Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 21:22 24-11-2023

Այսքան ցավ, որ մենք ենք տեսել, պիտի աչքի լույսի պես պահպանենք եղածը․ Վարդուհի Վարդերեսյանի հիշատակի օրն է

«Ես երջանիկ եմ, որ վերադարձա Հայաստան: Եթե մնայի Ռումինիայում, ի՞նչ իմանամ, կվերադառնայի՞ երբեւէ եւ ի՞նչ կլիներ ինձ հետ: Այս դժվար կյանքը, գիտե՞ս, ինձ շատ բան է սովորեցրել: Ես իմ երջանկությունը դրսից չեմ քաղում: Ես փնտրում եմ իմ մեջ: Եվ այս տարիքիս ես երեւի ավելի շատ սիրում եմ մենակ մնալ, որովհետեւ ինքս ինձ հերիքում եմ, ես ինքս եմ ինձ խնամում, չեմ անտեսում: Նույնը հայրենիքն է. այսքան ցավ, որ մենք ենք տեսել, պիտի աչքի լույսի պես պահպանենք եղածը: Որ գաղթի ճանապարհներին ընկածները գոնե երկնքում հանգիստ ննջեն»,- մի առիոթով ասել է դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը։

Այսօր դերասանուհի, ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանի հիշատակի օրն է։

Վարդուհի Վարդերեսյանը հորը՝ Կարապետին, կորցրել է, երբ ընդամենը 6 ամսական էր: Ընտանիքում մնացին միայն կանայք: Բուխարեստում մահանում է նաեւ ռոդոսթոցի տատը՝ Կարապետի մայրը, երբ Վարդուհին 3 տարեկան էր:



Վարդուհին հաճախում է հայկական վարժարան, որն անմիջապես հայկական եկեղեցու կողքին էր՝ ճիշտ Էջմիածնի Մայր Տաճարի մակետով կառուցված:

«Հայկական 7-ամյա վարժարանում ունեցել եմ ընտիր ուսուցիչներ: Առաջին Հանրապետության փլուզումից հետո հայ բարձրաստիճան անձինք, որոնք Եվրոպայում էին կրթություն ստացել, աշխարհով մեկ ցրվեցին, ոմանք եկան նաեւ Ռումինիա եւ քանի որ ռումիներեն չգիտեին, անցան ուսուցչության՝ հայկական վարժարանում: Կյանքիս ամենակարեւոր հանդիպումներից մեկն իմ ուսուցիչներից Վազգեն Ա Կաթողիկոսի հետ է եղել: Ռումինիայում ծնված մի խելացի հայ երիտասարդ էր, որն այն ժամանակ մեզ դասավանդում էր Ռումինիայի աշխարհագրություն եւ պատմություն: Դրանք 37-38 թվականներն էին: Ես մինչեւ օրս անասելի տպավորված եմ իմ ուսուցչի վառ կերպարով»,- պատմում է Վարդուհի Վարդերեսյանը:

1946 թվականին, երբ հայրենիքի դռներն այլեւս բաց էին, լսելով Սովետական Հայաստանի լավ պայմանների մասին, Վարդուհին մորն ու մեքենագրուհի քրոջը, որն արդեն ամուսնացած էր կոշկակար Գրիգորի հետ ու քիչ թե շատ բարեկեցիկ էր ապրում, համոզում է գնալ-ապրել հայրենիքում:



«Իմ երկար ստեղծագործական կյանքի ընթացքում բազմաթիվ դերեր եմ խաղացել, ինչպես ընդունված է ասել՝ հայ, ռուս և արևմտաեվրոպական հեղինակների ստեղծագործություններում: Իմ հերոսուհիներից շատերը եղել են «ճակատագրական կանայք», մարդիկ, ովքեր ապրել են տառապանքի ու մաքառման մեջ, ովքեր մեծ կռիվ են տվել՝ այդ կռիվը միջոց դարձնելով ինքնահաստատվելու, կնոջ երջանկությունը կռելու համար: Ամեն մի նման դեր խաղալիս՝ ես փորձել եմ ճանաչել կնոջը, հասկանալ նրա էությունը, նրա կռիվը, տեսնել, թե որտեղ է կինը դժբախտ: Իմ պատկերացմամբ, կինը միշտ պետք է երջանիկ լինի, նա նվաճել է երջանիկ լինելու իրավունքը, որովհետև կին է, մայր, որովհետև աշխարհի բարությունն ու համբերությունը կնոջ մեջ են: Իմ հերոսուհիները միշտ կռիվ են տվել իրենց երջանկության համար՝ միևնույն ժամանակ պարտադրելով հարգել կնոջ տառապանքը: Իհարկե, որպես դերասանուհի, ես ավելի շահեկան վիճակում կլինեի, եթե պատկերեի ուրախ-զվարթ, հոգսերից ու մտահոգություններից ձերբազատված կանանց, խաղայի միայն այնպիսի կանանց դերեր, ովքեր ապրում են վայելքների մեջ՝ ոչնչի մասին չմտածելով: Սակայն նման կանայք խորթ կլինեին իմ հոգուն, որովհետև ես նաև իմ մեջ միշտ կրում եմ հայ կնոջ տառապանքի արտացոլումը: Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ տարբեր տեղերից եկած, իրենց մշտական հանգրվանը կորցրած հայեր էին՝ ճակատագրի քմահաճույքին հանձնված, երկիր ու հայրենիք կորցրած, հարազատներին ու մտերիմներին կորցրած: Նրանք մշտապես ապրում էին տառապանքի ու ցավի մեջ ծրարված, նրանց դեմքերին մշտական տխրություն կար: Ես կողքիս ունեցել եմ մորս, որը նույնպես տառապանքի ու ցավի մարմնացում էր: Ուստի իմ բեմական հերոսուհիների մեջ նաև մորս ցավն ու տառապանքն եմ դրել և կռիվ մղել այն բանի համար, որ կինը երջանիկ լինի, տառապանք չունենա: Ավելին, ես միշտ ցանկացել եմ, որպեսզի հարգեն այդ տառապանքը, գնահատեն կնոջ ճակատագիրն ու կենսագրությունը»,-վստահ էր դերասանուհին:



Միշտ ասում էր, որ ընտրել է դերասանուհու մասնագիտությունը՝ նրան չստորադասելով ընտանիքը: Վստահ էր՝ արվեստագետը երբեք չպետք է հեռու մնա ընտանեկան երջանկությունից, կինը երբեք չպետք է իրեն զրկի մայրանալու հաճույքից: Միշտ երիտասարդ դերասանուհիներին հորդորում էր ամուսնանալ, երեխաներ ունենալ, որովհետև երեխաները մարդու կյանքում ամեն ինչ փոխում են, փոխում են նաև արվեստագետի կյանքում․ երեխաների բացակայությունը մարդու տանում է դեպի յուրատեսակ էգոիզմը, ինչն էլ արտահայտվում է նրա ստեղծագործության մեջ ևս:

adv_banner

Ամենից շատ դիտված