copy image url
Ներքին Մշակույթ 5 ամիս առաջ - 22:11 26-11-2023

Գրողների միությունը դժբախտ ու դժգույն միավորում է․ Սերժ Սրապիոնյանը՝ ՀԳՄ համագումարի մասին

Երեկ Հայաստանի գրողների միության 20-րդ համագումարն էր, որտեղ ոչ մի բառ չի խոսվել Հայաստանի առջև ծառացած խնդիրների մասին։ Համագումարը երրորդ անգամ վերընտրել է Էդվարդ Միլիտոնյանին ՀԳՄ նախագահի պաշտոնում։

Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ գրականագետ Սերժ Սրապիոնյանից։

Oragir.News - Նորմա՞լ է արդյոք այն, որ ՀԳՄ անդամները չեն անդրադարձել Հայաստանի առջև ծառացած խնդիրներին և չեն խոսել անգամ Արցախի հայաթափումից։

Սերժ Սրապիոնյան - Եթե Հայաստանում գրողները լինեին մինչև 80-ականների հայ գրողները, չէին սպասի համագումարի, և էն էլ համագումարի ընթացքում չխոսեին այդ մասին։ Դուք մատների վրա կհաշվեք մի քանի իրական, ճշմարիտ գեղարվեստ ստեղծող գրողների, որոնք այս ընթացքում առանց համագումարի իրենց կարծիքն ասել են, որոնց ստեղծագործություններն են մնալու մեր գրականության մեջ։

Գրողներ կան, որոնց ստեղծագործությունները Վաղունու «Պատրանք» վեպի նման մոռացվելու են, գնալու են, և հազարից մեկը չի հիշելու, որ եղել է այդպիսի գրող։ Այդ գրողներով համագումար էին անում, որ ի՞նչ որոշեին․ ո՞րն էր այդ համագումարի օրակարգը։ Նախ՝ այդ գրողները արտահերթ համագումարներ պիտի հրավիրած լինեին արդեն մի քանի անգամ, և ՀԳՄ նախագահը, թեպետ իմ բարեկամն է, մենք մտերիմ ենք եղել, բայց նա այսօր, ըստ էության, իր տեղում չէ։

Գրողների միությունը նույնիսկ համքարության չի վերածվել․ տեղ է, որտեղ մարդիկ հավաքվում են, իրենց անձնական դարդ ու ցավերից խոսում են, պաթետիկ ճառեր են ասում, գնում։ Վահան Թամարյան ունեինք, Խաչիկ Մանուկյան ունենք, Մուրադ Մշեցի ունենք, Դավիթ Մշեցի ունենք, Թադևոս Տոնոյան ունենք, Լևոն Ջավախյան ունենք․ դրանցից քանի՞սն են այդ համագումարին մասնակցել, ես տեղյակ չեմ։ Բայց եթե մասնակցել են, ձայն չեն հանել, որովհետև քաղաքացիական իրենց պարտքը կկատարեին, կամ մթնոլորտը էն չի եղել, որ արտահայտվեին, եթե ներկա են եղել․ վաղուց հայտնի ճշմարտություն կա՝ նախ՝ քաղաքացի, և ապա՝ պոետ։ Բայց իմ տեղեկություններով՝ նրանցից շատերը ուղղակի չեն էլ գնացել այդ համագումարին, որովհետև նախապես հասկացել են, թե ինչ մթնոլորտ է լինելու․ սա է ամբողջ խնդիրը։

