Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Ներքին Ավելին 6 ամիս առաջ - 09:40 19-10-2023

Իրանի ոչ ուղիղ ներքաշումը պատերազմի մեջ կարող է անգամ ձեռնտու լինել արևմուտքին

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հոկտեմբերի 17-ի երեկոյան երեկոյան Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի նկատմամբ օդային հարձակում է իրականացվել, որի հետևանքով զոհերի և վիրավորների թիվը նախնական տվյալներով գերազնցում է 1000-ը։ Հիվանդանոցը միևնույն ժամանակ խաղաղ բնակչության համար ծառայել է որպես ապաստարան, որն էլ հանգեցրել է նման մեծ թվով զոհերի ու վիրավորների։

Հարձակման համար Պաղեստինը և իսլամադավան մյուս երկրները մեղադրում են Իսրայելին, մինչդեռ այդ երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուն անձամբ է հերքել այդ մեղադրանքները՝ նշելով, որ պայթյունն ահաբեկիչների ձեռքի գործն է։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց՝ փաստեր չկան, որ հարձակումն Իսրայելն է իրականացրել, ինչպես նաև փաստեր չկան, որոնք դա կհերքեն, ուստի դժվար է ասել, թե որ կողմն է հարձակումն իրականացրել։

Հարցին, թե Իսրայելի շահերից բխո՞ւմ էր քաղաքացիական օբյեկտի նկատմամբ նման հարձակում իրականացնել՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ եթե դա Իսրայելն է իրականացրել, ապա դա կարող էր լինել ի պատասխան պաղեստինցիների կողմից փառատոնի ժամանակ կատարված հարվածին։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ Իսրայելի արևմտյան դաշնակիցները հակամարտությունում Իրանին ուղղակի մասնակցության վերաբերյալ ապացույցներ բացակայության վերաբերյալ հայտարարություններ հնչեցնելով փորձում են կանխել Իրանի հետ պատերազմը, քանի որ չեն կարողանա վերջինիս դիմագրավել, Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ նման հայտարարությունները, հավանաբար, տեղի ունեցող զարգացումներին ավելի լայն աշխարհաքաղաքական ենթատեքստ չհաղորդելու միտում ունեն։ Նրա համոզմամբ՝ նման կերպ փորձում են նվազագույնի հասցնել իրավիճակի կառավարելիությունը կորցնելու ռիսկերը։

«Բնականաբար Իրանի ուղիղ միջամտությունն անհետևանք չի մնալու, այլ դերակատարներ ևս ներքաշվելու են պատերազմի մեջ, ինչը բավականին մեծ ռիսկ է պարունակում ընդհանրապես կառավարելիությունը կորցնելու և շատ ավելի գլոբալ խնդիրների բախվելու տեսանկյունից։ Խնդիրն այստեղ է թաքնված, ոչ թե ցանկանում են հենց Իրանին չներքաշել հակամարտության մեջ»,- կարծում է նա։

Ղևոնդյանը շեշտում է, որ Իրանի ոչ ուղիղ ներքաշումը որոշակի առումով կարող է ձեռնտու լինել արևմուտքի համար։ Նրա համոզմամբ՝ այդ պարագայում հնավոր կլինի Թեհրանի հետ բանակցություններում որոշակի դիվիդենտներ քաղելու փորձեր կատարել՝ հաշվի առնելով, որ Իրանի հետ համագործակցելու որոշ փորձեր են նկատվում․

«Ընդամենը օրեր առաջ Իրանից սառեցված հաշիվներից բավականին մեծ գումար արգելաբացվեց, ինչը ցույց է տալիս, որ այնուամենայնիվ հավաքական արևմուտքում Իրանի հետ համագործակցության գնալու կամք կա։ Իրանի ներքաշվելու դեպքում հնարավոր կլինի բանակցությունների ընթացքում ավելի մեծ ճնշում գործադրել և ավելի մեծ դիվիդենտներ քաղել»,- նկատեց նա։

Հարցին, թե ո՞ր դերակատարների շահերից է բխում, որ Գազայի դեպքերն ավելի լայնամասշտաբ պատերազմի վերածվեն՝ մեր զրուցակիցը պատասխանեց՝ առաջին հերթին դա բխում է Ռուսաստանի շահերից, քանի որ ուշադրությունը մեծ չափով կշեղվի Ուկրաինայից, իսկ իրենք այնտեղ լուրջ խնդիրներ ունեն։ Բացի այդ քաղաքագետը կարծում է, որ դա կարող է բխել Թուրքիայի շահերից, որն այդ տարածաշրջանում իր հետաքրքրություններն ունի և նրան ձեռնտու կլինի, որ տարածաշրջանային գլխավոր դերակատարները որոշ դիրքեր կորցնեն, իսկ ավելի մեծ պայքարի դեպքում, բնականաբար, դերակատարները ռեսուրսներ ու ժամանակ են ծախսելու։

«Հավանաբար չի բխում նաև արևմուտքի շահերից, թեև խնդրի ամբողջական կարգավորումը նույնպես որոշակի չափով չի բխում, որովհետև նրանք կառավարում են այս հակամարտությունը, իսկ ավելի մեծացումը կարող է հանգեցնել կառավարելության կորստի։ Դա ընդհանրապես ձեռնտու չէ արևմուտքին»,- ասաց նա։

Մեր հարցին, թե հակամարտության աշխարհագրության ընդլայնումը ի՞նչ վտանգներ է պարունակում Հարավային Կովկասի տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի համար՝ Ղևոնդյանը նշեց, որ հիմնական վտանգը կապված է պատերազմական գործողություններում Իրանի ուղիղ ներքաշման հետ, քանի որ այդ դեպքում բավականին լուրջ զարգացումներ կարող են տեղի ունենալ, որոնք բազմաթիվ հետևանքների կհանգեցնեն։ Նա չի կարծում, որ այդ հետևանքների մեջ Հայաստանի համար կարող է լավ սցենար լինել, ուստի, ամեն դեպքում, Իրանի ներքաշումը Հայաստանի համար բացասական է։

Ղևոնդյանը հավելեց, որ ևս մեկ խնդիր է հայ-ադրբեջանական բանակցությունների նկատմամբ միջազգային հանրության ուշադրության նվազումը, սակայն այստեղ Հայաստանի դիվանագիտությունը անելիք ունի, որպեսզի դա թույլ չտա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի