն, որ մոտենում էինք ադրբեջանցիներին։ Մենք թողել ենք այն, ինչ ունեինք, տանս դուռը բանալիով չեմ փակել, բայց բանալին հետս բերել եմ։ Երևի ամեն մարդ հոգու խորքում տուն վերադառնալու ցանկություն է պահում, բայց ի՞նչ գնով․ սա է հարցը։ Երբ տեսնում ես՝ ինչ վայրագություններ են կատարել ադրբեջանցիները փոքր երեխաների հանդեպ, ոչինչ էլ աչքիդ չի գալիս։ Միակ մխիթարանքդ լինում է այն, որ կարողացել ես փրկել երեխաներիդ էդ ամեն ինչից»։

Արցախցի կինն ասում է`Արցախում թողել է երջանիկ տարիներ։ Ռմբակոծության թեժ պահերին վազել ու հավաքել է իր հիշողությունները։ Հիմա նկարներից է Արցախից կարոտն առնում ու մտովի տեղափոխվում Արցախ, որտեղ իրենք երջանիկ էին, Արցախն էլ ազատ ու անկախ էր։



«Երբ անցնում էինք սահմանը, նայում էի մեր լեռներին, որտեղ արդեն Ադրբեջանի դրոշներն էին ծածանվում։ Դա մեծ ցավ էր, ափսոսանք, զղջում։ Մեզ համար հոգու հանգստություն չկա... ցերեկները մի կերպ տանելի է, բայց երբ մութն ընկնում է, մտքերիդ հետ մենակ ես մնում`կարոտ ու դատարկություն ես զգում, որը ոչինչ չի լցնում։ Խելագարվելու աստիճան կարոտում ենք»,- եզրափակում է Արցախից բռնի տեղահանված Արև Դանիելյանը։

Արևը Հայաստանում լրագրողի մասնագիտությամբ չի աշխատում։ Ասում է` ես ինձ կորցրել եմ, այստեղ չեմ կարողանում ինձ գտնել իմ մասնագիտության մեջ։

Հիմա զբաղվում է իր համար մեկ այլ սիրելի աշխատանքով։ Արև Դանիելյանը հիմա զբաղվում է մրգային ֆրիպսի արտադրությամբ։ Արևը չէր էլ պատկերացնում, որ մի օր իր սիրելի զբաղմունքը կդառնա նաև եկամտի աղբյուր։

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին