Երևան +14°
copy image url
Արտաքին Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 19:00 30-10-2023

Հ1-ով Արցախի նախագահի հարցազրույցը կարող էր դուր չգալ Ադրբեջանին

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հոկտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց տվեց Արցախի Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ադրբեջանական վերջին ագրեսիային և դրա հետևանքով տեղի ունեցած հետագա զարգացումներին։ Չնայած Շահրամանյանը հոկտեմբերի 20-ին հայտարարել էր, որ հարցազրույց կտա և ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ կներկայացնի Հայաստանի Հանրային հեռուսընկերության եթերում, սակայն, փաստացի նրան նման հնարավորություն չի ընձեռնվել։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանը դեռևս հոկտեմբերի 20-ին ընդգծել էր, որ եթե Շահրամանյանը հնարավորություն ունենա, և ՀՀ իշխանությունները նրան Հանրային հեռուստաընկերության եթերում որպես պետության ղեկավար հանդես գալու հնարավորություն տան, ապա դա առնվազն պաշտոնական ինչ-որ էլեմենտ կնշանակի։

Քաղաքագետն այսօր՝ Oragir.News-ի հետ զրույցում, անդրադարձավ Արցախի նախագահին Հ1-ի եթերով հարցազրույցի հնարավորություն չտրամադրելուն՝ նշելով, որ այս հարցում մի քանի հանգամանք կա։ Նրա համոզմամբ՝ հանգամանքներից մեկն արտաքին կողմերի՝ հատկապես Ադրբեջանի հետ է կապված։ «Կարծում եմ մտավախություն ունեն, որ Ադրբեջանին կարող է դուր չգալ, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն Արցախի Հանրապետության իշխանություններին նման հնարավորություն են ընձեռնում։ Ընդ որում սա մեկնաբանվելու էր որպես Արցախի Հանրապետության նախագահի հարցազրույց, ինչը, կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար ռիսկ էր, որին փաստորեն նրանք չգնացին»,- նշեց նա։

Արա Պողոսյանը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Հայաստանի իշխանությունները կցանկանային Սամվել Շահրամանյանի համար այնպիսի ֆոն ստեղծել, որում նա կա՛մ չէր կարողանա որոշ հարցերի պատասխանել, որոնք Պետրոս Ղազարյանը չէր զլանա ուղղել նրան, կա՛մ կպատասխաներ այնպես, որ իր համար շատ ավելի վատ ֆոն կապահովեր և կհաստատեր Հայաստանի իշխանամերձ շրջանակների կողմից շրջանառվող թեզերը։

«Հետևաբար կարծում եմ, որ այս պահին Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն այնպիսին է, որ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ պաշտոնական մակարդակում որևէ կոնտակտ չունեն։ Սա արդեն նմանվում է հետևողական քաղաքական գծի, և հենց սրանից էլ ելնելով Հայաստանի իշխանությունները որոշեցին գնալ Արցախի պետական ինստիտուտների զրոյացման ճանապարհով։ Իսկ սա այդ մեսիջներից մեկն էր, որով, ըստ էության մեսիջ են փոխանցում առ այն, որ իրենց համար այս ինստիտուտներն արդեն անցյալում են»,- կարծում է նա։

Հարցին, թե նման կերպ ՀՀ իշխանությունները չե՞ն ապալեգիտիմացնում Արցախի իշխանություններին և առհասարակ պետական ինստիտուտները՝ քաղաքագետը պատասխանեց, որ երբ ՀՀ իշխանությունները գնում են Արցախի պետական ինստիտուտների զրոյացման ճանապարհով, դրանով նախևառաջ ապալեգիտիմացվում են այս ինստիտուտները։ Նա նշեց, որ ուժեղ նախագահական կառավարման համակարգ ունեցող երկրում նախագահի ինստիուտն ամենակարևորներից մեկն է, որի ապալեգիտիմացման ճանապարհը հանգեցնում է ընդհանուր պետական համակարգի փլուզմանը։

Անդրադառնալով Արցախի նախագահի հարցազրույցի հիմնական ուղեձներին՝ մեր զրուցակիցն ափոսանք հայտնեց, որ այս հարցազրույցից ակնկալիքները շատ էին, սակայն կոնկրետ հարցերի վերաբերյալ կոնկրետ պատասխաններ չհնչեցին, չեղան գնահատականներ, ֆունդամենտալ նշանակության հարցադրումներ չարվեցին, չբարձրաձայնվեցին ապագայի վերաբերյալ թեզեր, կամ տեսություն, թե ինչպես են իրենք պատրաստվում շարժվել առաջ։ Նրա համոզմամբ՝ այս պահին սա Արցախի յուրաքանչյուր քաղաքացու համար կենսական նշանակության հարց է։

«Տպավորություն էր, որ փորձ է արվում բոլոր հարցերը շրջանցել, կամ դրանց համար նոր հասցեատերեր գտնել։ Կարծում եմ՝ այսպիսի պայմաններում ավելի լավ էր, որ այս հարցազրույցն առհասարակ չլիներ»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի