«Կարո՞ղ է էշը ողբերգական լինել։ Այո՛, երբ ծառացած է մի բեռան տակ, որը ոչ կարող է տանել, ոչ էլ մի կողմ նետել»։ Նիցշեական թևավոր խոսքը հաճախ է հասցեագրվում այն իշխանությանը, որն օբյեկտիվ պատճառներով չի կարողանում կատարել խոստումները, իրականացնել ժողովրդի ակնկալիքները։
Օրվա իշխանությունները թշվառականի դեմք են ընդունում, երբ խոսքը վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին։ Կմկմում, երկար կշռում ամեն բառը, խուսափում ռուս անունը տալուց, հիմար վիճակում հայտնվում։ Տպավորություն է ստեղծվում, որ սա ամենածանր թեման է, որի վերաբերյալ ո՛չ կարող են սուտ խոսել, ո՛չ էլ ճշմարտությունն ասել, ո՛չ վեկտոր փոխել, ո՛չ էլ շարունակել ռուսամետ գիծը։
Ամենահակասական դիրքորոշումն արտահայտում են ՀԱՊԿ-ի թեմայով։ Հրաժարվում են ներկա գտնվել այդ կառույցի նիստերին, նրա մուտքը ՀՀ տարածք համարում անվտանգային սպառնալիք, բայց հայտարարում, որ շարունակում են մնալ ՀԱՊԿ անդամ, մտադիր չեն ոչ մի տեղից դուրս գալ։ Հետո էլ արտահոսք են կազմակերպում, իբր ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը դրված է վարչապետի սեղանին։
Ո՞րն է այս հակասական վարքագծի պատճառը։ Վարկած կա, թե Փաշինյանը սպասում է ուկրաինա-ռուսական պատերազմի ավարտին։ Ինչպես ասում են՝ կա՛մ էշը կսատկի, կա՛մ իշատերը։ Կա նաև մեկ այլ՝ հիմնավոր վարկած։ 2021-ի ապրիլի 30-ին, Մհեր Մկրտչյանի հետ հարցազրույցում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանին ընտրելու 3 նախապայմաններից մեկը վերաբերել է հայ-ռուսական հարաբերություններին։ «Մենք այդ ձայները նրան տալով, նաև պայմաններ ենք առաջադրել՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված չի՛ կարող լինել պարտվողական քաղաքականություն, և մեր ցանկությունների նվազագույն շեմը պետք է պահպանվի, չեն կարող լինել ոտնձգություններ հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և այլն, պետք է իրականացվի Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիրը»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Այսպիսով՝ ենթադրելի է, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, քանի որ Նիկոլ Փաշինյանն, իշխանությունը ստանձնելիս, խոստացել է չոտնձգել։ Իսկ առաջին դեմքերով չեն մասնակցում ռուսական դոմինանտությամբ կառույցների աշխատանքին, որպեսզի վայելեն Արևմուտքի աջակցությունը, ինչն օդի պես անհրաժեշտ է ՀՀ ինքնիշխանության պաշտպանության համար, որը լրջորեն վտանգվել է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կրած ամոթալի պարտությունների և սխալ քայլերի հետևանքով։
Ուշագրավ է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները չեն գրանցվել և հավանաբար, չեն մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին, որն անցկացվելու է Երևանում նոյեմբերի 18-20-ը։ Այս երկրները միակարծիք են մի շարք հարցերում՝ միասնաբար դեմ են ՀՀ-ում եվրոպական դիտորդների ներկայությանը, հայ-ադրբեջանական բանակցություններում Եվրոպական միջնորդությանը։ Արցախի հարցում ևս գործել են համագործակցված, փոխլրացնելով։ Նրանց բացակայությունից օգտվելով՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում հայօգուտ հայտարարություններ և բանաձևեր կարող են ընդունվել, քանի որ ոչ ոք վետո չի կիրառի հայերի ներկայացրած նախագծերի վրա։ Այս առումով նրանց չմասնակցելը, մի կողմից, դրական է։
Մյուս կողմից՝ ՌԴ-ն, Թուրքիան,Ադրբեջանն իրենց չմասնակցելը կարող են համարել պատասխան դեմարշ։ Այսինքն՝ եթե հայերը չեն մասնակցում ՀԱՊԿ, ԱՊՀ ժողովներին, ապա ռուսները, թուրքերն ու ադրբեջանցիներն էլ չեն մասնակցում արևմտյան կառույցների հավաքներին։ Այսպիսով, կարծես, ցույց են տալիս, որ ՀԱՊԿ, ԱՊՀ անդամ Հայաստանին դիտում են որպես Արևմուտքի դաշնակից, հետևաբար՝ իրենց չբարեկամ։
Խառնաշփոթ և վտանգավոր այս իրավիճակի ճարտարապետն, իհարկե, իշխանություններն են։ Եվ եթե դաշնակիցների ու ժողովրդի հետ պարզ խոսելու, իրենց քաղաքականությունը հստակեցնելու մարդասիրական խիզախություն ձեռք չբերեն, ապա ստիպված կլինեն արտահերթ ընտրություններ կազմակերպել և զիջել պաշտոնները։
Թաթուլ Մկրտչյան