Երևան +30°
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 19:35 20-11-2023

Հարևան-բարեկամների խորհրդին հետևելը մանկահասակ երեխաների դեպքում կյանք կարող է արժենալ․ այսօր մանկաբույժների օրն է

Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվում է մանկաբույժների օրը։ Մանկաբուժության զարգացումը Հայաստանում սկսվել է 1926 թվականին ԵՊՀ բժշկական ֆակուլտետում՝ Հ. Գաբրիելյանի նախաձեռնությամբ մանկական հիվանդությունների ամբիոնի հիմնադրմամբ։

Տոնի առիթով Oragir.News-ը զրուցել է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկաբույժ Տիգրանուհի Հովհաննիսյանի հետ՝ պարզելու երեխաների շրջանում առավել հաճախ հանդիպող հիվանդությունների, Հայաստանում մանկաբուժության մակարդակի, աշխարհում հայ մանկաբույժների մրցունակ լինելու և կադրային քաղաքանության մասին։

-Բժշկուհի՛, արդյո՞ք մանկաբուժությունը Հայաստանում բավական բարձր մակարդակի վրա է մասնագետներին կրթելու տեսակետից։ Որքանո՞վ են Հայաստանի մանկաբույժները մրցունակ աշխարհի մանկաբույժների հետ։

-Ես մանկաբուժության այբուբենը սովորել եմ հենց Հայաստանում և հիմա բախտ ունեմ աշխատելու մի հիվանդանոցում, որը շարունակում է կրթել թե՛ մեզ, թե՛ սկսնակ մանկաբույժներին և թե՛ մարզերի բժիշկներին։ Նախ ասեմ, որ Ուիգմորը կրթական բազա է ԱԱԻ-ի մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնի համար․ այս պահին մենք ունենք մանկաբուժություն մեջ մասնագիտացող օրդինատորներ, ինչպես նաև տարբեր բուժհաստատություններից վերապատրաստում անցնող մանկաբույժներ։ Շարունակական մարզային այցերի միջոցով մեր թիմը մանկաբուժության նորույթները ներկայացնում է մարզային մանկաբուժական համայնքին՝ թե՛ բժիշկներին և թե՛ բուժքույրերին։ Այս տարվա ընթացքում, օրինակ, արդեն մեկական այց ենք ունեցել բոլոր մարզեր, իսկ մի քանի օր առաջ սկսեցինք մեր դասընթացների երկրորդ շարքը։ Ինչ վերաբերվում է մրցունակությանը․ կարծում եմ՝ գիտելիքի և պրակտիկայի տեսանկյունից մեր թիմը աշխարհի տեմպին համաչափ է շարժվում․ վերջերս «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» և ԱՄՆ լավագույն մանկական բուժհաստատություններից մեկը՝ «Valley Children’s Healthcare»-ը, համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Սա ոլորտի տեսանկյունից կարևոր և իսկապես աննախադեպ իրադարձություն է․ հայ և ամերիկացի բժիշկների շարունակական և երկարատև փոխադարձ այցելությունների շնորհիվ կձևավորվի միջազգային չափանիշներին համապատասխան բուժքույրական կրթության կազմակերպում, որակի և բուժառուների անվտանգության արձանագրությունների մշակում, ինչպես նաև օրդինատուրայի ծրագրերի և համատեղ հետազոտությունների շուրջ համագործակցություն։ Միացյալ Նահանգների առաջատար առողջապահական հաստատության հետ համագործակցության այս հուշագրի կնքումը վերահաստատում է մեր՝ «Ուիգմոր»-ի թիմի առաքելությունը՝ վերափոխել մանկական առողջապահությունը, համակարգային փոփոխություններ բերել Հայաստանի առողջապահական ոլորտ՝ սահմանելով որակի և խնամքի միջազգային չափանիշներ:

-Ի՞նչ գանգատներով են հիմնականում բուժառուները դիմում։

-Մանկաբույժներին ծնողները դիմում են տարբեր գանգատներով, բայց ամենահաճախ հանդիպող գանգատը, որով դիմում են մանկաբույժներին, և դա կազմում է ողջ դիմելիության 1/3-ը, այսինքն՝ 30 տոկոս և ավելը, ջերմության բարձրացումն է, որի դրսևորումը կարող է լինել տարբեր ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն հիվանդությունների հետևանքով, որի պատճառով էլ երեխաները դառնում են խիստ անհանգիստ՝ տկարության զգացողությամբ։ Այս գանգատին դիմելիությամբ զիջում են հազը, կատառալ երևույթները, ցանը, լացը՝ առավելապես դեռևս չխոսող երեխաների դեպքում։

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն ծնողներին, որոնք իրենց հիվանդացած երեխաներին փորձում են բուժել ավանդական մեթոդներով։

-«Մի՛ վնասիր» հայտնի ասացվածքը տեղին է։ Մենք հաճախ զոհ ենք դառնում հարևան-բարեկամների խորհրդին կամ փորձին, ինչը մանկահասակ երեխաների դեպքում կյանք կարող է արժենալ։ Վստահե՛ք ձեր մանկաբույժին, մի՛ կիրառեք մեթոդներ, որոնք ոչ միայն չեն օգնի, այլև կարող են վնասել ձեր փոքրիկին։ Ի վերջո, երեխան մեծահասակի փոքր մարմինը չէ, ավելի խոցելի է, ցանկացած հիվանդության համար։

-Հաճախ ասում են՝ բժշկի մասնագիտությունը ծանր է ընտանիք կազմող կանանց համար: Ձեր օրինակով՝ ունեք ընտանիք, բալիկ և հաճախ առնչվում եք Ձեզ մոտ ցավով եկած և Ձեզնից օգնության սպասող փոքրիկների հետ: Դժվա՞ր է հոգեբանորեն: Արդյո՞ք ընտանիքը բժշկական կարիերային չի խանգարում:

-Բժշկի աշխատանքը ծանր է անկախ սեռից և ընտանեկան կարգավիճակից, քանի որ պատասխանատու աշխատանք է, և գործ ունես մարդկային կյանքերի հետ։

-Խանգարո՞ւմ է ընտանիքին, թե՞ ոչ, դժվարանում եմ ասել, քանի որ մեծ կարևորություն ունի՝ ով է կողքիդ և որքան է նրա աջակցությունը՝ քեզ։

-Ես այն բախտավորներից եմ, որ ընտանիքը միայն օգնում է աշխատանքի հարցում և հույս ունեմ, որ աշխատանքը որևէ կերպ չի տուժել ընտանիք կառուցելուց հետո․ կփաստեն իմ գործընկերներն ու բուժառուները։

-Ի՞նչ կմաղթեք Ձեր կոլեգաներին:

-Շնորհավորում եմ կոլեգաներիս մասնագիտական տոնի առթիվ։ Մաղթում եմ նրանց մասնագիտական վերելքներ, շարունակական կրթություն և որ ամենակարևորն է՝ առողջացած ժպիտներ։

Ամենից շատ դիտված