Համացանցում իրարամերժ, հակասական տեղեկատվություն է տարածվում 2015-18 թվականներին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լյովա Մնացականյանի սպանության մասին։
Լյովա Մնացականյանն այն հրամանատարներից է, որ ունի փառավոր մարտական կենսագրություն։ Ըստ այդմ, ինչքան էլ ցավալի է, բայց նման անձինք են «հեղափոխական» Հայաստանում ամենաշատ թիրախավորվածներից և պիտակավորվածներից եղել և շարունակում մնալ։ Եվ գուցե դա էր որոշիչ պատճառներից մեկը, որ Մնացականյանը, ով այդպես էլ չհովանավորվեց փաշինյանական իշխանության կողմից, մնում էր կործանվող Արցախում։ Բայց շատ ավելի հիմնավոր պատճառ էր այն, որ Մնացականյանն իր խառնվածքով լինելով արցախցու համառ կեցվածքի կրող, իրեն թույլ չտվեց ո՛չ, ընդհանրապես, կատարել իշխանահաճո արարքներ և հայտնի չափով ապահովագրվել գերվելու վտանգից, և ո՛չ, մասնավորապես, քողարկվել «սպորտային կուրտկայով» ու անցնել ապօրինի հսկիչ կետը։
Ականատեսները վկայում են դեռ 2016թ․ քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի բանակի հրամանատար Մնացականյանի՝ ստեղծված իրավիճակին լրիվ համարժեք ղեկավարչական պահվածքի մասին։ Իսկ 2020 թվականի կործանարար պատերազմի վերջին օրերին Մնացականյանին հանձնեցին ճակատի մի տեղամասի հրամանատարությունը, որը կատարելիս՝ նա ցույց տվեց բավական արդյունավետություն։
Լյովա Մնացականյանը 44-օրյա պատերազմից հետո, շատերի հետ և շատերի նման, գտնվում էր անկումային հոգեվիճակում, բայց իր մեջ ուժ գտավ ղեկավարելու Արցախի ազատամարտիկների միությունը, որը, սակայն, Արցախի մյուս ռազմականացված կառույցների պես, բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների բերումով, այլևս չուներ նախկին կարողությունները։
Վերջիններից մեկն էր, որ որոշեց հեռանալ Արցախից, և ինչպես տեղեկանում ենք սեպտեմբերի 29-ի թվակիր հաղորդագրություններից, նա նույնպես ձերբակալվեց թշնամու կողմից։
Ավելի քան մեկ ամիս է՝ Մնացականյանը գտնվում է ադրբեջանական բանտում, կրում իրեն բաժին հասած բոլոր տառապանքները․․․
Հուսանք, որ նրան սպանելու մասին լուրերը կեղծ են, սակայն նաև պետք է ակնկալել վատթարը, քանի որ գեներալ Մնացականյանը՝ Արցախի զինուժի անվանի գործիչներից մեկը, թշնամու ձեռքում գտնվելով, ողջ մնալու քիչ շանսեր ունի․․․