copy image url
Մշակույթ Ավելին 1 տարի առաջ - 20:58 09-06-2022

Խրիմյան Հայրիկը, Կոմիտասն ու նրա՝ Բեռլինից բերած դաշնամուրը

Կարինե Խրիմյանը Խրիմյան Հայրիկի թոռն էր և պրոֆեսոր Խորեն Խրիմյանի դուստրը։ Մանկության տարիներին Էջմիածնում Խրիմյան Հայրիկի կարգադրությամբ և խնդրանքով Կարինեին ու քրոջը երաժշտության դասեր է տվել Կոմիտասը։ Նա շաբաթը երկու անգամ գնացել է Խրիմյանների տուն, պարապել իր դասաժամը, այնուհետև ճաշել է նրանց տանը, հետո բակում հավաքվել են հարևանների երեխաները, որոնց հետ Կոմիտասը երգի-պարի միջոցով խաղեր է կազմակերպել։ Կարինեն պատմում է, որ ժամանակի ընթացքում իրենց` երկու քույրերի դասերը կամաց-կամաց վերածվել են երաժշտության մեծ խմբակի։ Հարևան երեխաների հետ միասին Կոմիտասը փոքրիկ համերգներ է կազմակերպել Խրիմյանների այգում։

1896-ին, երբ Կոմիտասը մեկնել է Բեռլին՝ սովորելու, Խորեն Խրիմյանը գումար է տվել նրան ու խնդրել հետ գալիս Բեռլինից դաշնամուր գնել ու բերել աղջիկներին։

Հետագայում Կարինեն հիշում է, որ 1899-ի ամռանը, երբ նրանք Բյուրականի իրենց ամառանոցում էին, պապը` Խրիմյան Հայրիկը, Կոմիտասի վերադարձի լուրին էր անհամբեր սպասում ու շատ անհանգիստ էր նրա ուշանալու համար։
Նման օրերից մի օր, երբ Խրիմյանը այգու ծառերի տակ խմում էր առավոտյան սուրճը, հանկարծ իր հզոր ձայնով կանչում է աղջիկներին.
«Աղջկերք, կես ժամե ի վեր ականջիս երգ ու երաժշտության ձայներ կուգան, սա ցնո՞րք է, թե իրականություն»։

Բոլորը լարում են լսողությունը և իրոք լսում են երգի ու ծիծաղի ձայներ։ Աղջիկները վազում են դեպի ձայնի կողմը ու տեսնում մի բլրի վրա կանգ առած սայլ, որի վրա նստած էր իրենց հայրը` Խորեն Խրիմյանը, նկարիչներ Եղիշե Թադևոսյանը ու Փանոս Թերլեմեզյանը, իսկ մեջտեղում` Բեռլինից բերած դաշնամուրն է, որի առջև նստած նվագում ու երգում է Կոմիտասը.

Առտուն կանուխ թե ելնենք
Քաղցր վաստակը դաշտին,
Զվարթ ըլլանք ու երգենք
Գեղջուկ երգերը մերին..

Այնուհետև սայլը մոտենում է ամառանոցին, Խրիմյան Հայրիկը, ողջագուրվելով Կոմիտասի հետ, ասում է. «Իզուր չէ, որ Հայրիկի բացառիկ սիրույն և գուրգուրանքին արժանացած ես, տարիներ առաջ տված խոստումդ այսօր արդեն կատարեցիր...»։

Հետո տոնական սեղան են բացում, հեռու ու մոտ հարազատներով հավաքվում են ու նշում Կոմիտասի գալուստը։ Խրիմյան Հայրիկը, տեսնելով Կոմիտասի նիհարած վիճակը, կատակով ասում է. «Ծո, տնաշե՛ն, ինչո՞ւ այդպես խառղա-ղուշ (ագռավ) ես դարձեր, ըսե տեսնեմ` գերմանուհի՞ մը սիրտդ գողցավ, թե սնունդդ կարճ էր... Եթե առաջինն էր պատճառը, թող հետդ բերեիր, իսկ եթե երկրորդը` թող Խորենին քեզ պահ տված դաշնամուրի դրամը ուտեիր... Խորենի դաշնամուրը քու թանկագին կյանքիդ վեր չէր, և դուն աղեկ գիտեիր, որ երկու պարագային ալ Հայրիկը ներողամիտ պիտի ըլլար քեզի... դու անոր սիրտը աղեկ կճանչնայիր...»։

Կոմիտասը հպարտ ու ուրախ պատասխանում է. «Վեհափառ Հայրիկին խոստովանիմ, որ երեք տարի Խորեն էֆենդիի դրամը սրտիս մոտիկ պահելով հանդերձ` հասա այսօրվա հաջողությանս... Թող երկար կյանք ունենան Խրիմյան հարազատներս, խառղան շուտ կճլտորի (կկազդուրվի) իր հայրենի օջախի մեջ»։

Այնուհետև համբուրելով Խրիմյան Հայրիկի աջը՝ Կոմիտասն ավարտում է խոսքը. «Հայրենիքի անհուն կարոտիս մեջ օտար հոգիները չէին կրնար երբեք պղտորել իմ հոգին...»։

Ամենից շատ դիտված

11:30 Ինչպես է Աննա Հակոբյանը գնացքով մեկնել Գյումրի
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
11:59 Կարմիր բերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում «Երևան մոլ»-ի մոտ
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
09:00 Փողոցային ցույցերը կարո՞ղ են հեղափոխության վերաճել