copy image url
Ներքին Արտաքին Միտք 6 ամիս առաջ - 19:00 13-11-2023

Թուրքասիրություն՝ օվկիանոսից այն կողմ. ում շահերն է սպասարկում Ժիրայր Լիպարիտյանը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակները երկրի իշխանությունների հովանավորությամբ ու աջակցությամբ ակտիվ գործունեություն են ծավալում, որպեսզի հնարավորինս չեզոքացնեն պետության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները։ Այս գործունեության ուղղություններից մեկն էլ Հայոց ցեղասպանության փաստի և միջազգային ճանաչման գործընթացի դեմ պայքարն է, որի թափը երբեք չի թուլանում, չնայած այն բանին, որ ՀՀ իշխանություններն այս հարցում նույնպես նշաձողն իջեցրել են՝ գործընթացը պատվիրակելով հայկական սփյուռքին։

Օրերս հայտնի դարձավ, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակի կապակցությամբ հայկական և թուրքական կրթաթոշակների համար ձևավորված աշխատակազմը որոշել է Միչիգանի համալսարանում կազմակերպել սեմինար՝ հայագիտական հետազոտությունների կենտրոնի հովանու ներքո։ Պաշտոնապես նշվում է, որ համաժողովի նպատակն է քննադատական հայացքներ ուղղել էթնիկ զտումներ կամ ցեղասպանություն իրականացնող պետությունների ստեղծման գործընթացին, սակայն իրականում գործընթացի նպատակը Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական թեզերի, ինչպես նաև այն պնդման տարածումն է, թե բազմաթիվ թուրքեր ցեղասպանության շրջանում փրկել են կոտորվող հայերին:

Սեմինարի ընթացքում անդրադարձ է կատարվելու 1789 թ.Օսմանյան կայսրությունում համակարգային բարեփոխումներին,1839 և 1876թթ. Թանզիմաթի բարեփոխումներին, 1908թ. պետական հեղաշրջմանը և 1915-16թթ. Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև 1919-1922թթ. քեմալական ազգայնական շարժման վերելքին և 1923թ. Թուրքիայի Հանրապետության հիմնադրմանը։

Համաժողովը կանցկացվի նոյեմբերի 10-ին և 11-ին, որտեղ հանդես կգան Մելանի Դանիելյանը, Ռոնալդ Գրիգոր Սյունին, Գոթֆրիդ Հագեն և Հաքեմ Ալ-Ռուստոմ։

Հայաստանում որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը մշտապես կողմակից է եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարագավորման գործընթացին՝ պնդելով, որ դրա համար պաշտոնական Երևանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության գործընթացից, ինչպես նաև Արցախում հայկական ուժերի ազատագրած շրջաններից, որպեսզի այդ հանգամանքները չխոչընդոտեն հարաբերությունների հաստատմանը։

Առաջին նախագահի քաղաքական թիմի առանցքային անդամ էր Ժիրայր Լիպարիտյանը, ով տևական ժամանակ զբաղեցրել է Հայաստանի նախագահի խորհրդականի և փոխարտգործնախարարի պաշտոնները՝ մասնակցելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով ընթացող տարբեր հանդիպումներին ու բանակցություններին։ Լիպարիտյանը ներկայումս հանդիսանում է Միչիգանի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի անդամ, որի հովանու ներքո էլ անցկացվում է պատմական իրողությունները խեղաթյուրող և թյուրքասիրություն քարոզող այս միջոցառումը։

Ժիրայր Լիպարիտյանը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր պատկերացումները առավել հաճախ սկսեց քարոզել 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած ծանր պարտությունից հետո՝ փորձելով հասարակությանը հրամցնել այն թեզը, որը ինքը և իր քաղաքական թիմն այս աղետի մասին դեռևս տասնամյակներ առաջ էին զգուշացնում, սակայն իրենց զգուշացումներին հասարակության լայն շերտերն այդպես էլ ականջալուր չեղան։ Ավելին, 2021-2022 թվականներին Լիպարիտյանը հանդիպումներ ունեցավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և այլ պաշտոնյաների հետ, որոնց այսպես կոչված խաղաղության դարաշրջան բացելու մտադրությունը համահունչ էր իր պատկերացումների հետ։

Թուրքագետները պնդում են, որ հենց այս հանդիպումների ընթացքում Լիպարիտյանի կողմից առաջ քաշած թեզերով են ներկայումս ՔՊ-ականները փորձում հանրությանը համոզել, որ կարող ենք Թուրքիայի հետ խաղաղ և բարիդրացիական մթնոլորտում ապրել, եթե կատարենք այդ երկրի կողմից ներկայացված բոլոր նախապայմանները։

Միևնույն ժամանակ չենք խուսափի պնդել, որ Լիպարիտյանը ամբողջական և իրատեսական պատկերացումներ չունի հայ-թուրքական հարաբերությունների ողջ համատեքստի, ինչպես նաև թուրքական պետության կողմից վարվող ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Ասվածը փաստելու համար ներկայացնենք միայն մեկ օրինակ. Արցախյան 44-օրյա պատերազմից օրեր առաջ տված հարցազրույցներից մեկում Լիպարիտյանը վստահեցնում էր, որ հնարավոր ռազմական գործողություններին Թուրքիան չի միջամտի, սակայն պատերազմում Ադրբեջանի հաղթանակը պայմանավորող հիմնական գործոնը Թուրքիայի տրամադրած ռազմաքաղաքական աջակցությունն էր՝ բայրաքթար անօդաչու թռչող սարքերի գլխավորությամբ։ Շատ պատահաբար պատերազմից առաջ նույն թեզը տարածում էին նաև ՔՊ-ականները՝ ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, իսկ այն ժամանակ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ։

Չնայած Լիպարիտյանի հավաստիացումներին՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայում հակահայկականություն և հայատյացությունը ոչ միայն չի նվազել, այլ ավելացել է, այս մասին են վկայում այդ երկրում պարբերաբար իրականացվող հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները։

Նկատենք, որ չնայած այս ամենին՝ Ժիրայր Լիպարիտյանը շարունակում է իր գործունեությունը և թուրքասիրություն է քարոզում անգամ օվկիանոսից այն կողմ։ Նման միջոցառումների անցկացումը՝ այն էլ ազգությամբ հայ գործիչների համակարգմամբ և աջակցությամբ, հարվածում է ոչ միայն Հայաստանի պետական շահերին, այլ նաև սպառնում է մեր երկրի ազգային անվտանգությանը։

Գաղտնիք չէ, որ տասնամյակներ շարունակ Թուրքիայի պաշտոնական քարոզչությունը հերքում է Հայոց ցեղասպանության փաստը և պնդում, թե իբր շատ դեպքերում հենց հայերն են կոտորել անպաշտպան թուրքերին, նրանց նկատմամբ բարբարոսություններ իրականացրել և այլ։ Թուրքական քարոզչությունը նաև նշում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ անվտանգության նկատառումներից ելնելով հայ բնակչությանն Արևմտյան Հայաստանից տեղափոխում էին ավելի ապահով շրջաններ (Թուրքիայում այդպես են մեկնաբանում Հայոց ցեղասպանության շրջանում իրականացվող զանգվածային տեղահանությունները) թուրք բնակչությունը փրկել է բազմաթիվ հայերի, որոնք ուժասպառ էին եղել երկար ճանապարհից, կամ նրանց նկատմամբ հարձակումներ էին գործում օրինակ տեղի քրդերը կամ այլ ազգային փոքրամասնությունները, բայց ոչ երբեք թուրքերը։

Այսպիոսով՝ փաստենք, որ Ժիրայր Լիպարիտյանի հովանավորությամբ անցկացվող այս միջոցառման էությունը համապատասխանում է թուրքական պետության պաշտոնական քաղաքականությանն ու գաղափարախոսությանը, եթե չպնդենք, որ սպասարկում է վերջինիս օրակարգը։ Դժվար է ասել, թե այս իրավիճակում օվկիանոսից այն կողմ որ երկրի շահերն է սպասարկում Հայաստանի նախկին փոխարտգործնախարարը, սակայն միայնշանակ է, որ ոչ Հայաստանի Հանրապետությանը կամ հայ ժողովրդինը։

Դավիթ Գույումջյան
Աննա Ուդումյան