Երևան +10°
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 00:27 21-11-2023

Պետրոսն այստեղ «ֆիգուր» չէ․ Հայկ Դեմոյանը պատրաստվում է հայցադիմում ներկայացնել ընդդեմ նախարարության

Պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը նախօրեին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Հանրային Հեռուստատեսության հաղորդավար Պետրոս Ղազարյանին, որը իր կողմից 7-րդ դասարանի պատմության դասագրքի շուրջ ներկայացված որոշ դիտարկումներ անվանել է «հիմարություններ»։



Oragir.News-ը պատմաբանի հետ զրույցում պարզեց, որ այս կապակցությամբ նա պատրաստվում է արձագանքել այլ հարթության մեջ․ «Դատարան չեմ դիմի․ դա մեծ շքեղություն կլինի ինձ համար ժամանակի կորստի առումով, որովհետև այդ մեկ անձին, որը ստանում է բավական մեծ և ճոխ աշխատավարձ մեր հարկերի հաշվին, երեք անգամ կանչում է քննարկման թեման միակողմանի վերլուծելու և հանրությանը մատուցելու մանիպուլատիվ ձևաչափով հարցազրույցներ, ես ժամանակ չունեմ բացատրելու սխալն ու ճիշտը։ Անարձագանք չի մնալու բոլորովին այլ հարթության մեջ։ Մենք գիտենք, թե Պետրոս Ղազարյանը ինչ կապ ունի ԿԳՄՍ նախարարության հետ․ այն նախարարության, որ երաշխավորել է այդ դասագիրքը։ Ի՞նչ ունենք այստեղ․ ունենք ակնհայտ շահերի բախում, որտեղ նախարարը հանդիսանում է Պետրոս Ղազարյանի կինը, հետևաբար մեր հարկատուների աշխատավարձը ստացող անձը լծված է միակողմանի լոբբինգով՝ պետական միջոցները և պետական հեռուստաընկերության եթերում խոսափողը օգտագործելով։ Սա արդեն պիտի այլ մարմինների ուշադրությունը գրավի»։

Հարցին՝ այլ հարթության մեջ ինչպիսին է լինելու արձագանքը, Դեմոյանն ասաց․ «Հայտարարություն եմ տարածելու և առաջարկեմ, որ այս քննադատությունները չմնան սոցքննադատություն։ Կոչ եմ անելու որևէ մեկին ծայրահեղ վիրավորական, անձի հեղինակությունը նսեմացնող հայտարարություններ չանել թեկուզ դասագրքի հեղինակի հասցեին․ ես դա անընդունելի եմ համարում։ Դա թուլացնում է քննադատության իմաստը։ Կարիք չկա անձնավորել և անձին վիրավորանքներ կամ հաշվեհարդարի կոչեր անել․ ես դա չեմ ընդունում։ Ես ընդունում եմ գիտական, անաչառ, սթափ և օբյեկտիվ քննադատություն՝ այն, ինչ իրենք չեն ընդունում։ Իրենք վերցնում են 1-2 դրվագ, համարում են դա հիմարություն, որպեսզի մոռացության տան իրական մատնացույց արված թերություններն ու կոպտագույն սխալները։ Ես առաջարկելու եմ ստեղծել համադրվող մարմին՝ ուսուցիչներից, գիտնականներից բաղկացած, որովհետև ամեն մեկի առանձին քննադատությունը ձեռք է տալիս նույնիսկ իշխանություններին, որոնք մտածում են, որ սա լավ թեմա է զբաղեցնելու և շեղելու հանրային ուշադրությունը, և մենք այդ ծուղակի մեջ ենք հայտնվելու։ Առաջարկել եմ՝ ովքեր խիզախություն ունեն, արժանապատվություն, պարկեշտություն ունեն՝ քաղաքացիական գիտակցումով, ներկայացնել խոշոր դատական հայցադիմում։ Միակ ճանապարհը սա է․ դատաիրավական ճանապարհով հասնել նրան, որպեսզի դիտարկվեն քննադատության բոլոր տեսակետները»։

Հարցին՝ հայցադիմումը ուղղված է լինելու ընդդեմ նախարարությա՞նը, թե՞ Պետրոս Ղազարյանին, պատմաբանն ասաց․ «Պետրոսն էստեղ ի՞նչ է․ նա այստեղ ֆիգուր չէ։ Ակնհայտ է, որ Պետրոսը բացահայտ Հանրայինի եթերը օգտագործում է շահերի բախման գիծն առաջ տանելու համար։ Պետրոսի վրա պետք չէ շեղվել․ հարցը պետք է ավելի բարձր դնել։ Ես քննադատել եմ Աշոտյանի ժամանակ պատրաստված դասագիրքը, Արայիկ Հարությունյանի ժամանակ վերատպված դասագիրքը։ Ես քննադատել եմ բոլոր դասագրքերը՝ առանց քաղաքական ուղղվածության։ Ավելին ասեմ՝ ես այս ամռանը, տեղեկանալով, որ նոր դասագիրք են պատրաստում, գրառում արեցի, որ ես պատրաստ եմ անվճար, հանրային հիմունքներով լծվել խմբագրակա-սրբագրական աշխատանքներին, որպեսզի նախորդների սխալները չսպրդեն։ Ոչ մի առաջարկություն և արձագանք չեղավ։ Դրա համար ես ինձ իրավունք եմ վերապահում բոլոր առումներով դատական հայցադիմում ներկայացնել՝ ընդդեմ նախարարության։ Բայց ամբողջ հարցն այն է, թե ովքեր կվախենան, ովքեր կզգուշանան, ովքեր ցանկություն չեն հայտնի։ Ինչո՞վ է զբաղված մեր պատմության ինստիտուտը․ ոչ մի բանով։ Քանի որ իրենք այդ մաֆիայի՝ դրամաշրջանառության կոռուպցիայի մի մասն են, գերադասում են զգուշավոր լռություն պահպանել»։