Գրողների միությունը վերանայվելու, վերակառուցվելու, ճշմարիտ գրողներով համալրելու խնդիր ունի․ ամեն պատահական 2 հոդվածի հեղինակ չի կարող համարվել անդամ։ Ժամանակին, օրինակ, ինձ առաջարկել են, բայց ես ո՛չ գրող եմ, ո՛չ չգիտեմ ինչ եմ․ ես չեմ համաձայնվել, որովհետև ես չեմ համարում, որ դա իմ տեղն է․ ոչ թե որովհետև ես բարձր եմ իրենցից, այլ որովհետև դա այնքան բարձր ամբիոն է, դա հայ ժողովրդի խիղճն է, միտքն է, պատիվը․ այդպիսին պիտի լիներ Գրողների միությունը։ Ես չեմ նվաճել այդ բարձունքը և արժանի չեմ համարել ինձ լինել Գրողների միության անդամ։ Սա է ամբողջ խնդիրը։ Եթե ամեն պատահական մարդ Գրողների միության անդամ է, ուրեմն դա դադարում է լինել Գրողների միություն․ դա հիմա չգիտեմ՝ ինչերի միություն է։ Ես այնտեղ ուսանողներ ունեմ նույնիսկ, բայց չգիտեմ նրանց գրական-գեղագիտական ծառայությունը այս ժողովրդին։

Եթե դա լիներ տեղը տեղին համագումար, մի օրով չէր կարող ավարտվել․ այնքան խնդիրներ են ծառացել ժողովրդի առաջ և՛ մշակութային, և՛ արվեստի, և՛ գրական, և՛ քաղաքական․ այդ խնդիրները պիտի 3-4 օր քննարկվեին, որ գային ընդհանուր եզրակացության։ Ի՞նչ հայտարարությամբ է հանդես եկել Գրողների միությունը այս համագումարից հետո, կա՞ այդպիսի հայտարարություն․ գոնե ես մամուլում չեմ հանդիպել։ Եթե մի համագումար ընդամենը մի գրողի՝ Գրողների միության նախագահի պաշտոնում հաստատելու համար հավաքում է այդքան մասսա, գրագետ մարդիկ, ի դեպ, դա հայ ժողովրդի էլիտան պիտի լիներ, ու ընդամենը այդ մի հարցն էր լուծում, հաշվեք, որ համագումար տեղի չի ունեցել, Գրողների միություն՝ որպես այդպիսին, ժողովրդի ավանդական ասույթով՝ անունը կա, ամանումը չկա, և հաշտվեք այն մտքի հետ, որ այդպիսին է մեր հասարակության վիճակը բոլոր ոլորտներում՝ գիտականից սկսած՝ վերջացրած գեղագիտական, մշակութային, քաղաքական՝ բոլոր առումներով ամլություն։



Oragir.News – Ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների՝ ՀԳՄ համագումարի ժամանակ միակ «թեժ» դրվագը եղել է այն, որ Մարինե Պետրոսյանը «Շիրակ» թերթի խմբագիր Սամվել Մարգարյանի ելույթը «էշություն» է որակել։

Սերժ Սրապիոնյան - Մարինե Պետրոսյանին ես ճանաչում եմ շատ վաղուց։ Մենք համակուրսեցիներ ենք, դա գաղտնիք չէ։ Մարինե Պետրոսյանը հայոց լեզվի առաջին ավերակողներից մեկն է․ այսօր որ ամբողջ մասսան բողոքում է է օժանդակ բայի փոխարեն ա-երի կիրառումից, Մարինե Պետրոսյանը դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից անհասկանալի պոեզիայով այդ ա-ն էր կիրառում, և առիթ եղել է, որ ես անդրադառնամ այդ հարցին։

Մարինե Պետրոսյանի գրական ժառանգությունը ի՞նչ է տվել ժողովրդին, որ Մարինե Պետրոսյանը, իրեն գրող համարելով, թույլ է տալիս իր շուրթերից հնչեցնելու այդպիսի նախադասություն։

Փորձեք համեմատել․ Սահյանը, Դավթյանը, Սևակը, Ռուբեն Հովսեփյանը, Լևոն Խեչոյանը, թե՞ որևէ այլ գրող կարող էր իրեն թույլ տալ այդպիսի նախադասություն ասել։ Ուրեմն ինքն իր դատավճիռը շատ սիրուն կայացրել է կամ տվել է իրեն արժանի գնահատական։

Մտավորականը, որը հավակնություններ ունի ճաշակ ձևավորելու, մտածողություն ձևավորելու, եթե իրեն թույլ է տալիս նման ձևակերպում, պարզ չէ՞, որ այդ մարդը մտավորական կոչվելու որևէ իրավունք չունի։

Մենք բոլոր ժամանակներում ունեցել ենք այսպես կոչված ուղեկից գրողներ, որոնք եղել են, մի քանի տարիների ընթացքում անունները մամուլում հոլովվել են, հետո մատնվել են մոռացության, գնացել են, սերունդներն անգամ գիտական աշխատանք գրելիս հարկ չեն համարել անունները հիշելու, որովհետև տեսել են, որ ոչինչ չեն տվել հայ գրական և գեղագիտական մտքին։ Սա է ճշմարտությունը։

Ես համարում եմ, որ Գրողների միության համագումար տեղի չի ունեցել, որովհետև Գրողների միության համագումարը ոչ թե պարտադիր պիտի աղմկոտ լինի, բայց պարտադիր պիտի իր ժողովրդի կենսական խնդիրներին անդրադառնա ավելի, քան օրվա քաղաքական իշխանությունը, քան օրվա ընդդիմադիր քաղաքական գործիչները։

Գրողները բոլոր ժամանակների ամենամեծ ընդդիմադիրները պիտի լինեն։

Այսօրվա Գրողների միության անդամների ճնշող մեծամասնությունը հաշտ ու խաղաղ սպասում է իր ճակատագրի թուրքական հանգուցալուծմանը։ Վաղը մի քանի վեպ կգրեն, կառավարությունն էլ երկրի հակառակ կողմի նման կֆինանսավորի, որովհետև երկրաքանդ գրականություն կստեղծվի, կվերջանա, կգնա։

Ես այն կարծիքին եմ, որ ճշմարիտ գրողները մնում են Գրողների միությունից դուրս այսօր, և դա նրանց իրական տեղն է, որովհետև ճշմարիտ գրողը չի կարող հաշտվել իր ժողովրդի կործանման գաղափարի հետ և ձայն ու ծպտուն չհանել։ Իմ սուբյեկտիվ՝ գրականագիտական կարծիքով՝ Լևոն Ջավախյանը այսօրվա մեր արձակի գագաթն է։ Աշոտ Մինասյանը, որ իրեն գրող չի համարում, այդ գրողների ճնշող մեծամասնությունից բարձր գեղագիտական ճաշակ ունեցող և մտածող գրող է։ Եվ տեսեք՝ ինչու գրողների միության անդամ չեն, օրինակ՝ Լևոն Ջավախյանը, Աշոտ Մինասյան Երկաթը, Թադևոս Տոնոյանը։

Oragir.News – Ինչպե՞ս եք գնահատում Էդվարդ Միլիտոնյանի վերընտրվելը։

Սերժ Սրապիոնյան - Լևոն Անանյանից հետո Գրողների միությունը արժանացել է հայտնի բնութագրմամբ՝ Շուշիի ճակատագրին՝ դժբախտ և դժգույն միավորում է։ Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Եվ որևէ մեկը հարկ չի համարել թեկնածություն դնել, որովհետև դնի, որ ի՞նչ անի․ ավերակների՞ վրա թագավորի։

Գրողների միությունը նախ զրկվեց պետական հովանավորությունից, ֆինանսավորման հնարավորությունից, Էդվարդ Միլիտոնյանն էլ ինչ-որ կերպ ինչ-որ ձևով կարողանում է այդ միությունը, անունը պահել։ Այդպես իր համար դարձել է «կլուբի մեյդան»։

Որևէ մեկը ցանկություն չէր ունենա դառնալ նախագահ․ եթե դառնար նախագահ, պիտի շատ մեծ պարտականություն վերցներ իր վրա՝ վերակազմավորելու Գրողների միության և՛ կառուցվածքը, և՛ անդամներին, իրավասությունները, և նաև, թե ովքեր կարող են Գրողների միության անդամ դառնալ, խստացնել չափանիշները։ Բաց քվեարկությամբ միաձայն ընտրվելու վերաբերյալ․ սրանից կոմունիստների ժամանակի հոտ է գալիս։

Գլուխներն ազատել են, ասել են՝ ինչ տարբերություն, միևնույն է սրանից ոչինչ չի փոխվելու, թողնենք Միլիտոնյանը թող մի քիչ էլ տառապի, ինքն էլ տառապելու սովոր է։ Իր համար աշխատանքի վայր է համարվում, գնում-գալիս է։

Ես չեմ տեսել վերջին տարիներին ԳՄ-ի դիմագիծը։ Գրքերի հովանավորություն կա, լավ է, բայց ի՞նչ գրքեր են հրապարակվում, ի՞նչ թարգմանություններ կան, Վահագն Դավթյանի՝ Գրողների միության թերթի խմբագիր եղած և նախագահ եղած ժամանակ, կամ էլ Հրանտ Մաթևոսյանի, ինչ գրքեր էին թարգմանվում, ինչ լեզուներից, ում գրքերն էին տպագրվում։

ԳՄ-ն, եթե կուզեք իմանալ, իմ սուբյեկտիվ կարծիքով՝ պիտի լինի գրական ցենզուրա որոշ իմաստով։

Մարդ է, տանում է իր գիրքը տպելու, թող տպի, բայց Գրողների միության թույլտվությունը պիտի լիներ գրքի համար հեղինակության կարևորագույն վկայություն։

ԳՄ-յան երաշխավորությամբ տպագրվող գրքերը պիտի ձեռքից ձեռք խլվեին․ կա՞ այդպիսի կառույց, չկա։ Չկա այդպիսի վկայություն, հետևաբար մեկ էլ տեսար եվրոպաներից, ամերիկաներից մի չկայացած մեկը գնացել է այնտեղ, ինչ-որ բանաստեղծություններ են տպել։

Տասնյակներով ինձ դիմել են, որ այդ գրքերի վերաբերյալ ինչ-որ կարծիք տամ, ես նայել եմ, որ այդ գրքերը հասկանալու համար հարկավոր է նախևառաջ գրականության հետ կապ չունենալ, հետո նոր հասկանալ։

Հիմա մեկը գալիս է, մի քանի կոպեկ է մուծում կամ չի մուծում, կամ էլ մի ճաշկերույթ է կազմակերպում, գիրքը դնում են, և սկսվում է քննադատական դիֆերամբների շարքը։

Չարենցը, Սևակը կկարմրեին այն գնահատականներից, որ տալիս են բոլորովին անհայտ, առաջին գիրքը տպագրած ինչ-որ մեկին։ Եղել է, որ ես երաշխավորել եմ նույնիսկ նախաբան եմ գրել։ Հայկ Սիրունյան, ամենախոստումնալից գրողներից մեկն է․ նա միության անդամ չէ, և նայեք, Դավիթ Մշեցին, տեսեք՝ ինչեր է գրում, մեր օրերի բանաստեղծական տարեգիրը։ Դավիթ Մշեցին մեր այսօրվա գրականության առաջնորդող հեղինակներից մեկն է, Մուրադ Մշեցին՝ նույնը, Նորայր Գրիգորյանը՝ կար թե չկար, ես չգիտեմ։ Ես թվարկում եմ այն գրողներին, որոնք այսօր եղանակ են ստեղծում։ Դե եթե չկան էդ գրողները, ի՞նչ միության մասին ենք մենք խոսում։ Դա նույնն է, որ խոսենք խաղաղության դարաշրջանի մասին, նույն էֆեկտը ունի։ Սա իմ անձնական կարծիքն է, որը ես չեմ կիսում, և կարող եք գրել բառ առ բառ։


Վահան Վխկրյան

Ամենից շատ դիտված

11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան