Ուղիղ եթեր
Խրիմյան Հայրիկի օրերից մեկը
copy image url

Խրիմյան Հայրիկի օրերից մեկը

Մշակույթ 1 տարի առաջ - 21:15 19-10-2023
Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկն ու Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը մտերիմ են եղել։ Թումանյանը հաճախ էր այցելում Հայոց Հայրիկին, զրույցի բռնվում։ Երկու մեծերի մտերմությունը ծագել էր սեփական ժողովրդի հանդեպ ունեցած մեծ նվիրումից և գաղափարական ընդհանրությունից։

Մի հայտնի լուսանկար կա, որի հեղինակը Հովհաննես Թումանյանն է։ Լուսանկարում Խրիմյան Հայրիկն է՝ Թումանյանի եղբոր ձիուն հեծած։



Թումանյանն իր ստեղծագործություններում հաճախ է անդրադարձել Հայոց Հայրիկի կերպարին։ Ահա մի հատված նրա «Խրիմյան Հայրիկի օրերից մինը» պատմվածքից։

«Մի պայծառ, գեղեցիկ առավոտ էր։ Մտա Թիֆլիսի առաջնորդարանը։ Նախասենյակում մի խումբ խնդրատուներ էին կանգնած։ Նրանց միջից մի ծերունի տիրացու, որ ճանաչում էր ինձ, առաջս կտրեց, խնդրեց, որ միջնորդեմ կաթողիկոսին իրեն օգնելու։ Խոստացա․ ներս գնացի։ Արևը լցվել էր սենյակը, ու Հայրիկը Աստվածաշունչի նահապետներից մեկի նման գահավորակին թիկնած ծխում էր։ Քեֆը լավ էր, ու դեմքն էլ պայծառ՝ օրվա նման։ Չգիտեմ ինչու քեֆի լավ ժամանակները նա սիրում էր ետ դառնալ, խոսել իր երիտասարդ ժամանակից, անցած օրերից, Վարագա կյանքից։ Սիրուն, սրտաշարժ պատմություններ էր անում զանազան մարդկանցից, որոնցից ոչ մեկից ես ոչ մի տեղեկություն չունեի։ Ես ինչքան ձանձրույթով էի լսում նրա ոտանավորները, այնքան և ավելի հետաքրքրությամբ լսում էի նրա տաղանդավոր զրույցները։

Պատմում էր, պատմում ու վերջը տխրությամբ ավելացնում․ «Ո՜վ գիտի, հիմա մեռեր են ամենքը…»։ Բայց ավելի շատ ծիծաղաշարժ բաներ էր պատմում ու այնպես դուրեկան, այնպես սրտալի ծիծաղում, որ միայն Հայրիկին էր հատուկ։

Այն օրը, որ ասում եմ, շատ զվարթ տրամադրություն ուներ։ Նա առհասարակ շատ էր բաց պահում իր դուռը։ Քիչ կպատահեր, որ մարդու մերժեր՝ ներս չթողներ։ Պատվիրել էր, որ խնդրատուներին ներս թողնեին առանց արգելքի։ Խոսելու ժամանակ մին էլ տեսանք՝ մի փոքրիկ, այսպես 10-11 տարեկան գիմնազիստ ներս մտավ, գլուխն արագ տմբացրեց, չարաճճի գլուխ տվեց ու դիք կանգնեց դռան տակին։

Հայրիկի քեֆն ավելի բացվեց։

— Օ՜հ, բարով եկար,— ասավ,— ի՞նչ կուզես։
— Հայրի՛կ, ինձ ուսումնարանից դուրս են անում։
— Քեզի, ուսումնարանեն դուրս կանե՞ն։
— Այո՛, Հայրի՛կ։
— Ինչպե՞ս կարելի է, որ քեզի դուրս անեն։
— Դուրս են անում, Հայրի՛կ։
— Ո՞վ է դուրս անում։
— Դիրեկտորը։
— Ինչու՞։
— Ասում է՝ փողը բեր։
— Է՛հ, դու ալ չունի՞ս։
— Չէ՛, Հայրիկ, իմ հայրը մեռած է, մայրս․․․— երեխան սկսեց իր պատմությունը։
— Մոտ եկ, տեսնեմ։
Երեխան մոտեցավ։
— Է՛հ, հետո լավ կսովորի՞ս դասերդ։
— Լավ եմ սովորում, Հայրիկ,— և երեխան նորից սկսեց մի պատմություն, թե ինքն ինչ առարկայից ինչ է ստացել և այլն։
— Լա՛վ, լա՛վ, դու ալ Հայրիկի պես շատախոս եղեր ես։ Հապա չըսի՞ր, որ կերթամ Հայրիկին կըսեմ։
— Ասեցի, Հայրիկ։
— Լավ ըրեր ես։ Ինչքա՞ն կուզեն։



Չեմ հիշում ինչքան ասավ երեխան, Հայրիկը ձեռքը տարավ կողքին դրած բանի տակը, փողը հանեց, տվեց իրեն ու զանգահարեց։ Ներս մտավ վարդապետը։

— Ծո՛, տարեք նշանակեցեք, որ ասոր ուսման վճարը Հայրիկը պիտի տա, որ դիրեկտոր ալ չարձակի ուսումնարանեն․․․ 

Սրան տարան։ Ներս մտավ մի գաղթական կին, սևերում փաթաթված։

— Հայրի՛կ, ամուսինս սպանվեց կոտորածին, հինգ երեխայով մնացեր եմ դռները․․․
— Հա՛, խեղճ կին, այնպես ժամանակներ են, որ տղամարդիկ ալ հազիվ իրենց տունը կպահեն, դու մի խեղճ կնիկ, ինչպե՞ս պիտի պահես ատքան երեխաները։

Կրկին ձեռքը տարավ կողքին դրած բանի տակը, հանեց սրան էլ փող տվեց․ ճամփա դրավ։

Ներս մտավ իմ ծանոթ ծերունի տիրացուն։

— Հայրիկ, 40 տարի Ս․ Մինասի եկեղեցում, սուրբ տաճարում ծառայել եմ աստծուն, այժմ քաղցած եմ․․․

— Անխելք մարդ,— ընդհատեց Հայրիկը,— քեզի ո՞վ ըսավ 40 տարի աստծուն ծառայես, որ այսօր քաղցած մնաս, 40 տարի եթե մի վաճառականի ծառայեիր, այսօր կուշտ պիտի ըլլայիր․․․— ու սկսեց ծիծաղել։— Է՛հ, աղեկ, կհոգանք։

Կրկին ձեռքը տարավ կողքի բանի տակից փող հանեց, տվեց իրեն ու զանգահարեց։ Եկան։

— Ծո՛, տարեք, ըսեք ասոր թոշակ կապեն։

Եվ այսպես ամբողջ օրը»։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